Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում 14 մլն ԱՄՆ դոլարի չափով կաշա՞ռք…4000 դրամի համար մարդ է դատապարտվել՝ երեխաներին սննդամթերք հասցնելու համար. Վահե Գրիգորյանի զարմանքը

Դեկտեմբեր 03,2018 22:50

Այսօր «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը ԱԺ ընտրություններից ընդառաջ քաղհասարակության օրակարգը թեմայով հանրային քննարկում էր կազմակերպել ԵՊՀ-ում:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանը խոսեց կրթական ոլորտի կուսակցականացման մասին, թե ինչպես են ընտրությունների ժամանակ նախկինում օգտագործվել դպրոցները, կրթական օջախները՝ իրենց տնօրեններով ու աշխատակազմով. «10 տարի դպրոցի տնօրեններին հարցրել եմ՝ էս մարդու նկարը ինչի՞ եք ձեր պատին ճպպցրել, 10 տարի պատասխան չեմ ստացել: Ոմանք ասում են՝ նախարարի հրաման է, ասում եմ՝ մի հատ ցույց կտա՞ք էդ հրամանը, բա՝ հեսա գտնենք ու 10 տարի չեն գտել: Ավելի խորամանկներն ասում էին՝ օրենքով է պահանջվում, դա ազգային արժեք է: Անցած տարի նախարարին հարցում ուղարկեցի՝ կա՞ իրավական ակտ, որով դպրոցի պատին խրախուսվում է որեւէ պաշտոնյայի նկար դնելը: Մարդը պատասխանեց, որ չկա նման ակտ: Դպրոցները կուսակցականացված էին: 2012-ին ՀՀ խոշոր 20 քաղաքների բոլոր պետական դպրոցների տնօրեններին ենք զանգել ու հարցրել, թե որ կուսակցության անդամ են իրենք, 70 տոկոսը պատասխանել է, որ իշխող կուսակցության անդամ են: Մեղրիում ֆանտաստիկ դեպք ունեցանք՝ կուսակցության ժողով դպրոցում: ԶԼՄ-ներ էին փակվում, թարս բան էիր խոսում՝ եթեր չէին տալիս…ՀՌԱՀ-ի խայտառակ գործունեությունը»:

Բարսեղյանը հիշեցրեց, որ ապրել ենք «միակ ճշմարիտի» կառավարման տակ ու այդ «ճշմարտությունը» թելադրվել է Բաղրամյան 26-ից:

Լեւոն Բարսեղյանն ասաց, որ նոր խորհրդարանից սպասում է, որ քաղաքական գնահատական տրվի. «ԱԺ-ն պարտավոր է հանրային քննարկումների ու հանրային բանավեճի դուռ բացել, քննարկել տեղի ունեցածը: Պետք է քննարկվի, թե ինչ ենք մենք ունեցել նախկինում՝ եղե՞լ է պետության զավթում, թե՞ չի եղել: Ինչ-որ իրավական ակտով պետք է լինի քաղաքական գնահատական, պետք է լինի անցումային արդարադատություն, այդ համատեքստում կամ այդ համատեքստից դուրս լյուստրացիա: Կոշտ, թե փափուկ՝ քննարկման հարց է, ես հակված եմ կոշտին: Պետք է կոռուպցիայի դեմ իրական պայքար, դա պիտի ներառի իրական սեփականատերերի բացահայտման իրական մեխանիզմ»:

Փաստաբան Վահե Գրիգորյանը խոսեց Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդման մասին: Մենք հետաքրքրվեցինք՝ նախընտրական այս շրջանում ինչքանո՞վ էր ճիշտ նման գործի մասին բարձրաձայնելը, արդյո՞ք դա ավելի շահարկումների տեղիք չի տա՝ Վահե Գրիգորյանը պատասխանեց, որ եթե 2 ամիս առաջ էլ բարձրաձայնեին, էլի հարցեր էին առաջանալու, բացի այդ, դեռ համարժեք ռեակցիա էլ չի առաջացել: Վահե Գրիգորյանն իր զարմանքը արտահայտեց՝ «Հայաստանի Հանրապետությունում 14 մլն ԱՄՆ դոլարի չափով կաշա՞ռք… Հայաստանում 4000 դրամի համար մարդ է դատապարտվել՝ երեխաներին սննդամթերք հասցնելու նպատակով գողություն անելու մեղադրանքով: Ու ես չգիտեմ, եթե Արամ Հարությունյանի գործի մասին կես տարի առաջ էլ հայտարարվեր՝ արդյո՞ք մինչեւ հիմա դա քննարկման առարկա չէր լինի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31