Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանից բացի ո՞ւմ գիտեք, ու դա պրոբլեմ է»․ Ստեփան Գրիգորյան

Դեկտեմբեր 02,2018 21:36

Այսօր Շիրակի մարզի տարբեր համայնքներում իրենց քարոզարշավն անցկացրեցին «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության թեկնածուները։ Նրանք հանդիպումների շարքն ամփոփեցին ուշ երեկոյան՝ Գյումրում Տեքստիլագործների ակումբում։ Բնակիչների հետ նրանց հանդիպումը սկսվեց հայրենասիրական երգերի ներքո, որը կատարում էին կուսակցության ներկայացուցիչների հետ Գյումրի եկած երգիչները։

Տեսնելով կիսադատարկ դահլիճը՝ Ժիրայր Սեֆիլյանն ասաց, որ վերջին անգամ այս նույն դահլիճում հանդիպելիս՝ խնդիր էին դրել, որ հաջորդ անգամ հանդիպումը պիտի լինի լեփ-լեցուն դահլիճում, սակայն այսօր էլ, խնդիրն ամբողջությամբ չեն լուծել։ Ըստ նրա, մասամբ են լուծել այն։

«Հստակ է, որ մասնավորապես Գյումրիում նախորդ ռեժիմի մնացուկները շարունակում են իրենց սև աշխատանքը՝ ճնշել մեր ժողովրդին, ամեն ձևով հեռու պահել մեզնից։ Այդ աշխատանքը հստակ շարունակվում է,  գլխավորապես 5-րդ շարասյան շրջանակներում է այդ գործունեությունը տեղի ունենում, դժբախտաբար, ԱԱԾ-ի և ոստիկանության հսկողությամբ։ Բայց նրանք պիտի հասկանան, որ մեր ժողովրդին չեն կարող վախեցնել Շիրակի մարզում և մասնավորապես Գյումրիում․ նրանք պիտի անակնկալի գան։ Ես համոզված եմ, որ դեկտեմբերի 9-ին մեր ժողովուրդը իր խոսքն ասելու է արկղերի առաջ», -ասաց Ժիրայր Սեֆիլյանը։

Այնուհետ ելույթ ունեցավ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, որը «Սասնա ծռեր» կուսակցության վարկանիշային թեկնածուներից է։

Վերջինս նշեց, որ բացի «Սասնա ծռեր» կուսակցությունից, մյուս ուժերում դժվար է տեսնել թիմ։ Նա թվարկեց իրենց թիմի անդամներին՝ ասելով, որ բոլորը հանրաճանաչ մարդիկ են։

«Ինձ իրոք մտահոգում է, որ իշխող ուժի դեպքում, որի նկատմամբ մենք իրոք լավ ենք, բայց մենք լսում ենք միայն Նիկոլ Փաշինյան։ Դա ինձ շատ մտահոգում է, քանի որ Նիկոլ Փաշինյանի այդ ֆրակցիան  նվազագույնը 60 հոգանոց կլինի, 55-60, դուք, բացի Նիկոլ Փաշինյանից, ո՞ւմ գիտեք։ Ու դա պրոբլեմ է, ոչ թե վատ իմաստով եմ ասում, շատ կարևոր է, որ մենք թագավոր չընտրենք, վարչապետ չընտրենք, նախագահ չընտրենք, այլ ընտրենք կուսակցություն, որն ունի գաղափարախոսություն։

Ուրեմն մեր թիմը գնում է աջակցելու կառավարությանը, բայց մենք կառավարությանն ասում ենք կամ իշխող ուժին կամ Նիկոլ Փաշինյանին, դուք էլ ձեր թիմը ներկայացրեք՝ ովքեր են, ինչով են զբաղվում, որ մարդիկ գիտակցելով քվեարկություն կատարեն։ Գալիս եք աջակցելու կառավարությունը, տենդենցն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մեծամասնություն կունենա, բայց դուք բոլորդ պետք է հասկանաք, որ մենք ընտրում ենք Ազգային ժողով, ուրեմն մյուս բևեռ պետք է լինի, մյուս բևեռը ի դեմս «Սասնա ծռերի» պետք է լինի, քանի որ ազնիվ են, սկզբունքային են, գաղափարախոսություն ունեն, հայտնի մարդկանց ցուցակ ներգրավվեցին, պետականամետ են, այլ ոչ թե կուսակցականամետ։Դա շատ կարևոր է», -ասաց Ստեփան Գրիգորյանը։

Նա հորդորեց ներկաներին ձայնը տալ «Սասնա ծռերին», որպեսզի ունենանք երկբևեռ  Ազգային ժողով, որտեղ կլինի «Սասնա ծուռ», որը, նրա բնութագրմամբ, թույլ չի տա ծախել Արցախը ու միաժամանակ կաջակցի կառավարությանը ճիշտ գործելու։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31