Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերջին 3-4 ամսվա ընթացքում ձեռքբերումները ես նույնիսկ չեմ համեմատի անցած 10,5 տարիների հետ». Վահե Գրիգորյանը՝ Մարտի 1-ի գործից

Դեկտեմբեր 03,2018 21:40

Այսօր «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը «Քաղաքացիական հասարակության օրակարգը ԱԺ ընտրություններից ընդառաջ» թեմայով հանրային քննարկում էր կազմակերպել ԵՊՀ-ում:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ասաց, որ քաղաքացիական հասարակությունը առաջիկա ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի առջեւ պետք է այն խնդիրները բարձրացնի, որոնք կարեւոր են ՀՀ հետագա զարգացման համար: Նա ընդգծեց իշխանության լծակների, հակակշիռների կարեւորությունը:

Փաստաբան Վահե Գրիգորյանը խոսեց անցումային արդարադատության մասին: Նա ասաց, որ օրինակ, գործադիր իշխանության կամ այլ իշխանական մարմիններում այսպես կոչված ֆիլտրեր կարող են ներդնել, ստուգման համակարգ, որով նախկինում կոռուպցիոն ներգրավվածություն ունեցող անձանց պետական իշխանական լծակներից հեռու կպահեն: Որոշ պետություններ կիրառում են նաեւ լյուստրացիայի մեխանիզմը, որը համայնքների, մարդկանց խմբերի նկատմամբ սահմանափակումներ դնելով՝ պետությունը կոռուպցիոն ներգրավվածություն ունեցող անձանցից հեռու պահելու փորձ է:

Վահե Գրիգորյանն ասաց, որ մենք հիմա խնդիր ունենք 10 տարի առաջվա իրադարձությունների հետ կապված ու այն, ինչ լուծում ենք համարում, լուծում չէ, նոր խնդիրներ են հարուցվում: Մասնավորապես, խնդիրներ ունենք նախկինում կայացված դատական ակտերի հետ կապված՝ նախկինում քաղաքական հայացքների համար դատապարտված անձանց իրավունքների վերականգնման, սպանված քաղաքացիների  գործի արդյունավետ քննության ապահովման հետ կապված. «Եթե հաշվի առնենք դատական համակարգերի ուղղակի ներգրավվածությունը նախկինում քաղաքական նպատակաուղղվածությամբ գործերը քննելու գործելաոճի հետ, ես ձեզ կարող եմ վստահեցնել, որ սա շատ անհույս ճանապարհ է: Արդյո՞ք պիտի ձեւավորվեն նոր մարմիններ՝ դեռ քննարկումների հարց է: Անցումային արդարադատությունը մոտակա շրջանում ամենաքննարկվող ու առաջնային խնդիրներից մեկն է լինելու»:

Վահե Գրիգորյանը Արամ Հարությունյանի հետ կապված օրինակը բերեց՝ ասելով. «Գլխավոր դատախազությունը բացահայտել է խոշոր կոռուպցիոն գործարք, համենայնդեպս, քրեական հետապնդում է ներկայիս բարձրաստիճան պաշտոնյայի նկատմամբ եւ ես կարծում եմ, որ սա դեռ սկիզբն է: Մենք չենք էլ նկատելու, թե ինչպես ենք քրեական հետապնդման մարմիններին թեկուզ օրենքի շրջանակներում, իրավունքի շրջանակներում դարձնելու ռեպրեսիվ մի մեխանիզմ»:

Ըստ Վահե Գրիգորյանի, պետք է փափուկ միջոցներ ներդնել՝ այս խնդրին լուծում տալու համար, որն ավելի արդյունավետ կգործի: Անցումային արդարադատությունը պետք է՝ տուժողների իրավունքների վերականգնման եւ ճշմարտության արձանագրման համար:

Քննարկման մասնակիցներից մեկը հարցրեց՝ հնարավո՞ր է անցումային արդարադատությունն իրականացնել անցնում: Սաքունցը պատասխանեց՝ միակ տեղը, որտեղ ցնցում չկա, գերեզմանն է: Վահե Գրիգորյանն ասաց, որ անգամ ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետի դասախոսներն այնպիսի տեսակետներ են հայտնում անցումային արդարադատության մասին, որ պարզ է դառնում՝ չգիտեն ինչ է դա: Ուսանողները հետաքրքրվեցին՝ մասնագետներ կա՞ն մեր երկրում գործարկելու անցումային արդարադատությունը: Վահե Գրիգորյանը պատասխանեց, որ այո, փորձագետներ կան:

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետից մի ուսանող հետաքրքրվեց՝ Մարտի 1-ի գործը ե՞րբ կբացահայտվի: Վահե Գրիգորյանը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել, թե Մարտի 1-ի գործը երբ կբացահայտվի: Անցած 10,5 տարիների ընթացքում այս գործով միակ բանը, որ ասում էին իրավապահ մարմինները, դա այն էր, որ իրենք ի վիճակի չեն բացահայտելու: Ասում էին, թե տուժողները չեն գալիս ցուցմունք տալու: Վերջին 3-4 ամսվա ընթացքում ձեռքբերումներն ու առաջընթացը ես նույնիսկ չեմ համեմատի անցած 10,5 տարիների հետ: Ակնհայտ է, որ բարձր արագությամբ նորանոր հանգամանքներ բացահայտելով է ընթանում այս գործի քննությունը: Ես հավատում եմ, որ մի օր դա բացահայտվելու է: Արդեն գործը քննվում է այն ուղղությամբ, որ նախաքննության մարմնի առաջին ղեկավարը փաստացի ապացույցներ է կեղծել: Ես չեմ կարծում, որ անցած տարիների քննված գործը եւ ձեռք բերված ապացույցները մեզ ճիշտ ուղղությամբ են տարել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31