Լրահոս
Օրվա լրահոսը

Պետությունը պետք է երաշխավորի հաշմանդամություն ունեցող անձանց կողմից իրենց իրավունքների ինքնուրույն և արժանապատիվ իրացումը

Դեկտեմբեր 03,2018 11:40

Դեկտեմբերի 3-ը նշվում է որպես հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր։ ՄԱԿ-ի կողմից սահմանված այս օրը ևս մեկ անգամ առիթ է բարձրաձայնելու, որ մեր երկրում առկա կարծրատիպերի արդյունքում հաշմանդամություն ունեցող անձինք հաճախ չեն դիտվում որպես իրավունքի կրող, հասարակության լիիրավ անդամ: Խնդիրն այն է, որ տարիներ շարունակ կիրառվող՝ հաշմանդամության բժշկական մոդելի պատճառով հաշմանդամություն ունեցող անձինք չեն դիտվել որպես իրավունքի լիիրավ սուբյեկտներ եւ չի կարեւորվել նրանց անկախ ապրելու իրավունքը: Ուստի, չափազանց կարեւոր է բժշկական մոդելից սոցիալական կամ, ինչպես նաև այն անվանվում է, մարդու իրավունքների մոդելի անցումը, որի շնորհիվ կկոտրվեն առկա կարծրատիպերը:

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցը մշտապես գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում։

Պաշտպանն իր տարեկան զեկույցներում, ինչպես նաև պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ տեղի ունեցած հանրային քննարկումների ժամանակ մշտապես բարձրաձայնում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները։

Այսօր դեռևս առկա են պետական կառույցներ, ուսումնական հաստատություններ, մշակութային օբյեկտներ, որոնք հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Պետությունը պետք է ստեղծի հավասար հնարավորություններ և պայմաններ, որպեսզի վերջիններս որպես իրավունքի լիարժեք սուբյեկտ ինքնուրույն իրացնեն իրենց իրավունքները։

Պետք է երաշխավորել հաշմանդամություն ունեցող անձանց ակտիվ ներգրավվածությունը քաղաքական, մշակութային ու տնտեսական կյանքին։

Չափազանց կարեւոր է նաեւ տեղեկությունների մատչելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար, քանի որ այն նպաստում է ինքնուրույն որոշումների կայացմանը, իրավունքների եւ հնարավորությունների մասին իրազեկմանը եւ հասարակությունում լիարժեք ինտեգրմանը։

Հատուկ ուշադրության է արժանի հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնախնդիրները։ Այսօր երեխաների համար դեռևս հասանելի կամ ամբողջովին հասանելի չեն հաշմանդամության վաղ հայտնաբերման եւ վերականգնողական անվճար ծառայությունները, ներառական կրթությունը, հատկապես` նախադպրոցական փուլում:

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացման ոլորտում առկա խնդիրներին հիմնարար լուծումներ գտնելու համար անհրաժեշտ է համատեղ և սրտացավ աշխատանք:

 

Արման Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31