Լրահոս
Օրվա լրահոսը

«Անընդհատ կրկնում են, որ երկրում անձեռնմխելի մարդ չկա, ես էլ եմ կրկնում՝ երկրում անձեռնմխելի մարդ չկա, երկրում կան ինստիտուտներ». Արամ Օրբելյան

Դեկտեմբեր 03,2018 17:18

Վերաքննիչ քրեական դատարանում Ռոբերտ Քոչարյանի բողոքի քննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին որոշում էր կայացրել, որով բեկանվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը եւ գործն ուղարկվել նույն դատարան նոր քննության:

Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց միջնորդությունները դատարանին կներկայացնեն դիրքորոշումների ներկայացումից, առարկությունների ներկայացումից հետո: Ընդմիջումից հետո լսելու են դատախազության առարկությունները: Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում չասաց, թե դատարանում Քոչարյանն ինչ հայտարարություն է արել: Նա նշեց միայն, որ Քոչարյանը իրավական առումով է խոսել, քաղաքական հայտարարություններ չի արել:

Հարցին՝ 0038 հրամանը դուք համարում եք ոչ օրինական, ապօրինի ապացույց, հիմա պնդելու եք, որ այն գործից դո՞ւրս գա՝ Արամ Օրբելյանը պատասխանեց, որ ժամանակի ընթացքում այդ հարցի պատասխանը կտա, հիմա որեւէ մեկնաբանություն չի կարող տալ, նախաքննության գաղտնիք կբացահայտի՝ ինչ դիրքորոշում էլ հայտնի:

Լրագրողները հարցրեցին՝ Քոչարյանն իր անձեռնմխելիության վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում ունի, իրեն համարում է անձեռնմխելի՞՝ Օրբելյանը պատասխանեց. «Խնդիրը պարոն Քոչարյանի՝ ինքն իրեն անձեռնմխելի համարել-չհամարելու մեջ չէ: Անընդհատ կրկնում են, որ երկրում անձեռնմխելի մարդ չկա, ես էլ եմ կրկնում՝ երկրում անձեռնմխելի մարդ չկա, երկրում կան ինստիտուտներ, որոնք օգտվում են անձեռնմխելիությունից, դա ԱԺ պատգամավորն է, չեն կարող ԱԺ-ի համաձայնությամբ նույնիսկ ԱԺ ամբիոնից իրենց հայտնած կարծիքի, քվեարկության համար դատապարտվել: Սա նրա համար է, որ գործադիրն ու դատական իշխանությունը չմիջամտեն օրենսդիրին: Նույնը նախագահի ինստիտուտի համար է եւ վերաբերում է նախագահի գործառույթներին: Սա անձին տրվող արտոնություն չի»:

Ի դեպ, քաղաքական ակտիվիստ Վարդգես Գասպարին, ինչ դատական նիստը սկսել է, Վերաքննիչ դատարանի մոտ բողոքի ցույց է անում՝ արդեն ավանդական դարձած պառկելու միջոցով: Նա գտնում է, որ Քոչարյանին պետք է կալանավորեն ու զարմացած է, թե ինչպե՞ս դատավորը նրան համարեց անձեռնմխելի անձ ու կալանքից բաց թողեց:

Գասպարիի հետ մեր զրույցը՝ առաջիկայում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31