Aravot.am-ին հասած տեղեկություններով՝ այսօր առավոտյան՝ լուսաբացին, դաժան սպանություն է տեղի ունեցել Գյումրու Սլաբոդկա թաղամասում՝ Վարդան Ղուկասյանի տան մոտակայքում։ Անհայտ անձը հարձակվել է այդ նույն թաղամասում բնակվող, 1961 թվականին ծնված կնոջ վրա, որն աշխատել է Գյումրու քաղաքապետարանի ենթակայության տակ՝ որպես փողոցի հավաքարար ու դաժանաբար ծեծել է նրան։ Վերջինս հիվանդանոց տանելու ճանապարհին մահացել է։ Կինը լուսաբացին դուրս էր եկել աշխատանքի։
Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը հաստատեց Aravot.am-ի տեղեկությունը։ Նա ասաց, որ առավոտյան Գյումրի բժշկական կենտրոն մարմնական վնասվածքներով կին է տեղափոխվել, որը գիտակցության չգալով՝ մահացել է։ Դատախազը հաստատեց նաև մեր այն տեղեկությունները, որ դեպքը կատարվել է հավաքարարի՝ աշխատանքի գնալու ճանապարհին։
Դատախազի հանձնարարությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդված 2-րդ մասի 14 կետի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը։
Այս պահին, Կարեն Գաբիրելյանի տեղեկացմամբ, որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձ դեռ չկա, սակայն կան վարկածներ, որոնք առաջ են քաշվել հետաքննական ու նախաքննական մարմինների կողմից, ու դրանք ստուգելու ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ քննչական, դատավարական գործողություններ։
«Օպերատիվ մարմնի կողմից կատարվում են բազմածավալ օպերատիվ աշխատանքներ դեպքի հանգամանքները, նշված հանցանքը կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ»,- ասաց Կարեն Գաբրիելյանը։
Ի դեպ, մեզ Սլաբոդկա թաղամասի բնակիչներից հաջողվեց ճշտել, որ կնոջը դաժանաբար ծեծի ենթարկածը մի երիտասարդ է, տեսախցիկը ֆիքսել է, որ վերջինս մանյակի նման կրնկոխ գնացել է կնոջ հետևից ու աննկարագրելի դաժանությամբ ծեծի ենթարկել՝ անճանաչելիորեն այլանդակելով նաև նրա դեմքը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ