Լրահոս
Օրվա լրահոսը

Կտավատի մշակումը կարող է Հայաստանը ներկրող երկրից վերածել արտահանող երկրի. Հայկ Սանոսյան

Դեկտեմբեր 03,2018 09:30

ԵԱՏՄ անդամ Բելոռուսիայի հանրապետությունն արագ տեմպերով զարգացնում է կտավատի արտադրությունը`իր բյուջեի մոտ 30 տոկոսը այդ կերպ ձեւավորելով: Քրիստոնեաժողովրդավարական վերածնունդ կուսակցության համամասնական ցուցակի 7-րդ հորիզոնականը զբաղեցնող, ՔԺՎ-ի կողմից վարկանիշային ընտրակարգով թիվ 1 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու, նախկին պատգամավոր Հայկ Սանոսյանը հաշվարկել է, եթե Հայաստանում 10 հազար հա կտավատ ցանենք սկզբնական փուլում, ապա այդ գործին հնարավոր է ներգրավել 50 հազար մարդ:

Կտավատի մշակաբույսն աճում է 1800-2000 մետր բարձրության վրա: Հայկ Սանոսյանը նկատում է` դա թույլ կտա Հայաստանի սահմանամերձ բարձրադիր գոտիներում բնակչության զբաղվածության հարց լուծել: Շիրակի դաշտավայրում, Գեղարքունիքի մարզում մարդիկ շատ արդյունավետ զբաղվում են կտավատի մշակմամբ: Հայկ Սանոսյանն ուսումնասիրել է վրացական փորձը եւ վստահ է, եթե Հայաստանում Վրաստանի օրինակով գյուղատնտեսությանն աջակցություն ցուցաբերվի` գյուղտեխնիկայի տեսքով, ավելի մեծ արդյունքներ հնարավոր է գրանցել: Վրաստանում գյուղատնտեսական պարկը պետական է, նաեւ գյուղացիներին աջակցություն է ցուցաբերվում բերքի ամբարման եւ սպառման հարցերում:

Հայկ Սանոսյանի ընտանիքն, ի դեպ, 2003 թվականից զբաղվում է կտավատի մշակմամբ: Այն արդեն բավական տարածում է գտել. տեղացիները`տեսնելով իրենց հաջողությունները, նույնպես սկսել են զբաղվել կտավատի մշակմամբ: Հայկ Սանոսյանն իր ընտանիքին պատկանող ընկերության փորձով հավաստում է`այս մշակաբույսի զարգացմամբ Հայաստանում հնարավոր կլինի տարածքային համաչափ զարգացման հարց լուծել: Դա եւ գյուղատնտեսության զարգացումը կխթանի Հայաստանի բարձրադիր սահմանամերձ համայնքներում, եւ, քանի որ այդ բույսի ցողունից էլ բուրդ է հնարավոր ստանալ, մեր զրուցակցի համոզմամբ, կարելի է նաեւ թեթեւ արդյունաբերական ձեռնարկություններ հիմնել, որոնք կզբաղվեն բրդի վերամշակմամբ`մինչեւ պատրաստի հագուստ ու այդպիսով նաեւ հիմքեր դնել Հայաստանում թեթեւ արդյունաբերության զարգացման համար:

Ի դեպ, կտավատի, քունջութի, ամարանտի, սորգոյի մշակությունը Հայաստանում հին մշակույթ է. տարածաշրջանը նպաստավոր է այդ բուսատեսակների մշակության համար: Մեր նախնիներն այդ մշակաբույսերը տոննաներով արտահանել են ՌԴ: Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո այդ ցանքատարածքները, հեղափոխության առաջնորդի հրամանով, դրվեցին ցորենի մշակման տակ, քանի որ հացի խնդիր կար:

Մեր զրուցակիցն ասում է, որ ինքը նախկինում փորձել է առաջ մղել այս ծրագրերը, սակայն, ապարդյուն. «Կառավարության անդամները պետք է պետականամետ մտածողություն ունենան: Կառավարության քաղաքականությունը պետք է միտված լինի պետությանն ու ազգին: Ցանկության դեպքում հնարավոր է 2-3 տարվա ընթացքում լուրջ գյուղատնտեսական բազա ունենալ: Թավշյա հեղափոխությունն ինձ մոտ նույնպես հավատ է արթնացրել եւ ցանկությունս է`հեղափոխական ուժերի հետ առաջ գնալ: Մեծ վստահություն եւ հավատ կա: Տա Աստված, հուսախաբ չլինենք»:

Անկախ նրանից, ինքը կամ իրենց կուսակցությունը կլինի՞ խորհրդարանում, թե` ոչ, այս ծրագրերը Հայկ Սանոսյանն առաջ է մղելու: Միառժամանակ ինքն ապրել է դրսում, տեսել է օտար-ամայի ճամփեքի եւ դրական եւ բացասական կողմերը, արտագնա աշխատանքին դեմ չէ, բայց ցանկանում է, որ Հայաստանում հնարավոր լինի արտադրություն զարգացնել եւ Հայաստանը ներկրող պետությունից դարձնել արտահանող պետություն: Մեր հաջողությունների հիմնական գրավականը Հայկ Սանոսյանի պատկերացմամբ, հենց այսպիսի պետություն ունենալն է:

Այլ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31