«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության պատգամավորի թեկնածուներն այսօր քայլերթով շրջեցին Երեւանի մի քանի վարչական շրջաններով: Թեկնածուները նաեւ որոշեցին մտնել ճարտարապետական եւ ճարտարագիտական համալսարանների տարածք, իրենց պատկերացմամբ, երիտասարդ ուսանողների ոգին բարձր պահելու համար:
«Սասնա ծռեր» ազգի նվիրյալներ», «ընտրում եք «Սասնա ծռերին», «անառիկ եք պահում հայոց սահմանները», այս կարգախոսներով էին թեկնածուները շրջում ու բաժանում քարոզչական բուկլետները:
Թեկնածուները կոչ արեցին ուսանողներին՝ հիշել «Սասնա ծռերի» արարքները, այստեղ է նաեւ Արեգ Կյուրեղյանը, որը ձեր համալսարանի ուսանող ու շրջանավարտ է եղել: Թեկնածուներին ուղեկցող մի տղամարդ էլ տարածքում քայլող աշակերտներին կոչ արեց նկարվել Ժիրայր Սեֆիլյանի հետ՝ ասելով, եկեք կարգին մարդկանց հետ նկարվեք: Պատգամավորի թեկնածու Ստեփան Գրիգորյանն էլ ասաց՝ ձեր կենսագրության մեջ հետո կգրեք, որ լեգենդար Ժիրայր Սեֆիլյանի հետ նկարվել եք:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ