«Մենք՝ որպես թիմ, դերաբաժանված գնում ենք առաջ: Առավոտյան Ստեփանի հետ զրուցում էինք, ասացի՝ Ստեփան, քո գործը պատերազմ կանխելն է, իմ գործը՝ որպես զինվորական, պատերազմ հաղթելն է, ես կուզեի, որ սա մեր ժողովուրդն իմանար»,- այսօր «Հենարան» ակումբում ասաց «Սասնա ծռեր» կուսակցության ղեկավար կազմի անդամ Ժիրայր Սեֆիլյանը:
Նա անդրադարձավ բանակի խնդիրներին՝ ասելով, որ տասնութ տարեկան երիտասարդները պետք է հեռու մնան առաջին գծից, բանակը հագեցած պետք է լինի բարձր մակարդակի տեխնոլոգիաներով ու նոր ձեւավորված զորքով, որտեղ պետք է ծառայության անցնեն առնվազն ժառանգներ ունեցող անձինք, որովհետեւ ՀՀ-ն ունի նաեւ ժողովրդագրական խնդիր:
Թե որտեղից պետք է գա բանակի խնդիրները լուծելու գումարները, պարոն Սեֆիլյանն ասաց՝ դրա մասին էլ են մտածել. «Ամբողջ գումարը մտածված է, ներքին զորքեր ընդհանրապես պետք չէ, այն կայսերական մտածողություն է, տասնյակ միլիոնները կուղղորդվեն բանակը զինելու ուղղությամբ, ռազմական ոստիկանությունն էլ պետք չէ, այն ապօրինի բանակ է, որ նախորդ ռեժիմը պահել է, այն լուծարելով՝ այս մղձավանջից դուրս կգանք ու ամեն շաբաթ չենք լսի, որ հերթական 18 տարեկան զինվորն է զոհվել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ