Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Ջուլֆալակյան. «Գագիկ Ծառուկյանի խնդրանքով հինգ տարի առաջ ավագանու ընտրություններին մասնակցեցի «Բարգավաճ Հայաստանից»

Դեկտեմբեր 03,2018 20:40

Այսօրվա ասուլիսում «Իմ քայլը» դաշինքից ԱԺ արտահերթ ընտրությունների պատգամավորության թեկնածու Արսեն Ջուլֆալակյանին հարց ուղղվեց, թե հինգ տարի առաջ Երեւանի ավագանու ընտրություններին ինքը մասնակցում էր «Բարգավաճ Հայաստանից, հետեւաբար ի՞նչն է պատճառը, որ հիմա «Իմ քայլի» թեկնածու է:

Արսեն Ջուլֆալակյանը պատասխանեց. «Հասարակության մեջ կարծիք կա, թե եթե մարզիկ ես, պետք է լինես «Բարգավաճ Հայաստանի» հետ: Դա այդպես չի: Սպորտը մի բան է, քաղաքականությունը՝ մեկ այլ բան: Կա գաղափարների ու մոտեցումների տարբերություն: Ուզում եմ մեր քաղաքացիները հասկանան, որ եթե մարզիկը ակտիվ է քաղաքականությունում, ապա պետք է հարի «Բարգավաճ Հայաստանի» քաղաքական գծին: Ճիշտ է, 2013 թ. ավագանու ընտրությունների ժամանակ  Գագիկ Ծառուկյանը խնդրեց եւ առաջարկեց, որ մասնակցեմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ միասին: Մեր անձնական զրույցի ժամանակ միանգամից ասացի, որ բացարձակ հետաքրքրված ու շահագրգռված չեմ այդ առաջարկով, բայց հարգելով զուտ Գագիկ Ծառուկյանի անձը եւ այդքան ժամանակ ունեցած աջակցությունը սպորտին՝ համաձայնեցի պայմանով, որ չեմ մտնի կուսակցություն, որովհետեւ չեմ կիսում այդ կուսակցության գաղափարախոսությունը եւ քաղաքականությունը: Հիմա չեմ քննարկում դրանք լավն են, թե վատը: Մենք միմյանց շատ լավ հասկացանք: Պարոն Ծառուկյանը իրավիճակը շատ լավ պատկերացրեց: Մեր զրույցը սահմանափակվեց նրանով, որ նա ասաց շնորհակալ եմ Արսեն ջան, ինձ այս պահին պետք է, շնորհակալություն, որ ընդառաջեցիր եւ համաձայնեցիր: Բայց կրկնում եմ, եղել է զուտ անձնական հարգանքից ելնելով: Չի եղել ոչ մի անձնական հետաքրքրություն, որովհետեւ այդ ժամանակ ես ամենայն լրջությամբ պատրաստվում է Ռիոյի օլիմպիական խաղերին եւ նպատակ ունեի առնվազն մեդալ նվաճել: Իսկ քարոզարշավի ավարտից անմիջապես հետո դիմում գրեցի եւ դուրս եկա: Կարելի է ասել, ինչ-որ առումով ըմբշամարտի կողմից շնորհակալություն եմ հայտնել պարոն Ծառուկյանին մարզաշխարհում իր ունեցած ավանդի, ներդրման, աջակցության համար»:

Aravot.am-ի հարցին, թե քաղաքական դաշտ մտնելուց առաջ խորհրդակցե՞լ է հայրիկի՝ Լեւոն Ջուլֆալակյանի հետ, որը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչն է, Արսեն Ջուլֆալակյանը պատասխանեց. «Չեք պատկերացնի, թե բազմաթիվ ոլորտներից քանի հոգու հետ եմ խորհրդակցել: Բնականաբար, նաեւ հորս, որը իմ սպորտային մասնագիտության ղեկավարն է, կնոջս, մորս, եղբորս, ընկերներիս, որոնք գիտեն իմ կարողությունները սպորտում եւ սպորտից դուրս: Հիմնական մտավախությունը եղել է այն, որ սպորտը չտուժի քաղաքական գործունեությունից: Ունենալով ուսումը եւ այլ բնագավառներում իմ գործունեությունը սպորտի հետ գերազանց համատեղելու փորձը՝ եկանք եզրահանգման, որ կարելի է Ազգային ժողովում եւ սպորտում իմ գործունեությունը համատեղել: Մանավանդ, որ օլիմպիական խաղերին մնացել է ընդամենը մեկուկես տարի: Պետք է գերծանրաբեռնված աշխատեմ: Չեմ բացառում նաեւ, որ մինչեւ օլիմպիական խաղերը վարկանիշ ձեռք բերեմ ու ամեն ինչ մտնի բնականոն հուն»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31