Լրահոս
Օրվա լրահոսը

Իսրայելում հայկական կեղծ դիպլոմներ ստացած բժիշկներ են ձերբակալվել. հայ պաշտոնյաներն արձագանքում են

Դեկտեմբեր 03,2018 11:12

Դեկտեմբերի 2-ին Իսրայելի ոստիկանությունը ձերբակալել է 40 բժիշկ, փորձնակ և դեղագործ, որոնք կասկածվում են աշխատանքի ընդունվելիս հայկական բուհերում ուսումն ավարտելու մասին կեղծ դիպլոմներ ներկայացնելու մեջ:

Կասկածյալները ներկայացրել են դիպլոմներ, որոնք վկայել են իբր ուսումն ավարտելու մասին, և այդ փաստաթղթերի հիման վրա Իսրայելում մասնագիտական գործունեության իրավունք են ստացել: Իրականում այդ «բժիշկները» չեն ստացել բավարար կրթություն, ասվում է ոստիկանության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

հաղորդում է ոստիկանությունը, հետաքննությունը սկսվել է առողջապահության նախարարությունում անանուն բողոք ստանալուց հետո: Երկար ժամանակ հետաքննությունը գաղտնի է վարվել, և միայն ոստիկանության տնօրինման տակ բավարար ապացույցներ լինելուց հետո կասկածյալները, որոնց մեծ մասը բնակվում են արաբական բնակավայրերում, ձերբակալվել են:

Հետաքննության ընթացքում հաստատվել է, որ կասկածյալները սովորել են արտերկրի տարբեր ուսումնական հաստատություններում: Չկարողանալով ավարտել կրթությունը և հանձնել քննությունները՝ նրանք կապ են հաստատել մի խաբեբայի հետ, որը նրանց ուղղորդել է Հայաստանի «Սուրբ Թերեզա», «Մխիթար Գոշ» և «Հայբուսակ» կրթական հաստատություններ: Խաբեբայի օգնությամբ ուսանողներն ընդունվել են այդ բուհեր, այնտեղ կարճ ժամանակ սովորել և ստացել են ուսումն ավարտելու մասին դիպլոմներ: Իսրայել վերադառնալով՝ իրենց փաստաթղթերը ներկայացրել են առողջապահության նախարարություն, իսկ որոշներին հաջողվել է հանձնել որակավորման քննությունը և պաշտոններ ստանալ պետական հիվանդանոցներում կամ առողջապահության նախարարության կառույցներում:

Արմեն Մուրադյան

Այս միջադեպի կապակցությամբ իր ափսոսանքն է հայտնել Հայաստանի առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը. «Միշտ տեսակետ եմ ունեցել, որ բարձրագույն բժշկական կրթությունը չի կարող կայանալ մասնավորի պարագայում, քանի որ բժշկական կրթությունը չպետք է լինի շահութաբեր: Ամեն մի մասնավոր հաստատություն չէ, որին պետությունը պետք է լիցենզիա տա:  Ցավում եմ, որ տասնյակ տարիների ավանդույթներ ունեցող Երևանի պետական բժշկական համալսարանը չունենալով ոչ մի առնչություն այս գործի հետ, այնուամենայնիվ կրեց վնասներ, քանի որ ստվերվեց Հայաստանում կրթության որակը…»,- գրել է նա Facebook-ի իր էջում:

Արայիկ Հարությունյանը՝ ձախից

ՀՀ կրթության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը գրել է, որ կատարվածի հետևանքները պատասխանատուների համար կլինեն շատ ծանր:
«Այս հրապարակումը շատ ավելի լուրջ է, և ապացույցները ստանալուց հետո (ներկայում հետաքննություն է ընթանում, և սպասում ենք իսրայելական կողմից պաշտոնական տեղեկատվություն) հետևանքները պատասխանատուների համար կլինեն շատ ծանր»,- գրել է նա։

 Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31