«Մենք» դաշինքի պատգամավորի թեկնածուներն այսօր Երեւանի կենտրոնում ֆլեշմոբ են անցկացրել: Նրանք անցորդներին ու երթուղայինի ուղեւորներին «Մենք» դաշինքի լոգոյով կեքսեր բաժանեցին, լուսանկարվեցին:
Պատգամավորի թեկնածու Արտակ Զեյնալյանն ասաց, որ կեքսերը խորհրդանշական իմաստ ունեն, ուզում են ասել՝ մեր կարկանդակից ձեզ ենք տալիս, եթե ուզում եք, ձեր ձայնն էլ մեզ տվեք:
Պատգամավորի թեկնածու Արամ Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչ են արձանագրել քարոզարշավի այս օրերին, պատասխանեց. «Մտահոգվելու խնդիր չունի միայն «Իմ քայլը», որը, բնականաբար, անցնելու է, մնացած բոլորն էլ մտահոգվելու խնդիր ունեն խորհրդարանում ներկայացված լինելու, քվեներ հավաքելու առումով: Ձմեռ է, հանրության հետ երկար փողոցներում շփվելու կամ մեծ հանրահավաքներ անելու տարբերակ չկա, ինքներս էլ պետք է գնանք այն մարդկանց մոտ, որոնք իրենց քվեն պետք է տան, բակից բակ ենք գնում, պատշգամբներից ենք շփվում, այդ շփումներով չես զգում՝ ինչքանն է քոնը»:
Անդրադառնալով քննադատությանը, որ հիմնական փոխհրաձգությունը ՀՀԿ-«Իմ Քայլի» միջեւ է, Արամ Սարգսյանը շարունակեց. «ՀՀԿ-ն տակտիկա է կիրառել. Նախորդ՝ քաղաքապետի ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանը խնդիրը դրեց սեւ ու սպիտակի մեջ, ՀՀԿ-ն էլ վերցրեց, ասում է՝ ես սեւ եմ, կամ, կաք՝ դուք, մնացածը չկան՝ փորձելով Նիկոլ Փաշինյանից դժգոհ քվեներն իրենով անել: Ես չեմ ողջունում, Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն էլ գնում են այդ սադրանքին: Իրականում իրենք երբեք էլ չեն եղել, ապրել են Վազգեն Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հովանու ներքո, իսկ մենք եղել ենք փողոցում, պայքարել ենք ու դատապարտվել ենք: ՀՀԿ-ն չհասկացավ, որ իր դժբախտությունների պատճառը անկեղծ չլինելու մեջ է, ՀՀԿ-ում մի մարդ կար, որ անկեղծացավ, ասելով՝ ես սխալ էի, Նիկոլը ճիշտ էր»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ