Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդիկ պահանջում են ընտրատեղամասերը հարմարեցնել

Դեկտեմբեր 03,2018 13:52

Դպրոցների, մանկապարտեզների, համատիրությունների եւ այլ հասարակական նշանակության օբյեկտների շենքերում տեղակայված ընտրատեղամասեր հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված չենԱմեն ընտրությունից առաջ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ներն այս խնդիրն արծարծում են, սակայն այն այդպես էլ չի լուծվում: Ընտրությունների օրերին տեղաշարժման խնդիրներ ունեցող շատ քաղաքացիներ մնում են տանը փակված՝ չնայած Ընտրական օրենսգրքի պահանջով ընտրատեղամասերը պետք է հասանելի լինեն:
Բացի այդ, Հայաստանը 8 տարի առաջ է նման
պարտավորություն ստանձնել՝ վավերացնելով հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանության ՄԱԿի կոնվենցիան: Դրանով մեր պետությունը պարտավորվել է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալապես ներառել հասարակություն, ստեղծել արժանապատիվ կյանք վարելու պայմաններ ու հնարավորություններ:

«Ունիսոն» հասարակական կազմակերպության ղեկավար Արմեն Ալավերդյանն այսօր «Տեսակետ» ակումբում կառավարության պատասխանատուների, Երեւանի իշխանությունների առաջ կրկին բարձրացրեց այդ խնդիրը՝ նշելով, որ մոտ օրերս հանդիպելու են վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին հենց այս հարցերը քննարկելու: Պարոն Ալավերդյանի խոսքով, ընտրական գործընթացներում քաղաքական ուժերն այդքան մեծ ռեսուրսներ են ներգրավում, սակայն քարոզարշավները չեն զուգորդվում սուրդո՝ ժեստերի լեզվով թարգմանություններով, որպեսզի չլսող մարդիկ էլ ծանոթանան նախընտրական ծրագրերին: Ըստ նրա, չտեսնող մարդկանց համար էլ չկան պայմաններ:

Մանրամասները՝ տեսանյութում

 

«Խոսում ենք համընդհանուր ներառական կրթությունից, բայց երեխաները չունեն հնարավորություն գնալ հանրակրթական դպրոց եւ ստանալ նորմալ կրթություն: Հաշմանդամություն ունեցող աշխատունակ տարիքի մարդկանց 8-9 %-ն է աշխատում, մինչդեռ այդ տոկոսը կարող էր ավելի մեծ լինել եւ այդ մարդիկ ոչ միայն նպաստ չէին ստանա պետությունից, այլեւ հարկեր կվճարեին, հասարակության լիարժեք անդամ կլինեին»:

Արմեն Ալավերդյանի տվյալներով՝ մեր երկրում գրանցված է հաշմանդամություն ունեցող 187 հազար քաղաքացի, սակայն պարոն Ալավերդյանը վստահ է, որ այդ թիվն ավելի մեծ է. «Նրանցից շատերը մնում են տանը փակված, այդ պատճառով իրական թիվը չէ այդ 187 հազարը: Բոլոր հասարակություններում էլ հաշմանդամություն ունեցող մարդիկ կազմում են հասարակության մոտ 15 տոկոսը»:

Պարոն Ալավերդյանը կառավարությունից պահանջում է 100 տոկոսանոց մատչելիություն. «Հոգնել ենք լսելով, որ դպրոցները, մանկապարտեզները սովետական տարիներին են կառուցվել եւ հարմար չէ տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդկանց: Բայց դա մեր խնդիրը չէ, թող այնպիսի վայրերում դրանք տեղակայեն, որպեսզի հարմար լինի: Տեխնիկայի դար է, գոյություն ունի էլեկտրոնային քվեարկություն»:

 

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31