«Հստակ երևում է հինգերորդ շարասյունը՝ նախկին իշխանություններից մեզ ժառանգված, որոնք փորձում են սեպ խրել մեր և Նիկոլի միջև: Բայց մեր ժողովրդի համակրանքը երկու ուժերի նկատմամբ էլ մեծ է, և հինգերորդ շարասյան ջանքերն ուղղակի արդյունք չեն տա: Եթե որևէ շրջանակ փորձի որևէ բան շահարկել, առիթից օգտվելու փորձեր կատարի, մենք պաշտպանելու ենք Նիկոլ Փաշինյանին»,- այսօր Երեւանում քայլերթի ժամանակ «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան՝ ասաց «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ղեկավար կազմի անդամ Ժիրայր Սեֆիլյանը:
Ինչ վերաբերում է ԱԺ նոր ընտրություններ անցկացնելու «Սասնա ծռեր»-ի հայտարարությանը, Ժիրայր Սեֆիլյանն ասաց՝ նոր Սահմանադրության ընդունումից հետո նոր ընտրությունների անցկացումը տրամաբանական է
Դիտարկմանը, թե ժողովրդի մի հատված «Սասնա ծռեր»-ի որոշ անդամներին ահաբեկիչ է համարում, Ժիրայր Սեֆիլյանը շարունակեց, թե իրենց ահաբեկիչ անվանելով՝ բարձրացնում են իրենց կուսակցության վարկանիշը. «Ժողովուրդը սիրում է իր այն զավակներին, որոնք պատրաստ են զենքի ուժով պաշտպանել հայրենիքը և ժողովրդին»:
Նրա համոզմամբ, ընտրությունները լինելու են ազատ և թափանցիկ, իսկ ինչ վերաբերում է զենքի ուժով նորից նոր գործողությունների դիմելու հավանականությանը, Սեֆիլյանը բացառել է՝ նոր իշխանությունների օրոք նման գործողություններ կարող են իրենց կողմից կրկնվել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ