Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր գիրք. Ռիտա Հարությունյանի «Ալեքսանդր Մակեդոնացու կյանքն ու գործունեությունը»

Դեկտեմբեր 03,2018 17:00

 «…Հայտնվել է մի գիրք, որն արժանի է բարձրագույն գնահատանքի, իսկ հեղինակը՝ հարգանքի ու հիացմունքի: Խորհուրդ եմ տալիս ձեռք բերել այս գիրքը: Դա հրաշալի նվեր կլինի պատանիների համար, հատկապես ովքեր իրենց մեծ զորավարներ են երևակայում…»

«…Գովելի է, որ Ալեքսանդր Մակեդոնացու մասին այս գրքում օգտագործված ու ստեղծագործաբար իմաստավորված է նաև ռուսերեն ու անգլերեն գոյություն ունեցող հարուստ գրականությունը: Եվ այժմ մենք հայերեն էլ ունենք այդպիսի արժեքավոր գիրք»

(Ընթերցողների արձագանքներից)

Վերջերս «Նոյյան տապան» գրախանութում և Խնկո-Ապոր անվ. մանկական գրադարանում տեղի ունեցան Ռիտա Հարությունյանի «Ալեքսանդր Մակեդոնացու կյանքն ու գործունեությունը» գրքի շնորհանդեսները:

Մի քանի խոսք հեղինակի ու գրքի մտահղացման մասին: Ռիտա Հարությունյանը տեխնիկական գիտությունների թեկնածու է, նա 18 տարի աշխատել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի «Էլեկտրական մեքենաներ» ամբիոնում որպես դասախոս ու ավագ գիտաշխատող: Հարկ է նշել, որ Ռիտա Հարությունյանը Խորհրդային Հայաստանի էլեկտրամեխանիկայի բնագավառում առաջատար գիտնական, Վաստակավոր գյուտարար, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Հարությունյանի դուստրն է: Խորհրդային Միության փլուզումից հետո Ռիտան աշխատել է միջազգային կազմակերպություններում, իսկ 1996 թվականից զբաղվում է ձեռներեցությամբ:

Լինելով խառնվածքով գիտնական-հետազոտող, պատմության սիրահար ու գիտակ, Ռիտան նաև համագործակցել է «Գոլոս Արմենիի» թերթի ՄՈՍՏ գիտա-հանրամատչելի հավելվածի խմբագրության հետ: Խմբագիր Գ. Սարմաքեշյանը, հավատով ներշնչվելով նոր հեղինակը նկատմամբ, Ռիտային տրամադրեց կատարյալ ազատություն: Ռիտան ինքնուրույն ընտրում էր իրեն հետաքրքրող թեմաները, դրանց ներկայացման ձևաչափը, և 2013-2015 թթ. ընթացքում լույս տեսան թեմատիկ ակնարկների տեսքով նրա 17 հոդվածները: Ակնարկները համախմբված էին երեք հիմնական թեմաների շուրջ՝ ջրանցքներ ու հիդրոէլեկտրակայաններ, կամուրջներ ու գետանցումներ, ռազմածովային նավատորմեր և ճակատամարտեր: Դրանցում տեխնիկական ու տնտեսական տեղեկությունները ներկայացված են պատմական իրադարձությունների հենքի վրա՝ պատշաճ համադրումներով և ընդհանրացումներով: Ժանր, որը կարելի է ասել, հորինել է ինքը հեղինակը:

Ու եկավ այն պահը, երբ գիտելիքները հանրամատչելի դարձնելու ձեռք բերած փորձը Ռիտային դրդեց կատարել հաջորդ քայլը՝ անցնել գիրք գրելուն: Դեռ երիտասարդ տարիքից Ռիտան տարված էր մարդկության պատմության, թերևս, ամենակարկառուն դեմքով՝ Ալեքսանդր Մակեդոնացիով, այնպես որ նրա մասին գիրք գրելը վաղուց հղացված գաղափար էր: Աշխատանքի ընթացքում նա ի զարմանս իրեն հայտնաբերեց, որ արդի հայ գրականության մեջ չկա հանրամատչելի գիրք անտիկ դարաշրջանի մեծ զորավար ու քաղաքական գործչի մասին: Մինչդեռ համաշխարհային գրականությունը՝ և՛ մասնագիտականը, և՛ գեղարվեստականը, Ալեքսանդր Մակեդոնացու մասին առաջարկում է, առանց չափազանցելու, հազարավոր գրքեր: Ասես ճակատագիրն ինքն էր Ռիտային մղում դեպի իր կյանքի ամենակարևոր գործը: Եվ ընթերցողի հետ կիսվելու անհաղթահարելի ցանկությունը իրականություն դարձրեց առաջին հայացքից արտասովոր այս նախաձեռնությունը՝ հայ մարդուն հաղորդակից դարձնել այն վիթխարի պատմամշակութային ժառանգությանը, որի անունն է Ալեքսանդր Մակեդոնացի, հելլենիզմ և դրանց աղերսը Հայաստանի հետ:

Գոյություն ունեն բազմաթիվ տարբեր ու հետաքրքրաշարժ գրքեր՝ դետեկտիվ վեպեր, հեռավոր երկրներում աներևակայելի արկածների մասին պատմություններ: Սակայն արժե, արդո՞ք, զարմանահրաշի փնտրտուքով այդքան հեռու ճամփաներ ընկնել: Մեր շուրջը տեղի ունեցող իրադարձությունները բնավ չեն զիջում ֆանտաստների հորինվածքներին: Ի՜նչ ասես տեղի չի ունեցել մարդկության երկար պատմության ընթացքում: Եվ ոչինչ ավելի հետաքրքիր չէ, քան իմանալը, թե ի՞նչ է եղել իրականում, ինչո՞վ էին ապրում մեր նախնիները, ինչի՞ մասին էին մտածում, ինչի՞ն հավատում և ի՞նչ երազանքներ փափագում… Ալեքսանդրը ձգտում էր նվաճել ամբողջ աշխարհը, հիմնել համաշխարհային պետություն, որտեղ չեն լինի ո՛չ հաղթողներ, ո՛չ պարտվածներ, որտեղ բոլոր ժողովուրդները միասին կստեղծեն իրենց համընդհանուր մշակույթը: Այն ժամանակներում նման գաղափարը թվում էր իրականանալի, համենայն դեպս՝ Ալեքսանդրի պես տաղանդավոր ու փառատենչ մարդու համար: Նրա նվաճումների շնորհիվ հունական աշխարհի ու մշակույթի առջև լայնորեն բացվեցին Ասիայի դարպասները և սկզբնավորվեց Արևմուտքի ու Արևելքի քաղաքակրթությունների միաձուլման դարաշրջանը՝ հելլենիզմը: Ալեքսանդրի արտասովոր անհատականությունը և մեծագործությունները անջնջելի ազդեցություն գործեցին ժամանակակիցների վրա և պատահական չէ, որ նրան անվանում էին «աստվածների սիրեցյալ»:

Նա, ով կարդացել է Ա. Մակեդոնացու մասին այս գիրքը, զգացել է նրա հետաքրքրաշարժությունը և գեղագիտական արժանիքները: Հինգ տարի շարունակ հեղինակը հատիկ-հատիկ նյութեր էր հավաքում հայերեն, ռուսերեն ու անգլերեն մասնագիտական գրականությունից, ուսումնասիրում հին պատմիչների աշխատությունները, կարդում պատմավեպեր: Եվ այդ ամենից իր քաղածը նա ընդհանրացրեց, վերամշակեց ու հանրամատչելի ներկայացրեց այս գրքում:

Հատկապես տպավորիչ է, որ ունենալով ռուսական կրթություն, հեղինակը մտահղացել էր հայերեն լեզվով գիրք, ինչը նրանից պահանջեց տքնաջան աշխատանք: Գիրքը շահեց Ջուլիետա Ղազարյանի խմբագրությունից:

Գրքի հրատարակությունը հեղինակային է, հրատարակիչն է «Անտարես հոլդինգը»: Գրքի ծավալը 256 էջ է, տպագրությունը գունավոր է, ունի կոշտ կազմ, հեղինակային հետաքրքիր քարտեզներ ու սխեմաներ, հարուստ պատկերազարդում՝ հայտնի նկարիչների գործերով: Հատկապես ուշագրավ են պատմա-աշխարհագրական ակնարկները, անունների ու եզրույթների ցանկը և ժամանակագրական աղյուսակը:

Գիրքը գրված է պարզ ու մատչելի լեզվով և նախատեսված է ընթերցող լայն շրջանների, հատկապես բարձր դասարանցիների, ուսանողների ու ռազմական արվեստով հետաքրքրվողների համար: Հուսով ենք, որ գիրքն իր արժանի տեղը կգրավի ընթերցողների գրադարակների վրա, ինչպես նաև կլինի լավագույն նվերը:

Գրքի վաճառքից ստացած գումարը տրամադրվելու է բարեգործական – հանրակրթական ծրագրերի: Գիրքը վաճառվում է Երևանի գրախանութներում: Մանրամասներն ու տեղեկությունները զետեղված են Ռիտա Հարությունյանի «Ալեքսանդր Մակեդոնացու կյանքն ու գործունեությունը» FB էջում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31