Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաշմանդամները պետք է իրենց ներդրումն ունենան նոր Հայաստանի զարգացմանը, առանց որևէ տարբերակման, առանց խտրականության». Զարուհի Բաթոյան

Դեկտեմբեր 03,2018 18:25

«Այսօրվա հանդիպումը խորհրդանշական է, որովհետև հանդիպում ենք Ազգային ժողովի բակում, բաց դարպասներից ներս, որը կարևոր քայլ է ներառական հասարակություն-ընտրող-քաղաքացիներ-իշխանություն կապի էլ ավելի սերտացման համար: Դեկտեմբերի 3-ը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է, ամբողջ աշխարհում այն նշվում է հավասար հնարավորությունների խթանման օր, որը առիթ է մեկ անգամ ևս բարձրաձայնելու հաշմանդամություն ունեցող անձանց ներուժը»,- բացօթյա հանդիպման ժամանակ ասաց «Իմ քայլը» դաշինքից ԱԺ պատգամավորի թեկնածու Զարուհի Բաթոյանը:

Վերջինիս խոսքով ՀՀ-ում ապրում է հաշմանդամություն ունեցող ավելի քան 187.000 մարդ: Որևէ մեկի համար նորություն չէ, որ նրանք տարիներ շարունակ զրկված են հավասար հնարավորություններից՝ կրթություն ստանալու, աշխատանք ունենալու, տեղեկատվության մատչելիությունից, հասարակական-մշակութային-քաղաքական կյանքին հավասար մասնակցելու և ծրագրերում ներառվելու հնարավորություններից:

Նա համոզված է, որ այս տարվա թավշյա հեղափոխությունից հետո իրավիճակ է փոխվել, և պետք է հատուկ նշել հաշմանդամություն ունեցող անձանց  ներդրումը: Պետք է շնորհակալություն հայտնել և կարևորել նրանց մասնակցությունը, որովհետև մեծ թվով մարդիկ բոլորի հետ հավասար իրենց ներդրումն ունեցան փոփոխություններին: Եվ նրանք պետք է իրենց ներդրումն ունենան նոր Հայաստանի զարգացմանը, առանց որևէ տարբերակման, առանց խտրականության:

Զարուհի Բաթոյանը նշում է. «Մերժում ենք բռնությունը, իսկ հավասար հնարավորությունների չտրամադրումը կամ արգելքները մարդու իրավունքների հանդեպ բռնություն են:

Այս տարի առաջին անգամ դեկտեմբերի 3-ը նշում եմ որպես ԱԺ-ի պատգամավորի թեկնածու, և այս տարի մենք բացառիկ հնարավորություն ունենք հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրները դարձնել օրակարգային, և նրանց մասնակցությունը դարձնել ավելի արդյունավետ իրենց վերաբերող որոշումների կայացմանը և ՀՀ-ի զարգացման ծրագրերի մասնակցությանը»:

Ներկայացվեց մի քանի կետ, որոնք կարևորում է որպես անձ ու թեկնածու, պայքարում է հավասար հնարավորությունների համար և պատրաստվում է  իրականացնել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններից հետո ՝

  1. Ընտրություններից հետո ամենակարևոր քայլը, որ պետք է իրականացվի՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության մասին նոր օրենքի նախագծի մշակումն է, որի կարիքը վաղուց կա, նախկին կառավարությունը փորձեր է արել, սակայն օրենքը այդպես էլ չի ընդունվել:
  2. Հաշմանդամություն ունեցող անձանց համար ծառայությունների մատուցումը պետք է դառնա հասցեական, պետք է գնահատենք կարիքներն ու տրամադրենք աջակցություն: Այսօր հիմնականում մարդիկ ստանում են թոշակով, սայլակով, լսողական սարքերով, առողջապահական ու կրթական որոշակի ծրագրերով, բայց դրանք չեն ապահովում մատչելիությունն ու հասանելիությունը կյանքի տարբեր ոլորտներում:
  3. Կարևոր են զբաղվածության թիրախային ծրագրերը: Նրանք պետք է ունենան արժանապատիվ աշխատանքի հնարավորություն, բացահայտեն իրենց ներուժը, բոլորի հետ հավասար աշխատեն և երջանիկ զգան իրենց ստեղծած արդյունքով:

«Հաշմանդամություն ունեցող երեխաները պետք է ապրեն ընտանիքում: Մանկատանը գտնվող երեխաների կեսից ավելին ունեն առողջական խնդիրներ կամ հաշմանդամություն, պետք է ընտանիքներին աջակցել, որպեսզի երեխաները մեծանան իրենց հարազատների հետ, հաճախեն իրենց համայնքի դպրոցը, շարունակեն ապրել որպես հասարակության լիարժեք անդամ առանց մեկուսացման վտանգի:

Մենք պետք է աշխատենք նաև համայնքի հետ, որպեսզի կարողանանք փոխաջակցության, փոխըմբռնման և սիրո մթնոլորտում ունենալ հասարակություն, որտեղ մարդիկ ըմբռնումով են մոտենում և աջակցում են միմյանց, և ինչու այս պոտենցիալը չօգտագործենք իրատես ներառական հասարակություն ունենալու համար:

Հատուկ ծրագրերից զատ՝ կարևոր է բոլոր պետական ծրագրերը լինեն ներառական, դրանցում հաշմանդամություն ունեցող անձը պետք է լինի տեսանելի: Եվ այս իմաստով պետությունը ունի պարտավորություններ, յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա նաև պատասխանատվություն»,- հավելում է թեկնածուն:

Վերջում խորհրդանշական երթ կազմակերպվեց դեպի Հանրապետության հրապարակ՝ իրազեկելու մարդկանց օրվա խորհրդի մասին:

«Շատ կարևոր է նաև հանրային իրազեկումը, քանի որ այս խնդիրը վերաբերում է յուրաքանչյուրին: Այն հասարակությունը, որը ներառել է հաշմանդամություն ունեցող անձին, կարող է ներառել յուրաքանչյուրին: Շնորհակալություն այսօրվա խորհրդին միանալու համար»,- ամփոփեց ելույթը Զարուհի Բաթոյանը:

Քրիստինե ՆԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31