Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառուկյանը Ապարանում. «Բելառուսում երիկամների փոխելը կատարվում է ձրի»

Դեկտեմբեր 03,2018 15:50

Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հրապարակում հավաքված ապարանցիների շրջանում, որոնք եկել էին կուսակցության նախընտրական ծրագրերը լսելու, փոքրիկ սոցհարցում անցկացրեց՝ հարցնելով՝ քանի՞ տոկոսով են գյուղատնտեսական վարկեր վերցնում:

«24 տոկոս»,-ի պատասխան ասացին Ապարանի քաղաքացիները:

«Բա 24 տոկոսով վարկերի տակից ո՞նց կարող եք դուրս գալ»,-ապարանցիների դժգոհությունները կիսելով ասաց ԲՀԿ առաջնորդը: Նա վստահեցրեց, որ բանկերը գյուղացուն կարող են 2 տոկոսով վարկ տրամադրել. «Որպեսզի գարնանը վերցնի, աշնանը կարողանա փակել: Ես չեմ ասում բոլորին երկու-երեք միլիոն տրամադրվի, ըստ մարդու հողատարածքի, գործունեության: Ապա Գագիկ Ծառուկյանը մի պարզ մաթեմատիկական հաշվարկ ներկայացրեց, թե ինչպես կարող է գյուղացին հարստանալ, շահույթ ստանալ. «Կարելի է գարնանը երկու միլիոն վերցնելով 30 հատ հորթ գնել, մինչեւ աշուն այդ հորթերը կտան 100-120 կիլոգրամ միս: Միսն էլ թող 3000-ով ծախի: Դա գումարելով տարեկան 18 հազար դոլար կլինի: 8 հազարը թող ծախսը՝ հորթի փողը լինի, 8 հազարը՝ մարդու շահույթը կլինի: Ծառուկյանը կետ առ կետ գիտի»:

Ապարանցիներին Գագիկ Ծառուկյանը վստահեցրեց, որ ինքն էլ «սովորական ընտանիքից է եղել, աշխատել է, ստեղծել է»:

Հացահատիկի մշակմամբ զբաղվողներին էլ խորհուրդ տվեց սերմերը փոխել, քանի որ 27 տարի նույն սերմերով արդյունք չեն ստանա: Նրա խոսքով, պետությունը պետք է հետեւի, որ որակյալ սերմեր ներկրվեն մեր երկիր. «Հացահատիկի սերմերը պետք է լինեն էլիտար սորտի, եթե բերքը ցանում ես, ստանում ես 700-800 կիլո, ինքնըստինքյան, դա ոչ մի արդյունք չի տալիս: Մարդն այդ տարի զրոյի վրա է, բանկից վերցրած գումարն էլ չի կարողանալու փակի»:

Գագիկ Ծառուկյանի խոսքով, որքան էլ այսօր ասում են տնտեսական աճ կա, այդ աճը ժողովրդի դեմքից է երեւում, նրա հագուկապից, սառնարանից ու բանկի տոկոսներից:

Ծառուկյանը բանկերին էլ կոչ արեց գումարները գյուղացիներին առձեռն չտալ, եւ անպայման, ստուգել հողատարածք ունեն-չունեն, հաշվի առնել, որ սեզոնին են տալիս եւ այլն, որպեսզի այդ գումարները գյուղացին հենց այնպես չկարողանա ծախսել, հետո մնալ այդ վարկերի բեռի տակ. «Ժողովուրդ ջան գիտեք՝ Ծառուկյանը միշտ արել է, անելու է, ես չեմ ասում, որ ձայն չտաք չեմ անելու, ամոթ է, ես այդպիսի բան չեմ կարա ասեմ: Արել եմ, անելու եմ, անում եմ: Բոլորն էլ գիտեն, որ այն ներդրումները, որոնք ես անում եմ իմ երկրում, անեի դրսում, Ռուսաստանում, տասնապատիկ ավելի շատ շահույթներ կունենայի: Բայց ես սիրում եմ իմ երկիրը»:

Իր ելույթում ԲՀԿ առաջնորդը նաեւ պատրաստակամություն հայտնեց աջակցել այն քաղաքական ուժերին, որոնց ծրագրերը ժողովրդի համար արդյունավետ են:

Ապարանում Ծառուկյանը առողջապահության խնդիրներն էլ բարձրացրեց, ասաց, որ մարդիկ ցավից մղկտում են, բայց չեն կարողանում բժշկի գնալ: Առաջարկեց ամեն մարզում անվճար հիվանդանոցներ հիմնել, քաղաքացիներին «վաուչերով» սպասարկել, «Ոչ թե տունը տանի գրավ կդնի, որ ծնողին ստուգման տանի»:

Գագիկ Ծառուկյանն ասաց, որ ընտրվելու դեպքում իր քաղաքական ուժը հասնելու է նրան, որ ներդրվի առողջության ապահովագրական համակարգը: Խոսեց նաեւ Բելառուսի փորձի մասին. «Մեր հարեւան-բարեկամ Բելառուսը երիկամների փոխելը կատարում է ձրի»:

Ծառուկյանը նաեւ ասաց, որ այսօր մեր հիմնական խնդիրը ոչ թե աշխատատեղերի բացակայությունն է, այլ՝ մասնագետների:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31