Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Ջուլֆալակյան. «Մարզիկը պետք է առողջական ապահովագրություն ունենա, այլ ոչ թե վնասվածքի դեպքում դիմի միջնորդներին, դիմումներ գրի կամ խնդրի»

Դեկտեմբեր 03,2018 19:12

Պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե ԱԺ ընտրություններում հաջողության հասնելու դեպքում ինքը որպես պատգամավոր օրենսդրական գործունեություն ծավալելիս իրեն ավելի շատ սպորտի՞ ոլորտում է տեսնում, թե դիվանագիտության, «Իմ քայլը» դաշինքից պատգամավորության թեկնածու Արսեն Ջուլֆալակյանն ասաց. «Ճիշտ դիտարկում է: Ես մարզիկ եմ եւ միջազգայնագետ: Երկուսով էլ հավասարաչափ հետաքրքրված եմ ու ինձ հավասարապես տեսնում եմ եւ արտաքին հարաբերությունների, թե սպորտի հանձնաժողովում: Իսկ թե որտե՞ղ կհայտնվեմ, ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո կպարզվի մեր քաղաքական թիմի ներսում քննարկելուց հետո: Բայց պարզ է, որ որտեղ էլ լինեմ, սպորտն աչքաթող անել չեմ կարող: Կոնկրետ սպորտում մի քանի օրինագծեր կան, որոնք ընտրվելու դեպքում պետք է հնարավորինս սեղմ ժամկետներում կյանքի կոչել:

Օրինակ, մարզիկների առողջական ապահովագրությունը, որը, ցավոք, չկա եւ լուրջ խնդիր է բոլոր մարզիկների համար: Գիտեք, որ սպորտը վնասվածքների տեսանկյունից վտանգավոր է: Ամեն պահի մարզիկը կարող է վնասվածք ստանալ եւ բուժվելու համար ֆինանսական խնդիրների պատճառով կարող է վերջ տալ մարզական կարիերային: Պարտադիր ապահովագրությունը, որը կա աշխարհի բազմաթիվ զարգացած երկրներում, այդ խնդիրը դուրս կբերի:

Կարծում եմ, ճիշտ չէ ամեն մարզիկի համար անհատապես դիմել: Ցանկացած առողջական խնդրի դեպքում բուժումը պետք է կազմակերպվի առանց միջնորդների, դիմումների եւ խնդրանքների: Մյուսը, որի մասին առաջներում էլ բազմիցս արտահայտվել եմ, մարզիկների ստաժ կոչվածն է: Տեսեք, մարզիկը 10-11 տարեկանից զբաղվում է սպորտով, 16-17 տարեկանից ընդգրկվում ազգային հավաքական եւ մեծամասամբ մինչեւ 30 տարեկանը Հայաստանը ներկայացնում է աշխարհին, ճանաչում ու հեղինակություն բերում: Բայց երբ թողնում է պրոֆեսիոնալ սպորտը, ունենում է զրո ստաժ:

Պետք է մշակել մի օրինագիծ, որով հավաքականի անդամ մարզիկիները, կախված նրանից՝ քանի տարի են եղել ազգային հավաքականում, պետք է ունենան ինչ-որ ստաժ, որը հաշվվի թոշակի գնալիս: Հաջորդը օլիմպիական մրցանակակիրների եւ աշխարհի չեմպիոնների ցմահ թոշակներն են, որոնք կան եւ սահմանվել են հեռավոր 90-ական թվականներին: Դրանք այսօր սիմվոլիկ գումարներ են՝ 100 հազար եւ 50 հազար դրամ: Սա շատ փոքր թիվ է՝ հաշվի առնելով, թե այսօր Հայաստանում բնակվող օլիմպիական եւ աշխարհի քանի չեմպիոն ունենք: Այդ թոշակները պետք է վերանայվեն եւ բարձրացվեն:

Կարծում եմ՝ նպատակահարմար կլինի նաեւ օլիմպիական մրցանակակիրների համար էլ թոշակ սահմանել, որոնք նույնպես շատ չեն եւ դա պետբյուջեի վրա լրացուցիչ մեծ ծախս չի լինի: Պակաս կարեւոր չէ նաեւ հավաքների ժամանակ մարզիկներին օրավճարով հատկացվող գումարի չափը: Կրկին 90-ականների վերջին սահմանված 9800 դրամը, որով մարզիկը հավաքի ժամանակ պետք է ապրի, սնվի, մարզվի, վստահաբար եմ ասում՝ բացարձակ չի համապատասխանում այն գներին եւ պահանջներին, որոնք գոյություն ունեն այսօր: Խնդիրները շատ են, բայց այս թվարկածներս պետք է հնարավորին կարճ ժամանակում բարեփոխել»:

Ճշտող հարցին, թե մարզական ստաժ սահմանելը վերաբերում է միայն օլիմպիակա՞ն, թե ընդհանրապես բոլոր մարզաձեւերին, Արսեն Ջուլֆալակյանը պատասխանեց, թե ինքը հիմա խոսում է միայն օլիմպիական մարզաձեւերի մասին: «Իսկ երբ պետությունն ավելի մեծ հնարավորություն ունենա, կարելի է ընդգրկել նաեւ ոչ օլիմպիական մարզաձեւերը»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31