Լրահոս
Օրվա լրահոսը

Սպառողի առողջությունը՝ առաջնային պայման

Դեկտեմբեր 03,2018 13:35

Ջրի որակի վարչությունում առավոտը սկսվում ու «չի ավարտվում»

Որակն այսօր ամենուր առաջնային խնդիր է:

Ժամանակի պահանջն է այդպիսին: Արդյունաբերություն թե կենցաղ՝ կամ մրցակցությունն է գործարարներին ստիպում այս ուղղությամբ աշխատել, կամ համակարգը կարգավորող մարմիններն ու օրենսդրությունը:

Այս առումով Վեոլիա ջուրը բացառություն չէ: Ավելին, Հայաստանի միակ ջրամատակարարի պատասխանատվությունը կրկնակի է, քանի որ գործ ունի խմելու ջրի, կամ ինչպես Արեւմտյան երկրներում են ասում՝ սննդամթերքի հետ:

Բաժանորդին հասնող խմելու ջրի պահանջվող որակի ապահովման պատասխանատուն համակարգում Տեխնիկական տնօրինության Որակի վարչությունն է: Այն իր կազմում ունի 7 խոշոր ռեգիոնալ լաբորատորիաներ՝ հագեցած ժամանակակից սարքավորումներով՝ խմելու ջրի մանրէաբանական եւ ֆիզկաքիմիական մանրակրկիտ հետազոտությունների իրականացման հնարավորությամբ:

Սակայն աղբյուրներից ջուրը բնակավայրեր՝ սպառողին, հասցնողը համակարգի «Արեւմուտք» եւ «Արեւելք» տարածաշրջանային տնօրինությունների տեղամասերն են, որոնք գործում են Նոյեմբերյանից մինչեւ Մեղրի, Գյումրիից մինչեւ Վարդենիս: Դրա համար վերջիններս իրենց հերթին ունեն տեղամասային լաբորատորիաներ, իհարկե, ավելի փոքր, խմելու ջրի որակի մշտադիտարկման ու օպերատիվ ստուգումների համար:

Եթե դրանք, պատկերավոր ասած, համակարգի «տեղամասային պոլիկլինիկաներն» են, որոնք ջրի առաջնային հետազոտություն են իրականացնում, ապա ռեգիոնալ լաբորատորիաները հանդես են գալիս «հիվանդանոցների» դերում, որոնք ջրի ավելի խորքային հետազոտություն են կատարում ու «բուժում նշանակում»: Ավելին, անհրաժեշտության դեպքում վերջիններս իրենք են սեփական ավտոտրանսպորտով ու մասնագետներով օգնության գալիս շահագործման տեղամասերին՝ խմելու ջրի որակը ստուգելու համար: Մի խոսքով, Ընկերության ստորաբաժանումների միջեւ համագործակցությունը սերտ է, շահագրգռվածությունն էլ հասկանալի. ջրի որակի ապահովումը բոլորի խնդիրն է համակարգում:

Վարչությունում առավոտը սկսվում է ու «չի ավարտվում»: Լաբորատոր աշխատանքները ոչ հանգստյան օրեր են հարցնում, ոչ էլ ազատ ժամանակ: Գրաֆիկը խիստ հագեցած է: Վարչության ղեկավար Լևոն Ղուկասյանը մեկ տարուց ավելի է, ինչ գտնվում է Վեոլիայի ընտանիքում ու ասում է, որ լարվածությունն այստեղ մշտական է: Որակի ապահովման հարցում կատարելությունը սահմաններ չունի: Միշտ էլ անելու բան կա: Կարեւորը զգոնությունը չկորցնելն է:

  • Երբ հայտնվում ենք «դեպքի վայրում», – ասում է նա, – ամեն մի կարգավիճակ ու պաշտոն հետին պլան է անցնում: Բոլորս մտածում ու աշխատում ենք մեկ նպատակով՝ հնարավորինս արագ շտկել իրավիճակն ու ապահովել խմելու ջրի պահանջվող որակը: Գործի մեջ ժամանակն էլ ենք մոռանում, հոգնածությունն էլ: Սա թիմային աշխատանք է, ու արդյունքն էլ բոլորինս է:

Մնացորդային քլոր, ջրածնային ցուցիչ, ջրի կոշտություն և պղտորություն. սրանք այն չորս պարամետրերն են, որոնց միջոցով իրականացվում է խմելու ջրի որակի ամենօրյա հսկողությունը: Սակայն այսքանով «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի լաբորատորիաներում իրականացվող ուսումնասիրությունները չեն ավարտվում։ Դրանք հավելվում են նաև  ընդհանրացված, զգայորոշական, մանրէաբանական ցուցանիշների, օրգանական և անօրգանական նյութերի որոշման հետազոտություններով։ Վերջին շրջանում վարչության ենթակայության տակ գտնվող լաբորատորիաներում մեթոդների կատարելագործման, նոր սարքավորումների ձեռքբերման, աշխատանքների ընթացակարգերի օպտիմալացման, գրանցամատյանների մշակման մասով զգալի առաջընթաց է գրանցվել: Մասնավորապես, ձեռք են բերվել ժամանակակից սարքավորումներ, որոնց շնորհիվ հնարավոր է դարձել արագ արձագանքել առաջացող խնդիրներին, ու ստանալ իրավիճակի լիարժեք պատկեր:

Վարչությունը վերահսկում ու սպասարկում է Հայաստանում վարձակալության պայմանագրով «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի սպասարկմանը հանձնված տարածքները՝ Երևանում և մարզերում, ընդամենը 356 բնակավայր: Իսկ սա ավելին քան 550 հազար ակտիվ բաժանորդներ են, որոնք երբեմն ահազանգում են՝ կապված ջրի որակի հետ:

  • Շատ հաճախ, այցելելով բնակարաններ, տեսնում ենք, որ բողոքը մեզ չի վերաբերվում, ակնհայտորեն գործ ունենք սպառողի սուբյեկտիվ կարծիքի հետ: Այնուամենայնիվ, քանի որ խոսքը ջրի որակի մասին է, բնակչին միայնակ չենք թողնում իր խնդրի հետ: Նախ, պարտադիր կարգով ջրի նմուշառում ենք կատարում ու որակը ստուգում, եւ հետո՝ առաջարկում ենք իրավիճակային լուծումներ, – ասում է Լեւոն Ղուկասյանը:

Ջրաղբյուրներ, օրվա կարգավորիչ ջրամբարներ, բնակավայրերի բաշխիչ ցանցի հանգուցային կետեր, սպառողներ …  Որակի վարչության մասնագետներն ամենուր են ու ամենահաս. ջրի որակն ու բնակչի առողջությունը առաջնային է Վեոլիա Ջուր ընկերության համար:

 

Հ.Գ. Վեոլիա Ջուր ՓԲԸ-ում ջրի որակի ստուգման կարգին ավելի մանրամասը կարելի է ծանոթանալ հետեւյալ հղումով https://www.veolia.am/hy/sparhoghneri-hamar/sparhoghneri-hamar/jri-orak

 

 

Վեոլիա ջուր ՓԲԸ

Հանրային կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31