Լրահոս
Օրվա լրահոսը

Իտալիայի մեծ կտորը Հայաստանում

Դեկտեմբեր 03,2018 18:55

Հայաստանի ազգային պատկերասրահը դեկտեմբերի 5-ին դռները կբացի հայ արվեստասերների առջև: Հայաստանում կներկայացվի Արիչչա քաղաքի Պալացցո Կիջջի թանգարանում պահվող 55 բարձրարվեստ նմուշներ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանը: Վերջինիս խոսքով՝ այս քանակությամբ բարձրանմուշ կտավների ցուցադրությունն աննախադեպ է:

Գալստյանը ընդգծեց նաև, որ Հայաստանն ու Իտալիան ունեցել են սերտ կապեր և մեր մշակույթը զուգահեռ է զարգացել. «Հռոմեական բարոկկոյի կտավները շատ դժվարությամբ են դուրս բերվում Հռոմից, բայց մենք կարողացանք քիչ ֆինանսական միջոցներով ցուցահանդեսը բերել Հայաստան»,-ավելացրեց նա:

Տեղի ունեցած պրեսս-լանչին ներկա էին նաև Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոն և Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը: Լրագրողի հարցին՝ ցուցահանդեսում, մասնավորապես ինչպիսի աշխատանքներ են ցուցադրված լինելու, դեսպանը պատասխանեց. «Լինելու են հայտնի դեմքերի պատկերներ, մասնավորապես Հռոմի պապի դիմանկարը, որը եղել է նաև Կիջջի պալատի տերը: Ցուցադրված են լինելու  նաև նմուշներ, որոնք ներկայացնում են սրբերի»:

Վինչենցո դել Մոնակոն, խոսելով ցուցահանդեսի կարևորության մասին, ասաց. «Երբ ինձ այստեղ դեսպան էին նշանակում, ես գիտեի, որ մշակույթն այն հենասյուներից է, որի վրա ես պետք է շեշտադրում անեմ և այդպիսով ավելի ամրապնդեմ հայ-իտալական հարաբերությունները: Ես նաև շատ ուրախ կլինեմ օգնել այստեղի իշխանություններին Հռոմում հայկական ցուցադրություն կազմակերպելու հարցով»:

Ըստ դեսպանի՝ մշակույթը բերում է փոխադարձ ծանոթությունների:

Պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը, խոսելով ցուցահանդեսից սպասվող իր ակնկալիքներից, ասաց. «Պատկերասրահը պահելու ամբողջ բեռը չպետք է պետության վրա լինի: Լավ ծրագրերով մենք պետք է ամեն ինչ անենք, որ թանգարանը զարգանա և կարծում եմ, որ այս ցուցահանդեսը ևս մեծ հաջողություններ կբերի պատկերասրահին»:

Հանդիպման վերջում, դեսպանն ընդգծեց նաև, որ սա հնարավորություն է ապագա սերնդին ներկայացնել իտալական արվեստը:

Մանե ԳԱՍՊԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31