Լրահոս
Օրվա լրահոսը

Որքան հեռանում ենք, այնքան Թումանյանի կարիքը շատ ենք զգում

Դեկտեմբեր 03,2018 15:00

Մինչև Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը հաշվված օրեր են մնացել։ Հետաքրքիր է, թե ինչպե՞ս են դիմավորում իրենց պապի հոբելյանը Թումանյանի շառավիղները՝ ի դեմս թոռնուհիների և ծոռների։ Թոռնուհիներից մեր կողքին են Իրմա Սաֆրազբեկյանը և Սուրմա Թումանյանը։ Մեր զրուցակիցը բանասիրական գիտությունների դոկտոր Իրմա Սաֆրազբեկյանն է։

– Տիկին Իրմա, եթե չեմ սխալվում, 8 տարի առաջ «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախաձեռնությամբ Հայաստանում էին հավաքվել թումանյանների շառավիղները։ Որտե՞ղ են նրանք և կրկին Դսեղ կգա՞ն։

– Իհարկե, կգան, եթե հրավիրվեն հոբելյանական միջոցառումներին։ Այնպես է ստացվել, որ Թումանյանի ժառանգները ապրում են Հայաստանից դուրս՝ Ռուսաստանում և Եվրոպայում։ Բայց իրենց պապի և մեծ պապի նկատմամբ նրանց սերը չի նվազում, և առիթը բաց չեն թողնում լինելու Հայաստանում և Դսեղում։ Մերոնք, ցավոք, այնքան էլ շատ չեն` 20-25 հոգի։

– Բայց նրանք բոլորն էլ հավատարի՞մ են Թումանյանի ընտանիքի ավանդույթներին։

– Անկասկածս, բնական է, որ մեզանից ամեն մեկը ապրում է Թումանյանով, օրինակ, թոռնուհի Սուրման գիրք է գրել իր հոր՝ Թումանյանի որդու՝ Արեգի մասին՝ օգտագործելով ընտանեկան գրագրությունները։ Ես էլ տպագրության պատրաստեցի՝ հայերեն և ռուսերեն լեզուներով Թումանյանի այրուն` Օլգա Թումանյանին նվիրված գրքերը (այն սիրով տպագրեց «Էդիթ –Պրինտ» հրատարակչությունը), որոնցում ձգտել ենք կերտել մեր տատիկի կերպարը, ով Թումանյանի մահից հետո ոչ միայն բարձր պահեց մեր ընտանիքի պատիվը, այլև եղավ գերդաստանի պահապան-հրեշտակը, ընդ որում՝ նաև շատ դժվարին և խառն ժամանակներում։ Անկասկած, այսօր մեր գերդաստանը հետևում է այն ամենին, ինչ կատարվում է թումանյանական աշխարհում, օրինակ, ամեն տարի «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը հոկտեմբերի առաջին շաբաթ օրը Դսեղում «Թումանյանական օրվա» շրջանակներում ոգեկոչում է Թումանյանի բարի հիշատակները և ստեղծագործությունները։ Այս տարի հոբելյանին ընդառաջ կազմակերպվել էր նաև «Թումանյանական աշխարհ» բացօթյա գեղանկարչության միջազգային փառատոնը։ Այդ ընթացքում ստեղծված աշխատանքները կցուցադրվեն Երևանում` հոբելյանի օրերին` հաջորդ տարի։

– Ստեղծվել է պետական հոբելյանական հանձնաժողով, որպեսզի հնարավոր լինի արժանապատիվ նշել այդ կարևոր հոբելյանը։ Տեղյա՞կ եք, թե ինչ միջոցառումներ են լինելու:

-Իհարկե, դա շատ կարևոր է և ողջունելի, բայց ինչու այդ հանձնաժողովում այդպես էլ տեղ չգտավ որևէ թումանյանագետ, որպեսզի ավելի մեծ խորությամբ ու լայն տեղեկատվությամբ ընկալվի և նշվի մեր ժողովրդի համար կարևոր այդ հոբելյանը։ Ցավոք, տեղյակ չեմ ծրագրվելիք միջոցառումների մասին:

– Գուցե այս ընթացքում հանձնաժողովին կարո՞ղ էին օգտակար լինել Թումանյանի ժառանգները։

– Այո, մեզ համար ինչ-որ տեղ վիրավորական է: Մենք կարող էին շատ իրողություններ հուշել, նրա ստեղծագործության շատ ծալքեր բացել, նոր նյութեր տրամադրել: Օրինակ, ես Թումանյանի մասին տասը գիրք եմ գրել: Վերջիններից մեկը կոչվում էր «Կյանքի էջերից» և շատ քչերն են երևի կարդացել: Թե չէ, օրինակ, այնպես է ստացվում, որ ԶԼՄ-ներում հրապարակումներ են հայտնվում` չճշտված փաստերով ու տվյալներով ու ոչ ոք չի արձագանքում։ Կուզեի առիթը օգտագործել և դիմել խմբագիրներին, ասելով՝ հարկ եղած դեպքում օգտագործեք սակավ մասնագետների գիտելիքները կամ գոնե հաղորդակից եղեք Արամ Ինճիկյանի, Էդուարդ Ջրբաշյանի, Լևոն Հախվերդյանի, Մագդա Ջանփոլադյանի, Սուսաննա Հովհաննիսյանի և այլոց վերլուծություններին։ Ցավոք, այդ թումանյանագետներից քչերն են մեր կողքին։ Եվ թումանյանների ժառանգները կուզենային, որ պատեհության դեպքում բանասիրական գիտությունների դոկտոր Սուսաննա Հովհաննիսյանը հոբելյանական տարում սկսեր գլխավորել Թումանյանի՝ Երևանի թանգարանը։ Գոնե այս անգամ մասնագետ լինել և ոչ թե նշանակվել մեկը` դարձյալ որևէ չինովնիկի ցանկությամբ:

-1922 թվականի մարտի 7-ին, երբ պատրաստվում էր բարդ վիրահատության, իր մահճի շուրջը հավաքեց իր ընտանիքի անդամներին։ Ի՞նչ ուղերձներ հղեց նրանց։

– Համամարդկային, որ եթե ինչ-որ բան իր հետ պատահեր վիրահատության ժամանակ, ոչինչ չասել բժիշկներին, եթե անգամ նրանց մեղքով անդառնալին լիներ։ Նա ընտանիքին կոչ արեց միասնական լինել, հարգել և սիրել, օգնել միմյանց, կարողանալ զիջել ու ներել՝ մի խոսքով, օջախը պահել այնպես, ինչպիսին կա։ Նա ասաց, որ միշտ նրանց հետ է լինելու: Իսկ ընտանիքը պետք է միշտ համերաշխ լինի։ Նա նաև խորհուրդ տվեց խնայել գրադարանը, այրել չավարտված ստեղծագործությունների ձեռագրերը (ինչը և ինքն էր անխնա անում)։

– Եթե չեմ սխալվում, նրա պատգամներից մեկը չի կատարվել։ Ճի՞շտ եմ ասում։

-Այո։ Նա այդ ժամանակ ցանկություն է հայտնել մահից հետո ամփոփվել Դսեղում՝ Դդդի ուսին, գյուղի բարձրադիր վայրում գտնվող գերեզմանատանը։ 1994 թվականին կիսով չափ կատարվեց նրա պատգամը, կառուցվեց մատուռ և այնտեղ ամփոփվեց մեծն Թումանյանի մինչ այդ ժամանակ պահպանվող սիրտը։

-Մտածում եք, որ մի օր կկատարվի՞ նրա ցանկությունը։

-Ավելի քան վստահ եմ, որ նա հանգիստ է Խոջիվանքի պանթեոնում, բայց երևի թե պետք է մի օր իրականություն դարձնել Թումանյանի ցանկությունը։

-Իսկ ի՞նչ է Ձեզ համար Ձեր պապի, մեծ բանաստեղծի և մարդասերի հոբելյանը։

– Միշտ էլ Թումանյանի հոբելյանը մեր ժողովուրդը ընկալել է որպես ժողովրդական տոնախմբություն և այդպես էլ կուզենամ, որ այն լինի 2019-ին, երբ մենք կարողանանք ամեն մեկին հիշեցնել Թումանյանի մասին, ինչ-որ տեղ մեր ապրած և չապրած ժամանակները հարստացնել թումանյանական իմաստնությամբ, փիլիսոփայությամբ, մարդասիրությամբ, մտահոգություններով, ինչու չէ՝ նաև ուրախություններով։ Հենց այս մտայնությամբ էլ վերահրատարակության ենք պատրաստել «Թումանյանը՝ քննադատ» գիրքը, որը առաջին ու վերջին անգամ լույս է տեսել 1939 թվականին։ Շուրջ 200 էջով հավելումներ են կատարվել՝ նոր մոտեցումներով ու նյութերով։ Հուսով եմ, որ պետական հոբելյանական հանձնաժողովը նոր գրքեր կհրատարակի Թումանյանի ստեղծագործություններով և դրանց վերլուծություններով։ Բայց ես շնորհակալ եմ, «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամից, որը ոչ միայն նորոգեց Դսեղի տուն-թանգարանը, այլև խոստացավ հրատարակել վաղուց իրենց լույս աշխարհ գալուն սպասող շուրջ մեկ տասնյակ գրքեր։

– Իսկ չե՞ք մտածում, որ ժամանակն է Թումանյանին աշխարհին ներկայացնելու համացանցային հնարավորություններն ավելի ամբողջական օգտագործել։

– Անխոս, այո։ Դա մեր կարևոր նպատակներից մեկը պետք է լինի, մանավանդ Թումանյանը թարգմանված է աշխարհի բազմաթիվ լեզուներով, և այսօր ավելի լայն է թումանյանական աշխարհը տարբեր երկրների ընթերցողներին ավելի արագ և հասցեական ներկայացնելու հնարավորությունը։ Թումանյանը մեր ժողովրդի հպարտությունն է, հավերժի ճամփորդը, ուստի նրա ծննդյան 150-ամյակի այս հանգրվանում պետք է ոչ միայն նրան լիովին և ամբողջական հասկանալ և ներկայացնել Թումանյանին, այլև նրա գրական և հոգևոր ժառանգությունը գրքերի, տարբեր ստեղծագործությունների` կինոնկարների, ներկայացումների տեսքով փոխանցել ներկա և գալիք սերունդներին:

Հարցազրույցը վարեց ԿԱՐԻՆԵ ՏԻՏԱՆՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ,

01.12.2018

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31