«Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր նախընտրական հավաքի ժամանակ անդրադարձավ այն փաստին, որ ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել է ԱԺ-ին՝ Բնապահպանության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանի՝ հայտնի որպես «Բուլկի Արամ», հանդեպ քրեական հետապնդում հարուցելու եւ կալանավորելու համար:
«Նա կասկածվում է 14 միլիոն դոլար կաշառք վերցնելու համար: Դա քիչ է, թե շատ, քննությունը կպարզի: Սա հերթական դրսեւորումն է եւ ապացույցն այն բանի, որ կոռուպցիայի դեմ պայքարում մենք լինելու ենք հետեւողական»,-վստահեցրեց Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը հավելեց. «Այս գործի վերաբերյալ քաղաքացին հայտարարություն տվել է, եթե չեմ սխալվում, մոտ չորս ամիս առաջ: Ըստ գործի նյութերի, քանի որ այդ գործողությունները կատարվել էին օտարերկրյա բանկերի միջոցով, քրեական գործի քննությունը պատշաճ չէր կարող շարունակվել, քանի դեռ այլ պետություններից մեկից պաշտոնապես չստացվեր ՀՀ քննչական մարմնին ուղղված պատասխանը: Դրա գալը տեւեց մոտ հինգ ամիս: Բոլոր անհրաժեշտ տվյալները քննչական մարմիններն ունեին, նախապես գիտեին, բայց պաշտոնական պատասխան էր պետք»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ