Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանրայինը մեկ օրում մեկ իշխանությանը ծառայելուց փոխվեց մյուսին ծառայելուն»

Դեկտեմբեր 03,2018 16:00

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ միջանկյալ զեկույցում մտահոգություն կա պետական ռեսուրսների հնարավոր չարաշահման, քվեների գնման, ինչպես նաև ընտրողների վրա ճնշում գործադրելու վերաբերյալ
«Հայաստանում քարոզարշավի անցկացման ազատություն կա, այնուամենայնիվ մտահոգություններ են հնչել պետական ռեսուրսների հնարավոր չարաշահման, քվեների գնման, ինչպես նաև ընտրողների վրա ճնշում գործադրելու վերաբերյալ». այսպիսի ձևակերպում կա Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ ԺՀՄԻԳ միջանկյալ զեկույցում: Զեկույցում նաև ամրագրված է, որ ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի զրուցակիցների մեծ մասը մտահոգություններ հայտնեցին անհանդուրժողական և սադրիչ հռետորաբանության վերաբերյալ՝ հատկապես առցանց տիրույթում:

«Առավոտը» Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ) նախագահ Բորիս Նավասարդյանից հետաքրքրվեց՝ իրենց կատարած ուսումնասիրությունները և՞ս վկայում են այդ մասին, Բորիս Նավասարդյանը պատասխանեց. «Պետք է հաշվի առնել, որ այս փուլում երկարատև դիտորդական առաքելությունները հիմնականում ոչ թե սեփական դիտորդության արդյունքներն են ներկայացնում, այլ հաշվի են առնում այն կարծիքներն ու մոտեցումները, գնահատականները, որոնք լսում են տարբեր հանդիպումների ժամանակ: Ենթադրում եմ, որ այդ երկար ամիսների մտահոգությունը, որ կա որոշ շրջանակներում՝ անհանդուրժողականության լեզվի ու սադրող հրապարակումների վերաբերյալ սոցցանցերում և որոշ առցանց ԶԼՄ-ներում, ուղղակի փոխանցել են այդ ընդհանուր մտահոգությունը: Այդ մտահոգությունը կիսում եմ այնքանով, որքանով երևույթը կա: Բայց մի փոքր համաձայն չեմ դրանից մեծ խնդիր սարքելու հետ, քանի որ հաշվի առնելով այն սուր քաղաքական զարգացումները, որ ՀՀ-ում տեղի են ունենում, շատ դժվար է խուսափել բավականին ագրեսիվ վերաբերմունքից իրար նկատմամբ տարբեր քաղաքական շրջանակներում և իրենց համակիրների շրջանում: Դա բնական է, կարևոը դա չանցնի օրենքով նախատեսված սահմանները, և այդ սահմանները շատ քիչ դեպքերում է, որ անցնում են և՛ օգտատերերը, և՛ լրագրողները»:

Ըստ Բորիս Նավասարդյանի՝ այդ խնդիրը հիմնականում ակնհայտ էր և տագնապալի չափերի էր հասնում մինչև հոկտեմբեր:

Զեկույցում նշվում է նաև, որ շատ ԶԼՄ-ներ ընկալվում են որպես փոխկապակցված քաղաքական ուժերի հետ՝ այդ թվում Հանրային հեռուստաընկերությունը, Բորիս Նավասարդյանն այս առիթով արձագանքեց. «Բավականին հստակ կողմնորոշված ԶԼՄ-ներ ունենք ՀՀ-ում, որոնք տարբեր քաղաքական ուժերի են սատարում: Հենց այն հանգամանքը, որ տարբեր ուժերի կողմնակից են, որոշակի հավասար տեղեկատվական միջավայր է ստեղծում Հայաստանում: Հանրայինի հետ կապված միանշանակ համաձայն եմ այդ պնդմանը, բայց մինչև հոկտեմբերի 26-ը: Փոխվեց իշխանությունը, բայց Հանրայինը մնաց իշխանությանը տեղեկատվական աջակցություն ապահովող ԶԼՄ: Եվ նույնիսկ մեկ օրում մեկ իշխանությանը ծառայելուց փոխվեց մյուսին ծառայելուն: Բայց եթե վերցնենք միայն պաշտոնական քարոզարշավի ժամանակաշրջանը, ապա այստեղ բավականին չեզոք ու հավասար մոտեցում եմ տեսնում»:

Հարցին՝ վարչական ռեսուրսի չարաշահո՞ւմ էր արդյոք այն, որ նոյեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանն այցելեց Գեղարքունիքի մարզ, որտեղ նա եղավ շինհրապարակում և մասնակցեց քաղաքում անցկացվող տոնակատարությանը, Բորիս Նավասարդյանը պատասխանեց. «Իհարկե, փաստացի չարաշահում է, և նման դեպքերը բավականին շատ էին: Խնդիրն այն է, որ մեզ մոտ պաշտոնական քարոզարշավից դուրս ընտրությունների հետ կապված որևէ խախտում չի կարգավորվում, և դրա համար պատասխանատվության նույնպես չեն ենթարկվում: Մենք արդեն ոչ առաջին անգամ ստանում ենք ընտրական գործընթաց, երբ այդ չարաշահումները հիմնականում, քանի որ չեն կարգավորվում, լինում են պաշտոնական քարոզարշավից առաջ, և դա շատ լուրջ խնդիր է: Այդ պատճառով մենք հարց ենք բարձրացնում, որ կարգավորող քարոզչական գործողությունները տարածվեն նաև մինչև պաշտոնական քարոզարշավն ընկած ժամանակահատված. մոտ երկու-երեք ամիս պետք է»:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,

01.12.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31