«Դեղին բաճկոններ» շարժման ցույցերի ժամանակ լուրջ վնասվածքներ է ստացել Փարիզի խորհրդանիշներից մեկը՝ Հաղթանակի կամարը: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի հուշարձանների պաշտպանության ազգային գերատեսչության ղեկավար Ֆիլիպ Բելավելը:
Պաշտոնյայի խոսքով՝ բարբարոսների մի խմբի հաջողվել է մուտք գործել Հաղթանակի կամարի թանգարանային շենք, որտեղ նրանք «գլխատել են» Նապոլեոնի մարմարե արձանը, մանր կտորների են վերածել երեսունականների գիպսե արձանը և ներսում գրաֆիտիներ են նկարել:
«Հնարավոր վնասը ես գնահատում եմ հարյուր հազարավոր, գուցե անգամ մեկ միլիոն եվրո»,- հայտնել է Բելավելը:
Ֆրանսիայի մայրաքաղաքի ցույցերին մոտավորապես 10 հազար մարդ է մասնակցում: Դեկտեմբերի առաջին հանգստյան օրերին Փարիզում ձերբակալվել է ավելի քան 400 ցուցարար: Ավելի քան 130 մարդ է տուժել, այդ թվում՝ 23 ոստիկան: Վերջին տասնամյակի ամենախոշոր անկարգություններում գրանցվել են ավտոմեքենաների և ցուցափեղկերի հրկիզման դեպքեր: Շատ մանրածախ առևտրականներ բողոքում են զբոսաշրջիկների կրճատման պատճառով կրած վնասից:
«Դեղին բաճկոններ» շարժման ցուցարարները բողոքի զանգվածային ցույցեր են անցկացնում արդեն երրորդ հանգստյան օրերն անընդմեջ: Բացի վառելիքի գների նվազեցումից՝ նրանք պահանջում են նաև հարկային բեռի թեթևացում և նվազագույն աշխատավարձի բարձրացում: Միաժամանակ CGT արհմիությունը բողոքի ցույց է կազմակերպում Փարիզի Հանրապետության հրապարակում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ