Լրահոս
Օրվա լրահոսը

Արտասահմանցի երաժիշտները ցանկություն են հայտնում Հայաստանում հմտանալ դիրիժորական արվեստում

Դեկտեմբեր 03,2018 14:00

Հավաստիացնում է Հարություն Արզումանյանը

Վերջին 30 տարիների ընթացքում ինչ-ինչ պատճառներով մեր մշակութային օջախներում, հիմնականում երաժշտարվեստի ոլորտի, ղեկավարի փոփոխությունը «հայոց հարց» է դառնում: Չգիտես ինչու, սկսում ենք ապագա «շեֆերին» որոնել դրսում, ասածը այս դեպքում վերաբերում է հատկապես դիրիժորներին: Օրինակներ կան՝ Լորիս Ճգնավորյան, Արամ Ղարաբեկյան… Ժամանակին Հայաստան է հրավիրվել ու ստեղծագործել նույնիսկ Վալերի Գերգիեւը…, Ղարաբեկյանին հաջորդեց ֆրանսաբնակ Վահան Մարտիրոսյանը եւ այլն: Ժամանակին «Առավոտի» հետ զրույցում Ազգային օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր Օհան Դուրյանը, որի շուրջ խոսակցություններ էին պտտվում, թե «վերեւները» մտածում են նրան մեկ ուրիշով փոխարինելու մասին, մեզ ասաց, որ իրեն Վազգեն Սարգսյանը նշանակել է այդ պաշտոնում ցմահ: Մինչդեռ հայտնի է, որ ցմահ է միայն կաթողիկոսի «աթոռը»:

Բարձրակարգ երաժիշտների (ջութակահար, դաշնակահար, երգիչ եւ այլն) «մասով» միանշանակ դեֆիցիտ չունենք, ավելին՝ մեր կոնսերվատորիայի ուսանողներին նույնիսկ ձեռքից ձեռք են խլում «դրսում»:

Անդրադառնալով դիրիժորներին, փաստենք, որ վերջերս Վարշավայում Պենդերեցկու հոբելյանին հրավիրված աշխարհահռչակ դիրիժորների աստղաբույլում նաեւ մեր դիրիժորական դպրոցի ներկայացուցիչներն էին՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանն ու պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը: Հայ դիրիժորական դպրոցի որոշ ներկայացուցիչների արվեստը իրենց ուշադրության կենտրոնում են պահում ճանաչված իմպրեսարիոներ եւ գործակալություններ: Օրինակ՝ առաջին անգամը չէ, որ դիրիժոր Հարություն Արզումանյանը հրավիրվում է վարպետության դասեր անցկացնելու արտերկրում: Անցյալ տարի հանդիպեցինք Իրանի Իսլամական Հանրապետության պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Պույա Սարային, որը Երեւան էր ժամանել հատուկ մեր դիրիժորի մոտ մասնավոր դասեր առնելու նպատակով:

Վերջերս Հարություն Արզումանյանը գտնվում էր Իսպանիայում: Լայն ընթերցողին տեղեկացնենք, որ դիրիժորին շուրջ 25 տարի հանդիպում ենք մեր պետական կամերային, ֆիլհարմոնիկ, սիմֆոնիկ նվագախմբերը ղեկավարելիս, նա հանդիսանում է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային պատրաստության ամբիոնի պրոֆեսոր, ժամանակին վարել է նաեւ մասնագիտական դասարան: Այսօր Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Երվանդ Վարոսյանը ուսանել է Արզումանյանի ղեկավարությամբ: Շուրջ մեկ տարվա ընթացքում Ազգային օպերային թատրոնը նրան վստահել է Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետի, Դոնիցետիի «Պողիկտոս», Չուխաջյանի «Կարինե», Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերաների, ինչպես նաեւ «Շոպենիանա» բալետի վերականգնման առաջնաելույթների ղեկավարումը: Աշնան սկզբին էլ Դուբայում եւ Քուվեյթում դիրիժորը ղեկավարել է «Կախարդական սրինգը»: Ի դեպ, այս օպերայով է բացվել Քուվեյթի թատրոնը եւ ըստ մեր տեղեկությունների՝ հենց այդ ներկայացումը՝ իբրեւ թատրոնի պատմության ելակետ, պատրաստվում են ֆիլմի վերածել:

«Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով Իսպանիայում անցկացրած վարպետության դասերին, Հարություն Արզումանյանն ասաց, որ դասերն անցկացրել է Բարսելոնա եւ Կորդոբայ քաղաքներում, մասնակցել են ինչպես Իսպանիայի երաժշտական հաստատությունների ուսանողներ, այնպես էլ սեփական նվագախմբերն ունեցող փորձառու դիրիժորներ, այդ թվում՝ նաեւ ԱՄՆ-ից, Կանադայից, Իտալիայից, Իսպանիայից, Ֆիլիպիններից: Իսկ հրավերը ստացել է ճանաչված իսպանացի մենեջեր Պաբլո Վերդարոյի կողմից, որը նաեւ նախկինում իրեն հրավիրել էր վարպետության դասերի եվրոպական այլ երկրներ, մասնավորապես՝ Իտալիա:

Կեսկատակ-կեսլուրջ հետաքրքրությանը՝ անկո՞ւմ են ապրում եվրոպական եւ ամերիկյան դիրիժորական դպրոցները, մեր զրուցակիցը պատասխանեց. «Կարող եմ խոսել փաստերով եւ հետո դուք դա այդքան գլոբալ մի դիտարկեք: Օրինակ, Ամերիկայից ժամանած մեկ-երկու իսկապես փորձառու դիրիժորներ դժգոհություն հայտնեցին իրենց երաժշտական բուհերից, այդ թվում բարձրաձայնեցին մեկ հռչակավոր հաստատության անուն, հավաստիացնելով, որ կրթական մակարդակը անկում է ապրում»: «Նյու Յորքի մի հռչակավոր բուհի ուսանող ասաց, որ ազնիվ չէ տարեկան մեզնից գանձել 30 հազար դոլար եւ դրա դիմաց ոչինչ չտալ: Ընդ որում, աղջնակի խոսքը վերաբերում էր դիրիժորության դասախոսին: Փոխարենը նա գոհունակություն հայտնեց դաշնամուրի իր պրոֆեսորից, ավելին՝ որոշ երիտասարդներ ցանկություն հայտնեցին գալ Երեւան՝ դիրիժորական արվեստում հմտանալու նպատակով»,- ասաց դիրիժորը:

Զրույցի ընթացքում Հարություն Արզումանյանը տեղեկացրեց, որ Բերսելոնայից իրեն ուղեկցել են նշանավոր Մոնսերատ մենաստան, որն աշխարհին հայտնի է նաեւ իր արական երգչախմբով: «Առաջին անգամ Շուբերտի «Ավե Մարիան» լսեցի երգչախմբի համար իսպանացի կոմպոզիտոր Բեռնար Վիվանկոսի փոխադրմամբ: Հրաշք է, իսկապես միստիկ մի նոր ստեղծագործություն… Պատրաստվում եմ դա գործիքավորել նվագախմբի եւ երգչախմբի համար եւ մինչեւ Ամանոր ներկայացնել հայաստանցի հանդիսատեսին»,- հայտնեց Հարություն Արզումանյանը:

Մեր զրուցակցից տեղեկացանք, որ դեկտեմբերի 17-ին Ազգային օպերային թատրոնում կկայանա հիշատակի երեկո՝ նվիրված տաղանդավոր վաղամեռիկ բալետի արտիստ Վահագն Մարգարյանին, թատրոնի նվագախմբի, երգչախմբի, բալետային խմբի, մեներգիչների ու մենապարողների մասնակցությամբ, հրավիրված է նաեւ Սոնա Հովհաննիսյանի ղեկավարած «Հովեր» պետական կամերային երգչախումբը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,

01.12.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31