«Ինչու եմ քաղաքականություն մտնում «Իմ քայլը» դաշինքի հետ: Նախկինում էլ առաջարկներ եղել են, թե ԱԺ, թե այլ ընտրություններում ներգրավվելու համար: ԱԺ մասով այնքան էլ հետաքրքրվածություն չեմ ունեցել ու չէի էլ պատկերացնում, թե երբեւէ իմ թեկնածությունը կդնեմ: Նախկին ազգային ժողովը կոնկրետ ինձ այնքան էլ հետաքրքիր չէր թեկուզ միայն օրենսդիր գործունեությամբ զբաղվելու համար եւ չէի ուզում ինձ այնտեղ տեսնել: Հիմա իրավիճակն ամբողջովին փոխվել է եւ առնվազն մեր քաղաքական ուժի կողմից կա շատ լուրջ Ազգային ժողով ձեւավորելու եւ իմ պատկերացրած Հայաստանը կերտելու ցանկություն: Առաջարկն «Իմ քայլը» դաշինքից ստացել եմ շատ բարձր մակարդակով: Չակերտավոր բոլոր պայմանները, որ դրել եմ, այն է՝ պետք է մնամ անկուսակցական, ակտիվ սպորտը գոնե մինչեւ 2020 թ. օլիմպիական խաղեր շարունակելու եմ եւ ռեյտինգային կարգով ընտրություններին մասնակցելու ցանկություն բացարձակապես չունեմ, համաձայնեցրեցինք: Բայց ամենակարեւորն այն է, որ սա այն ուժն է, որն առաջնորդելով ժողովրդի լայն զանգվածներին եւ իրականացնելով թավշյա հեղափոխությունը, ունի շատ մաքուր եւ բարի ցանկություններ: Այսինքն, հայացքների առումով մենք նույն հարթակում ենք: Մինչեւ այսօր միայն դրականը կարող եմ ասել քաղաքական այս ուժի մասին», – ասաց Արսեն Ջուլֆալակյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ