Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Մելիք-Շահնազարյան. «Երկրի ղեկավարի որդի չի եղել, որ չի ծառայել ազգային բանակում». a1plus.am

Դեկտեմբեր 03,2018 13:20

Հարցազրույց «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ

-Ներքին լսարանի համար օգտագործվող հայտարարություններն ինչպե՞ս են կարող օգտագործվել հակառակորդ պետության քարոզչամեքենաների համար։

-Թե՛ քաղաքական դաշտը, թե՛ հասարակությունը իսկապես ադեկվատ չէ այն մարտահրավերներին՝ ներքին և արտաքին, որոնք գոյություն ունեն այսօր։ Մեր գործողությունների մեջ, ցավոք սրտի, այդ գործոնները հաշվի չենք առնում։ Օրինակ՝ երբ որ վարչապետ Փաշինյանը սպառնում է հայկական բանակի գեներալիտետին, հաշվի չի առնում, որ դա կարող է շատ լավ ուղերձ լինել հակառակորդին, որ երկրի ներսում քաղաքական իշխանության և ռազմական վերնախավի միջև խնդիրներ կան։ Եվ դա հարմար առիթ է, օրինակ, ինչ-որ ռազմական գործողություններ իրականացնելու համար։

Կամ երբ որ վարչապետն ասում է, որ ամեն ինչ թալանված է բանակում և այլն, այսինքն՝ դա ուղերձ է հակառակորդին, որ բանակը կազմաքանդված վիճակում է, այն չէ, ինչ որ ներկայացվում է հակառակորդի քարոզչամեքենայի կողմից։ Եվ ինչ-որ հետևություններ անում է, հասկանում է, թե որ ուղղություններով է կարելի աշխատել, թե որ ուղղություններով չի կարելի աշխատել։

Նույնը վերաբերում է ընդդիմադիրների գործունեությանը։ Երբ որ նորից ինչ-որ քաղաքական դիվիդենտներ այս պահին, այսրոպեական դիվիդենտներ ստանալու համար մեղադրանքներ են հնչեցնում երկրի իշխանություններին, պետական կառույցներին և այլն, որոնց հիմքում բավական մեծ փակ տեղեկատվության բացահայտման գործընթաց է տեղի ունենում։ Եվ իսկապես եթե մենք խոսենք մեր անվտանգության մասին, ապա իմ կարծիքով հակառակորդը, ոչ միայն մեր դեմ քարոզչություն կազմակերպելու լավ հնարավորություն է ստանում, այլ նաև տեղեկատվական հավաքագրում անելու, վերլուծելու որոշակի նյութ է ունենում, որը բնականաբար ինքնին սպառնալիք է դառնում ազգային անվտանգության համար։

-Փաշինյանն, օրինակ, չպե՞տք է խոսի իր որդու ծառայության վերաբերյալ, չպե՞տք է նշի, որ առաջին ՀՀ ղեկավարն է, ում որդին ծառայում է ԼՂՀ-ում։ Դա մյուսների համար էլ օրինակ կարող է լինել։

-Ցանկությունն է եղել, որ հանրությունն ատի նախկին իշխանության ներկայացուցիչներին և հնարավորինս շատ ձայն տա «Իմ քայլը» դաշինքին և անձամբ Նիկոլ Փաշինյանին։ Այսինքն՝ ես դա չէի կարող որևէ կերպ քաղաքական նպատակ կոչել, բայց ակնհայտ է, որ Փաշինյանի նպատակը դա էր։ Մենք այս հայտարարություններում մի քանի կարևոր բաների հետ գործ ունենք։ Նախ դա քաղաքական անպատասխանատվության ու սուտասանության մասին է։ Ինքը փաստացի խոսում է իրենից առաջ եղած 2 նախագահների, իսկ 3-րդը որդի չունի, և պարզվում է, որ ունեցողների որդիներն էլ ծառայել են։ Այսինքն՝ երկրի ղեկավարի որդի չի եղել, որ չի ծառայել ազգային բանակում։ Մինչդեռ ինքն ասում էր, որ միայն իր որդին է ծառայում։ Ի տարբերություն Փաշինյանի՝ ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանը, ո՛չ Ռոբերտ Քոչարյանը իրենց որդիների ծառայությունը քարոզչության նյութ չեն դարձրել։ Որովհետև ենթադրում եմ, որ կարծել են դա բնական գործընթաց է, և պետք է լինի։ Եվ էստեղ յուրահատուկ ինչ-որ քարոզելու, գովելու, այլ կերպ ներկայացնելու ո՛չ կարիք կա, ո՛չ տեղն է, ոչ էլ իմաստ ունի այդ ամենն այդպես անել։ Այսինքն՝ մոլորեցնում է ժողովրդին, հետո սկսում է վերադասավորել, թե Երևանում են ծառայել, մեքենա են քշել, էս են արել, էն են արել։ Ի դեպ, ասեմ՝ ես տեսա Քոչարյանի որդիներից մեկի լուսանկարները, որոնցից ակնհայտ է, որ Երևանում չի ծառայել։

Այսինքն՝ էստեղ նույնպես անթույլատրելի է, որ երկրի ղեկավարը հանդես գա այնքան թույլ փաստարկներով, որոնք այդպես հեշտ ջախջախվեն և, ըստ էության, կերպարը ձևավորվի, որն այդքան էլ դրական կերպար չէ մեղմ ասած։

Ինչ վերաբերում է Արցախի իշխանության ներկայացուցիչներին կամ ցանկացած արցախահայի այն իրավունքին, թե ինչպես մեկնաբանել մեր հայաստանյան գործընթացները, ապա իսկապես ինձ համար շատ անսպասելի էր Նիկոլ Փաշինյանի նման մոտեցումը։ Ընդհանրապես չէի կարող ենթադրել, որ երբևէ ՀՀ ինչ-որ ղեկավար այսպես կօտարացնի Արցախի հայկական իրողությունը։ Որովհետև հասկանալի է, որ դրա մասին նույնիսկ գրեցի համացանցում, որ ժամանակին մենք փորձում էինք օտարներին համոզել, որ Արցախն առանձին պետություն է և այլն, պետք է ճանաչվի։ Բայց, ըստ էության, դրանում համոզվել է մեր այսօրվա ղեկավար վարչապետը, որը շատ օտարի պես է վերաբերվում Արցախի իշխանություններին և նրանց գործելաոճին։ Մնում էր պակաս, որ Արցախի ներկայացուցչին հրավիրեին արտգործնախարարություն և բողոքի նոտա փոխանցեին նրան՝ ասելով՝ «Ինչո՞ւ եք մեր գործերին միջամտել»։ Մինչդեռ Արցախի իշխանությունների որևէ ներկայացուցիչ իրականում միջամտության փորձ անգամ չի արել։ Նրանք պարզապես հայտնել են իրենց կարծիքն այն տիրույթում, թե ինչպես կարող անդրադառնալ այդ քաղաքական գործընթացներն Արցախի հետագա անվտանգության վրա։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31