«Դատական համակարգն այսօր գործում է կառավարությունից անկախ, ես դա երաշխավորում եմ: Դա վատ չէ, բայց մենք ունե՞նք երաշխիքներ, որ դատական համակարգը գործում է «նախկին տերերից» անկախ»,-նախընտրական հավաքի ժամանակ այսօր նման հարցադրում արեց «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նա նկատեց. «Սկզբունքորեն, պիտի որ այդ ազդեցության լծակներն այլեւս չլինեն, բայց հասկանում ենք, որ ներկայիս պաշտոնյաների մեծ մասը նշանակված են նախորդ համակարգի կողմից: Մենք ասել ենք, որ կադրային ջարդ չենք անելու, բայց այս ընթացքում ի հայտ են եկել եւ ի հայտ կգան խնդիրներ, որոնք օրենսդրական բարեփոխումների միջոցով կլուծվեն»:
Փաշինյանն այնուհետեւ վերահաստատեց, որ ՀՀ-ում քաղբանտարկյալներ այլեւս չպետք է լինեն. «Որպեսզի որեւէ մեկը քաղբանտարկյալ չհամարվի, անհիմն քրեական հետապնդում չպետք է լինի»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ