Լրահոս
Օրվա լրահոսը

«Այլ անձ» դիտված փաստաբանը դատի էր տվել քրեակատարողական վարչությանը եւ հաղթել

Դեկտեմբեր 03,2018 15:30

«Մուտք գործելով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչական շենք՝ հանձնել եմ բջջային հեռախոսս և ստացել պահման արկղի բանալին ու մուտքի գրավոր թույլտվությունը:

Այնուհետև, հերթապահ մասում ներկայացնելով պահանջագիրը, քրեակատարողական հիմնարկի աշխատակցուհու ուղեկցությամբ մոտեցել եմ զննման սարքին: ՔԿՀ-ի աշխատակցուհու պահանջով, իմ անձնական պայուսակով, անցել եմ զննման սարքի միջով և ազդանշանից հետո վերջինս պահանջել է բացել պայուսակիս փականը՝ ցեպը, իրեն տեսանելի դարձնել պարունակությունը, ինչն իմ կողմից կատարվել է: Այնուհետև, պահանջել է պայուսակի միջից հանել թափանցիկ շպարատուփը, ինչը ևս կատարվել է, ավելին, վերջինիս տեսանելի է դարձել պայուսակի պարունակությունը՝ փաստաթղթերը, դրամապանակս և անձեռոցիկի տուփը: Չբավարարվելով իմ գործողությունից և պատճառաբանելով, որ իրեն տեսանելի չէ պայուսակի հատակը, պահանջել է ամբողջությամբ դատարկել պայուսակի պարունակությունը, ինչին հակադարձել եմ՝ պարզաբանելով, որ իր կողմից արդեն ոչ թե զննվում, այլ փաստացի խուզարկվում եմ, ինչն օրենքով արգելվում է իրականացնել փաստաբանի նկատմամբ»,-հայտնել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Մարինե Թովմասյանը, որը վարչական դատարանում վիճարկել է քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների գործողությունները եւ պահանջել, որպեսզի դատարանն այդ գործողությունները ոչ իրավաչափ ճանաչի:

Նա հայտնել էր, որ 2017թ. մարտի 11-ին, ժամը 11:15-ին մուտք է գործել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ իր պաշտպանյալի հետ կոնֆիդենցիալ հաղորդակցվելու նպատակով: Սակայն հանդիպումը կայացել է ժամը 13:50-ի սահմաններում, քանի որ ժամը 11:15-ից մինչ 13:50-ը, ըստ փաստաբանի, քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից խոչընդոտվել է նրա մասնագիտական պարտականությունների կատարումը:

Փաստացի խուզարկության ժամանակ, ՔԿ աշխատակիցը հայտարարել է, որ թույլ չի տա հաղորդակցվել փաստաբանին պաշտպանյալի հետ, կամ «թույլ կտա միայն այն դեպքում, երբ պայուսակս տեղադրեմ պահատուփի մեջ: Կրկին պարզաբանել եմ, որ պայուսակիս պարունակությունն ըստ էության խուզարկությամբ իրեն տեսանելի է եղել, և ոչ միայն իրեն, այլ նաև տեսանկարահանմանը հետևող աշխատակցին, որը հավանաբար նույն սեռից չէ: Բացի այդ, պայուսակումս առկա են կանացի իրեր, որոնք իր մոտ թողնել չեմ կարող, քանի որ այն, յուրաքանչյուր պահի, հնարավոր է անհրաժեշտ լինեն ինձ, այլ խոսքով՝ արգելված իրեր չեն»:

Սակայն աշխատակիցը վերադասին գրավոր զեկուցագիր է պատրաստել, այն մասին, որ փաստաբանն իբր հրաժարվել է իր իրերը ներկայացնել, ապա գրավոր զեկուցագիրը ներկայացրել է Մարինե Թովմասյանին՝ պահանջելով այն ստորագրել: «Բնականաբար, հրաժարվել եմ ստորագրելուց, պատճառաբանելով և պարզաբանելով, որ զեկուցագիրն իրենց հիմնարկի ներքին գրագրությունն է, որն ինձ ստորագրման չպետք է ներկայացվի, իսկ եթե ցանկանում է ես որևէ փաստաթղթի տակ ստորագրեմ կամ դժգոհությունս գրավոր արտահայտեմ, ապա պարտավոր է կազմել արձանագրություն այն մասին, թե կոնկրետ ի՞նչ գործողության եմ մասնակցում ես՝ խուզարկության, թե՝ զննության, ի՞նչ եղանակով է ինքն իրականացնում այդ գործողությունը և ինչո՞ւ եմ հրաժարվում պայուսակիս պարունակությունն ամբողջությամբ դուրս բերել, այն դեպքում, երբ արդեն իսկ իրեն տեսանելի է եղել այն»,-դատարանին ներկայացրել էր Մարինե Թովմասյանը:

Նույն աշխատակցուհին, սակայն, դրանով չբավարարվելով, փաստաբանին առաջարկել էր իր ուղեկցությամբ գնալ կիսախավար «խուզարկության սենյակը», որտեղ բնական լուսավորությունն ապահովվել է դուռը կիսաբաց թողնելով:

Սենյակում եղած մեկ աթոռի վրա դնելով թղթերը, կքանստած սկսել է կազմել արձանագրությունը, նաեւ՝ փաստաբանի հայտարարությունը:

Առանց ներկայացնելու, թե ինչ «արձանագրեց», մոտ 30 րոպե անհետացել է: Փաստաբանը բարձրաձայնել է, ահազանգել, սակայն որեւէ մեկը չի արձագանքել: «Ստիպված դուրս եկա խուզարկության սենյակ կոչվածից, անցագրային կետում հանձնեցի պահատուփի բանալին՝ պահանջելով բջջային հեռախոսս, որպեսզի հեռախոսազանգով իրավունքիս խախտման մասին իրազեկեմ ՀՀ փաստաբանների պալատի արագ արձագանքման խմբի անդամներին»,-«Առավոտին» ասաց Մ. Թովմասյանը: Ահազանգելով արագ արձագանքման խմբին, նա վերադառնում է ՔԿՀ, պահանջելով, որպեսզի կազմեն նույն արձանագրության երկրորդ օրինակը, այն տրամադրեն իրեն, ինչից հետո ՔԿՀ-ի աշխատակցի պահանջով ուղեկցվել է քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալի աշխատասենյակ:

Երբ փաստաբանը ներկայացրել է իրավիճակը՝ պահանջել վերացնել խոչընդոտը, պետի տեղակալ պարոն Պետրոսյանը վկայակոչել է ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի N 1543-Ն որոշման 90-րդ կետը, համաձայն որի՝ «այլ անձինք անձնական խուզարկության ենթարկվում են կալանավորված անձի կամ դատապարտյալի հետ հանդիպելուց առաջ և հետո: Նրանցից պահանջվում է ցույց տալ հագին եղած հագուստի գրպանների, պայուսակների պարունակությունը և իրենց մոտ գտնվող իրերը»:

Հետեւել էր փաստաբանի հարցը, թե արդյո՞ք փաստաբանն այլ անձ է տվյալ պարագայում և արդյո՞ք պետք է ենթարկվի կառավարության որոշման պահանջին, այն դեպքում, երբ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքով չի թույլատրվում փաստաբանին խուզարկել իր մասնագիտական պարտականություններն անմիջականորեն կատարելիս:

Պետի պաշտոնակատարն ասել է. «Այո, տվյալ իրավիճակում փաստաբանն այլ անձ է»:

Վարչական դատարան էր ներկայացվել նաեւ ՀՀ փաստաբանների պալատի արագ արձագանքման խմբի փաստաբան Արտակ Խաչատրյանի կողմից՝ 2017 թվականի մարտի 11-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կազմված արձանագրության պատճենը:

Հայցվոր փաստաբանի դիտարկմամբ. «Խուզարկությունը քննչական գործողություն է շենքի, տարածքի, տեղանքի, տրանսպորտային միջոցների և առանձին անձանց ստիպողական զննում, որն ուղղված է առանձին իրերի, առարկաների փնտրմանն ու առգրավմանը, որոնք ունեն էական նշանակություն գործի, ինչպես նաև փնտրվող անձանց և դիակի հայտնաբերման համար»:

«Իրավական խնդիրը կայանում է նրանում, որ պատկան մարմինները կարողանան տարբերակել խուզարկությունը՝ զննությունից, ինչը տվյալ պարագայում չի կատարվել: Այլ կերպ ասած, պահանջ ներկայացվում է զննման ենթարկվելու, սակայն զննման գործընթացը վերածվում է խուզարկության՝ հանել գրպանի պարունակությունները, բացել պայուսակը, դուրս հանել պայուսակի պարունակությունը և այլն»,-հայտնել էր Մ. Թովմասյանը:

Նա դատարանի ուշադրությունն էր գրավել այն հանգամանքի վրա, որ տվյալ օրը, տվյալ պարագայում մուտք է գործել քրեակատարողական հիմնարկ՝ մասնագիտական պարտականությունները կատարելու նպատակով, եւ որ ինքը փաստացի ոչ թե զննվել, այլ խուզարկվել է. «Այսինքն, ոչ միայն բանավոր պահանջ է եղել, այլ նաև փաստացի գործողություն, այլ խոսքով, ՔԿ հիմնարկի աշխատակցի պահանջով պայուսակից հանվել են իրեր՝ այն էլ ոչ արգելված»:

Դատարանը բավարարել էր պահանջը:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,

01.12.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31