Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ վարչապետը հայաստանյան դիսկուրս է վերադարձնում Լեւոն Տեր-Պետրոսյանական ղարաբաղցի-հայաստանցի բաժանումը». Աշոտյան

Դեկտեմբեր 03,2018 16:41

ՀՀԿ-ն քննադատում է իշխանություններին՝ ասելով, որ 6-7 ամսվա ընթացքում ոչ մի առաջընթաց չեն գրանցել: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Հրազդանում քարոզարշավի ժամանակ թվարկեց, թե ինչ է արել իրենց կառավարությունը: Մասնավորապես՝ օլիգարխիային զրկել են կառավարության որոշումների վրա ազդեցության բոլոր լծակներից, հայ-ադրբեջանական սահմանում լարվածությունն ընկել է, բանակում հակառակորդի կրակոցից զոհվածների աննախադեպ ցածր թիվ ունենք, 24 տարվա ընթացքում առաջին անգամ ընտրությունները չեն կեղծվել եւ այլն:

Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ նախընտրական քարոզչության ղեկավար ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հակադարձեց Փաշինյանին՝ ասելով. «Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ժողովրդի սպասելիքները չի արդարացրել: Նա ժողովրդին խոստացել էր արագ բարելավել մարդկանց կյանքը՝ շատ կարճ ժամանակում, իսկ հիմա, երբ դարձել է վարչապետ ու արդեն շատ արագ վայելում է բարձրաստիճան պետական պաշտոնյային հասանելիք բոլոր տեսակի արտոնությունները, մոռացել է այն մարդկանց, ում շնորհիվ դարձել է վարչապետ: Նա մոռացել է այն մարդկանց, ովքեր ձեռքերի վրա իրեն բերեցին հրապարակ, հետո տարան Բաղրամյան՝ վարչապետ «ընտրացնելու»: Նա մոռացել է այդ մարդկանց հոգսերը, դարդերը: Փորձում է սվաղել իր՝ ի սկզբանե ակնհայտորեն կեղծ, սուտ խոստումները: Ալիեւի հետ վերելակում ձեռք բերված պայմանավորվածությունը, իհարկե, լավ է, որ մարդիկ չեն զոհվում, մեր սահմանը համեմատական հանգիստ է, բայց ո՞րն է դրա գինը: Ես ասեմ դրա գինը: Ես խիստ կասկածներ ունեմ, որ պարզապես Նիկոլ Փաշինյանին ժամանակ են տվել Դուշանբեի պայմանավորվածությամբ, մինչեւ արտահերթ ընտրությունները անցկացնի»:

Մենք ճշտեցինք՝ այսինքն, դրանից հետո սպասենք հակահայկական ծրագի՞ր՝ Աշոտյանը պատասխանեց. «Արդեն տեսանելի է… Արցախի շուրջ միշտ սեղմող օղակ է եղել, բայց Հայաստանը միշտ եղել է Արցախի պատուհանը՝ դեպի արտաքին աշխարհ: Այսօրվա «Նիկոլ վարչապետի» վարած քաղաքականության պատճառով հայաստանյան դիսկուրս է վերադառնում Լեւոն Տեր-Պետրոսյանական ղարաբաղցի-հայաստանցի բաժանումը: Ղարաբաղը կարող է չզգալ այլեւս Հայաստանի աջակցությունը, Հայաստանի ներկայությունը: Այն, ինչ կատարվում է այսօր քարոզարշավի ընթացքում, ինքնահռչակ դիկտատորի քաղաքական շահերը սպասարկելու քարոզարշավ է»:

Մեր հարցին՝ Արցախի թեման զուտ շահարկում չէ՞, որին ականատես ենք լինում գրեթե բոլոր ընտրությունների քարոզարշավներին, ամեն անգամ լինում են ուժեր, որ ասում են՝ այ սա հող հանձնող է, հենց դարձավ իշխանություն՝ հողերը կհանձնի՝ Աշոտյանը պատասխանեց. «Քարոզարշավի առաջին օրերից սոցիալական ցանցերը եւ լրահոսը պայթեցրել է «Իմ քայլը» դաշինքի ղեկավարի եւ նրա զինակիցների հայտարարությունները ղարաբաղյան ազատամարտի մասին, Ղարաբաղի մասին, Ղարաբաղի իշխանությունների մասին: Մենք շահարկո՞ւմ ենք դա, ինչ-որ մեկը իր լեզվից քաշում է, որ ինքը նման բանե՞ր խոսի: Ի՞նչ է նշանակում շահարկում, այսինքն, ինքը ինչ ուզում է, պետք է ասի եւ որեւէ մեկն իրավունք չունի՞ իրեն հակադարձի, ասի՝ ի՞նչ ես խոսում, Նիկո՛լ, դու ի՞նչ ես ասում: Այնքան վնաս, ինչքան ինքը տվեց ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ու Ղարաբաղի շուրջ ստեղծված մթնոլորտին վերջին 5 օրվա ընթացքում, որեւէ հայաստանյան քաղաքական գործիչ 30 տարվա մեջ չի տվել: Վկայությունը Նիկոլին գովերգող ադրբեջանական բազում հրապարակումներն են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Tigran says:

    Դա բաժանում չի: Ուղղակի արձանագրում է որ կա երկու հպարտ հայկական պետություն իր հպարտ քաղաքացիներով: Դուք մի խոսեք Արցախի Հանրապետության փոխարեն:

  2. Հ.Շ. says:

    եթէ երկրին համար այդքան վտանգաւոր անձ է, ապա Ձեր պետը երկրին ղեկը աէդպէս թող չի զիջեր ու յանձներ իրեն. եւ դուք ալ յաջորդող եօթը ամիսներուն, ԱԺ-ում ձեր հնազանդ քուէներով, չենթարկուէիք իր կամքին.

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31