Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցների կառավարման խորհուրդներում ով ասես լիազորված մարմնի ներկայացուցիչ է նշանակվում. Անահիտ Բախշյան

Դեկտեմբեր 03,2018 10:28

2017թ. օգոստոսի 17-ին ՀՀ կառավարության կողմից հաստատված հանրակրթական ուսումնական հաստատությունների Օրինակելի կանոնադրությամբ «Դպրոցն ունի կոլեգիալ կառավարման մարմին` խորհուրդ, որը ձևավորվում է նախարարության սահմանած կարգով: Խորհրդի անհատական կազմը հաստատում է լիազորված մարմինը: Խորհրդի անդամ չի կարող առաջադրվել դպրոցի տնօրենի հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր, քույր) անձը»:

Այս պահանջը չի՛ իրականացել, ՀՀ կառավարության կողմից սահմանված դպրոցների կառավարման խորհուրդների ձևավորման և տնօրենի ընտրության գործող կարգերը ոչ մի քննադատության չեն դիմանում, որովհետև նախկին իշխանություններն ամեն ինչ արել են «Հանրակրթության մասին» օրենքի պահանջը՝ հանրակրթության բնագավառում ժողովրդավարական կառավարման սկզբունքները շրջանցելու և ըստ դպրոցների ենթակայության՝ տնօրենների ընտրություններով վերադաս քաղաքական ուժի վերարտադրությունն ապահովելու համար: Սա անժխտելի փաստ է, ապացույցներ՝ որքան ասես, և որը մայիսից բացառել է խոստանում իշխանության եկած քաղաքական ուժը: Սակայն այս գործընթացն այնպիսի խոր արմատներ և քաղցկեղի նման այնպիսի մետաստազներ ունի, որ, իհարկե, հնարավոր չէր 6-7 ամսում դրանք հաղթահարել, նամանավանդ որ վերոնշյալ կարգերի փոփոխությունները 6-7 ամիս հետո նոր են նախաձեռնվել: Ինչևէ, լավ է ուշ, քան երբեք:

Հայաստանում այս տարվա մայիսին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը մեր մանկավարժների սեղմված զսպանակի պես պրկված նյարդերը բաց թողեց ճիշտ այնպես, ինչպես սեղմված զսպանակն է հաղթահարում իրեն սեղմող ուժը: Նրանք, կարևորելով հեղափոխությանն իրենց մասնակցությունն ու ոգևորվելով իրականությամբ, ամենուրեք սկսեցին բարձրաձայնել իրենց իրավունքների, վիրավորված ինքնասիրության, նվաստացումների մասին, ու այդ մանկավարժները վերադասի կողմից որակավորվեցին որպես «բողոքավորներ», սա շատ գրական լեզվով եմ փոխանցում: ԿԳՆ կրթության տեսչական մարմնի վրա աննախադեպ քանակով բողոքներ սկսեցին ուղղվել, ու բոլոր նամակներում կարմիր թելով անցնում է. «հազիվ մեջքներս ուզում ենք ուղղել և չենք ուզում հեղափոխությունից հիասթափվել» միտքը: Դրանց մեծ մասը դպրոցների կառավարման խորհուրդների մասին են, որոնք կամ չեն փոխվել կամ շարունակում են ձևավորվել նախկին տրամաբանությամբ՝ չնայած դեռ նախկին իշխանությունների օրոք՝ 2017թ. ՀՀ կառավարության հաստատած Օրինակելի կանոնադրության համաձայն՝ դրանք չպետք է կազմավորվեին դպրոցի տնօրենի հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անդամներով: Մանկավարժներն ակնկալում էին փոփոխություններ հատկապես այս ուղղությամբ, բայց այդ կարգերը շարունակում են գործել ու տեղերում, առնվազն այս ուղղությամբ, հեղափոխական քայլեր ուղղակի չեն երևում, որովհետև հատկապես մարզպետարանների կրթության վարչություններն աշխատում են հին իներցիայով ու մտածելակերպով՝ ելնելով քաղաքական հարմարավետությունից ու ոչ մի քայլ չեն անում համակարգն առողջացնելու ու «թայֆայական» վիճակից դուրս գալու համար՝ չնայած մարզպետի փոփոխությամբ պայմանավորված, բարձրաձայն երդվում են հեղափոխության արևով: Տնօրենների մրցույթ հայտարարվում է կարգի կոպիտ խախտումներով, առանց կառավարման խորհուրդների նիստեր անելու և առանց azdarar.am-ում անհրաժեշտ հայտարարության (Արմավիրի Բաղրամյանի միջն. դպրոց): Օրինակները շատ-շատ են, ԿԳՆ-ում ինձանից լավ գիտեն այս մասին:

2018թ. մայիսից հետո Երևանի և մարզերի 28 դպրոցներում հայտարարված են տնօրենի թափուր տեղերի համար մրցույթներ, որոնցից որոշներում արդեն կայացել են ընտրություններ, որոնց արդյունքում կամ տնօրեն չի ընտրվել (Մուղնիի, Կարպիի, Մարտունու թ.2 և այլ) կամ ընտրված տնօրենի հետ մանկավարժները չեն համակերպվում (Տավուշի Դեբեդավան միջն. դպրոց, Չարենցավանի ավագ դպրոց և այլ), որովհետև փաստում են, որ այդ դպրոցների կառավարման խորհուրդների կազմում առկա են դպրոցի տնօրենի հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անդամներ: Մինչ օրս այս դպրոցների կոլեկտիվները ընդվզում և պայքարում են՝պնդելով, որ տնօրենի ընտրության գործընթացն օրինական չի եղել, որի հետ համամիտ էր նույնիսկ Կոտայքի մարզպետը (Հ1-ով եմ լսել), սակայն ոչ մի տեսանելի քայլ չարվեց իր կողմից, իսկ Դեբեդավանում առկա է նույնիսկ ԿԳՆ տեսչական մարմնի՝ Տավուշի մարզպետին ուղղված հանձնարականը, որին մինչ օրս մարզպետը չի արձագանքել:

Մի այլ խնդիր է տնօրենի ժամանակավոր պաշտոնատարի նշանակումը: Օրինակ, Մարտունու թ. 2 հիմնական դպրոցում տնօրենի տեղակալը սկզբից նշանակվել ու հետո հրաժարվել է ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից, ու մարզպետարանի կրթության վարչությունն, առանց հետաքրքրվելու, թե դպրոցում կա՞ մանկավարժ, որն ունի հավաստագիր, նշանակել է դպրոցի նախկին տնօրեններից մեկի աղջկան՝ սոցիալական մանկավարժին այն դեպքում, երբ դպրոցում եղել է հավաստագիր ունեցող մանկավարժ: Ընտրության միակ թեկնածուն եղել է դպրոցի հավաստագիր ունեցող մանկավարժն ու չի ընտրվել, և այդ ընտրությունն ինքը համարում է անարդար, որովհետև մտավախություն ունի, որ մրցույթն այնքան կձգձգեն, մինչև որ գործող ժ/պ-ն գարնանը մասնակցի հավակնորդի քննություններին ու ստանա այն, նամանավանդ որ տնօրենի գործող ժ/պ-ն մարզպետի հետ կնքած պայմանագրում ունի կետ՝ Մինչև հիմնական տնօրենի ընտրությունը, առանց ժամկետը նշելու, այնինչ գործող կարգի համաձայն՝ 1 հավակնորդի դեպքում մրցույթում հաղթող չլինելու դեպքում եռօրյա ժամկետում հայտարարվում է նոր մրցույթ, այսինքն` ևս 3 ամիս, որի ընթացքում ժամանակավոր պաշտոնակատարը հաստատ չի կարող ստանալ հավաստագիր, նամանավանդ վերջին 10 տարվա մեջ չունի անհրաժեշտ 7 տարվա մանկավարժական ստաժը: Հաջորդ ամիսների դեպքերի ընթացքը ցույց կտա, թե որքանով էին հիմնավորված հավաստագիր ունեցող մանկավարժի մտահոգությունները:

Նույն վիճակն է այն դպրոցներում, որտեղ ընտրությունը դեռ չի կայացել, և որտեղից անվերջ ահազանգում են մանկավարժները, սակայն խնդիրը լուծում չունի, քանի դեռ թե՛ կառավարման խորհուրդները, թե՛ տնօրենի ընտրությունը տեղի են ունենում հին կարգերով ու տեղական պաշտոնյաների մտածելակերպում ու գործողություններում Օրենքի պահանջը երկրորդական է, չկա Օրենքով արդար ու անկախ առաջնորդվելու գործելաոճ: Խնդիր է նաև այն, թե ովքեր են կառավարման խորհուրդներում ներկայացնում լիազորված մարմիններին, չգիտես ինչու, ինչ տրամաբանությամբ, օրինակ` Արմավիրի մարզի կրթության վարչության բաժնի պետը մարզի ենթակայության տասնյակի հասնող դպրոցների ոչ միայն խորհրդի անդամն է, այլև նախագահը, ու մինչ օրս գործում է հին աշխատաոճով, խորհրդի հին կազմով: Ավելին, լինելով նաև Բաղրամյանի միջնակարգ դպրոցի կառավարման խորհրդի նախագահ, չի հետևել, որ հավուր պատշաճի azdarar-ում տեղադրված լինի ս.թ. դեկտեմբերի 10-ին հայտարարված մրցույթի հայտարարությունը: Համենայն դեպս ,2 օր է ՝փնտրում եմ, չեմ գտնում ,և եթե իսկապես այնտեղ չգտնվի, այդ մրցույթի արդյունքը չի կարող օրինական լինել, որովհետև չի ապահովվել հայտարարության հրապարակայնությունը:

Դպրոցների կառավարման խորհուրդներում ով ասես լիազորված մարմնի ներկայացուցիչ է նշանակվում: Օրինակ՝ ներկայացնում եմ Վայոց Ձորի Արենի միջնակարգ դպրոցի այսօրվա կառավարման խորհրդի կազմը՝ լիազոր մարմնի կողմից Սմբատ Սարգսյան ազգական /տնօրենի հորաքրոջ տղան/, լիազոր մարմնի կողմից Արմինե Կարապետյան / մանկավարժ, աշխատում է նույն դպրոցում/ Շաքե Ղարախանյան /Նորավանքի հուշարձանի տնօրեն՝ նախարարությունից, նախկինում որի տնօրենն է եղել այժմ գործող տնօրենը /, Գևորգ Մանուկյան՝ ՏԻՄ –ից, Հասմիկ Հայրապետյան՝ մանկավարժ /խորհրդի նախագահ/, Փառանձեմ Մկրտչյան՝ մանկավարժ, Ռոզա Ղարախանյան /ծնողական խորհուրդ/, Աստղիկ Խաչատրյան / ծնողական խորհուրդ/: Ինչպես տեսնում եք ,լիազոր մարմնի ներկայացուցիչ է նշանակվել դպրոցի մանկավարժը, որը, թվում է, թե դպրոցի շահերից է բխում, սակայն ի՞նչ գիտենք, թե նրա ականջին լիազոր մարմինն ի՞նչ է հուշել: Այսպիսին են հատկապես փոքր բնակավայրերի խորհուրդների կազմը, դրա համար պետք է գտնել այս բնակավայրերի խորհուրդների ձևավորման նոր սկզբունք:

Այլ խնդիր է տնօրենի աթոռը ժառանգաբար փոխանցելու մոլուցքը, որին ուղղված ցանկացած իշխանության ջանք, թվում է անզոր է: Այն դեռ որոշ տեղերում շարունակվում է: Տնօրեն մայրիկին ուզում է փոխարինել աղջիկը (Երևանի թ.163 դպ.), ամուսնուն՝ կինը (Արմավիրի մարզ, Հուշակերտի դպ.): Իշխանությունները պետք է բացառեն այս տգեղ երևույթը:

Քանի դեռ մեր դպրոցների կառավարման խորհուրդները չեն առաջնորդվելու երեխաներին որակյալ կրթություն ապահովող, բարոյական կերպար ու մանկավարժության մեջ անցած ճանապարհ ունեցող, նախաձեռնող ու ստեղծագործ տնօրեն ընտրելու սևեռուն գաղափարով և կրթության կազմակերպիչ ընտրելու տեսլականով ու այս ամենում չեն կարևորելու հավակնորդի ներկայացրած ծրագիր ընտրելու իրենց դերակատարությունը, մենք չենք հասնելու հզոր պետություն ունենալու մեր փայփայած երազանքին:

Այսպիսով, մեծ հույս ունեմ, որ այս ուղղությամբ բոլոր այն փոփոխությունները, որոնք այսօր արդեն նախաձեռնվում են ԿԳՆ-ի կողմից, ԱԺ ընտրություններից հետո ունենալու են մեր քաղաքացիական հասարակությանն ուղղված մի նորաբովանդակ սևեռուն ուղերձ հետևյալ բովանդակությամբ. Մենք արդեն ավելի շոշափելի ենք դարձրել ժողովրդավարությունը, ամենուրեք կարևորվել է ՔԱՂԱՔԱՑՈՒ մասնակցությունն ու ստանձնած պատասխանատվությունը, որը որոշիչ պետք է լինի նաև կրթության ոլորտի ժողովրդավար կառավարման մեջ, որի ցուցիչը նաև ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդների գործունեությունն է, դրանք պետության թիվ մեկ կառավարող մարմնի՝ Խորհրդարանի փոքրացրած մոդելներն են յուրաքանչյուր դպրոցում: Յուրաքանչյուր քաղաքացի, ինչպես պատասխանատու է երկրիս Ազգային ժողովի ձևավորման, այնպես էլ պատասխանատվությունը պետք է կրի համայնքի դպրոցի տնօրենին վերահսկող մարմնի՝ կառավարման խորհրդի արդյունավետ գործունեության համար: Մենք մեր երկիրը հզորացնելու այլ ճանապարհ չունենք, ցանկացած ընտրություն կատարենք օրենքով, գաղափարով, արդարությամբ և ազնվությամբ:

Հ.Գ. Մի քանի խոսքով էլ անդրադառնամ azdarar.am-ին, որտեղ առաջարկում եմ հայտարարությունները տեղադրել ըստ ոլորտների առանձին պատուհաններում և նույն ձևաչափով, որպեսզի հեշտությամբ գտնենք դրանք: Սրանք ձևի համար չի պահանջում օրենքը, այլ խորհուրդների գործունեության հրապարակայնությունն ու թափանցիկությունն ապահովելու և գործունեությունը վերահսկելու շատ կարևոր գործիքներից մեկն է:

Անահիտ Բախշյան

Կրթության փորձագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31