Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանն ամեն օր ոտնահարում է իր այն քաղաքացիների իրավունքները, ովքեր իր հետ համաձայն չեն». Արփինե Հովհաննիսյան

Դեկտեմբեր 03,2018 16:14

Նիկոլ Փաշինյանը ՀՀԿ-ի հետ կապված կանխատեսում էր արել. «Դեկտեմբերի 9-ին ձեր տնեցիք անգամ ձեզ ձայն չեն տալու, այս ընտրություններում ձեր քաղաքական մահն եք գրանցելու»: ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ թեկնածու Արփինե Հովհաննիսյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Նիկոլ Փաշինյանին խորհուրդ եմ տալիս ընդհանրապես ատելության խոսք տարածող մեկնաբանություններ չանել: Ինքը պարտավոր է առաջին հերթին իրեն նույնականացնել վարչապետի հետ: Մինչեւ ինքը չգիտակցի, որ ինքը վարչապետ է, ՀՀ քաղաքացիները չեն կարող գիտակցել: Իրեն հիասթափություն է սպասվում դեկտեմբերի 9-ի գիշերը եւ դեկտեմբերի 10-ին: Իր ցանկալի երեւույթը չի լինելու»:

Հարցին՝ Դուք նախընտրական քարոզչության ընթացքում խոսում եք արժեքներից, Նիկոլ Փաշինյանն ասում է, որ արժեքներից չխոսեք, որովհետեւ դուք արժեզրկել եք բոլոր արժեքները, ծախել եք ՀՀ քաղաքացու արժանապատվությունը ու ձեր համար «Բրաբուսներ» եք առել: Հիմա պետք է ծախեք ձեր «Բրաբուսները» ու վերադարձնեք ժողովրդից գողացածը, Դուք «Բրաբուս» առե՞լ եք: Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես Նիկոլ Փաշինյանի էպատաժային բնույթի հայտարարություններին չեմ կարող արձագանքել այդ նույն ոճով, որովհետեւ դա իմ ոճը չէ: Ես «Բրաբուս» չեմ առել, ես «Բրաբուս» չունեմ: Եվ ընդհանրապես քաղաքացիների արժանապատվությունը որեւէ ձեւով չեմ ոտնահարել: Պարոն Փաշինյանն է ամեն օր, լինելով երկրի ղեկավար, ոտնահարում իր այն քաղաքացիների իրավունքները եւ արժանապատվությունը, ովքեր իր հետ համաձայն չեն: Ինքը պարտավոր է գիտակցել, որ ինքը երկրի վարչապետն է: Այդպիսի հայտարարություններ անելուց առաջ լավ կլինի պարոն Փաշինյանը հասկանա, որ ինքը, իր բառերով ասած՝ իրավապահ համակարգի царь и бог-ը չէ: Ինքը ասում էր՝ սուպերլիդերին պետք է փոխարինի սուպեր թիմը: Տեսնում ենք «սուպեր թիմը», տեսնում ենք սուպեր լիդերին ու տեսնում ենք նաեւ «սուպեր թիմի» ու սուպերլիդերի առանձին ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունները: Այդ պայմանավորվածությունների արդյունքում ով իր «Բրաբուսից» զրկվեց, թե ոչ՝ ավելի լավ կպատասխանի Փաշինյան Նիկոլը»:

Քարոզարշավի ընթացքում ոչ միայն «Իմ քայլը» դաշինքը, մյուս քաղաքական ուժերը եւս խոսում են ՀՀԿ-ի թալանի մասին, համակարգային կոռուպցիայի մասին, Փաշինանն ասում է՝ «ծպտուններդ չհանեք բանակի մասին, բանակը թալանել եք», «Լուսավոր Հայաստանը» նույնպես խոսում է ձեր ժամանակ եղած կոռուպցիոն երեւույթների մասին, ի վերջո դուք ընդունո՞ւմ եք, որ ձեր ժամանակ եղել է թալան, թե՞ ոչ՝ Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես այդպիսի ձեւակերպումներին կողմնակից չեմ, ինչպես նաեւ կողմնակից չեմ, որ երկրի ի պաշտոնե գերագույն գլխավոր հրամանատարն իր ենթակայության տակ գտնվող կառույցի մասին այդպիսի տոնայնությամբ խոսի: Եթե կա այդպիսի երեւույթ, ուրեմն պետք է քրգործ հարուցվի, պատշաճ կարգով քննվի եւ դրան տրվի համապատասխան ձեւակերպում: Ի վերջո չի կարելի այդպիսի ձեւակերպումներով խոսել, որովհետեւ դու ոչ մի դատական ակտ այս պահի դրությամբ չունես, բայց մարդկանց ամեն օր զրպարտելով շրջում ես ամբողջ հանրապետությունով մեկ: Որքանով կոռեկտ կլինի ու որքանով ես ազնիվ կլինեմ, որպես իրավաբան, եթե վերցնեմ ու թմբկահարեմ, որ կոռուպցիա կա նաեւ այս կառավարությունում, տեսեք Տիգրան Ավինյանն ինչ է արել, գյուղատնտեսական արտոնյալ վարկ է ստացել եւ այլն: Իսկ Նիկոլ Փաշինյանն այս մասին ընդամենը կես բերան ասել է՝ կքննենք: Բա մյուս գործերի հետ կապված էլ թող ասի՝ կքննենք, ինչի՞ Տիգրան Ավինյանի դեպքում ոչ մեկս չտեսանք, որ քայլեր ձեռնարկվեն, դիմակներով մտնեն գյուղատնտեսության նախարարի տուն, փող որոնեն, կամ մտնեն փոխվարչապետի տուն՝ արտոնյալ պայմաններով ստացած վարկի հնարավոր մասը փնտրեն: Մենք տեսել ենք հերթական շարքային ձեւակերպում՝ կքննարկենք»: Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ մինչեւ չլինի վերջնական դատական ակտ, ճիշտ չի խոսել այդ մասին, կոռուպցիայի դեմ իրական պայքար պետք է լինի, ոչ թե դրա իմիտացիա:

Ինչ վերաբերում է մյուս քաղաքական ուժերին՝ Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ Փաշինյանին «հարմար ընդդիմություն» են ու չեն կարող քննադատել Փաշինյանին. «Գնում են ընտրողից քվե են ուզում, որ ընդդիմություն դառնան, բայց չեն քննադատում իշխանությանը, քննադատում են նախկին իշխանությանը: Բա որ մենք այդքան վատն ենք, մեր քաղաքական մահն եք գրանցում, տարատեսակ ատրիբուտիկայով գործողություններ եք իրականացնում, բա ինչի՞ եք բոլորդ մեր դեմ պայքարում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31