Լրահոս
Օրվա լրահոսը

«Հեղափոխությունը ոնց որ այստեղ չի էլ հասնում, նույն թալանչիների նշանակած մարդիկ տարբեր պաշտոնների են». Էդմոն Մարուքյան

Դեկտեմբեր 02,2018 14:55

«Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածուների նախընտրական հանդիպումն այսօր Լոռու մարզում էր՝ Ալավերդի քաղաքում:

Կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հանդիպման մասնակիցների հետ խոսեց մարզի խնդիրների մասին՝ հիշեցնելով, որ երբ Ալավերդու գործարանի աշխատողները խնդիրներ ունեին, իրենց կողքին էին, երբ նույնը Թեղուտում էր, իրենք էլի այնտեղ էին, բայց

«Ընտրությունները հետաքրքիր գործընթաց են, ընտրություններին հայտնվում են մարդիկ՝ բարձր պաշտոններ զբաղեցրած, որոնք երբեք մարդկանց կողքին չեն կանգնել, ընտրություններին հիշում են, որ ժողովրդի համար գժվում են, իրենց աչքերն ուռել է, մինչդեռ լծված են եղել ժողովրդին թալանելու գործին: Գեներալ Մանվելի տուն էին մտել, դաստով վկայականներ կային, սրանց տներում էլ դաստեքով վկայականներ կան, սաղ ձեր քաղաքը թալանել են, սիրելի ալավերդցիներ: Ալավերդիում ինչքան պետական նշանակության շենք կա, սաղ սեփականաշնորհել են, հեղափոխությունը ոնց որ այստեղ չի էլ հասնում, նույն թալանչիների նշանակած մարդիկ տարբեր պաշտոնների են՝ ջրմուղում, գազում, հիմա էլ լծվել են էս քարոզարշավին: Էդ նախկին իշխանությունների մասին է խոսքը, որ դեռ նախկին էլ չեն, ստեղ էդքան շարժ ունեն, էդքան երես ունեն, որ ուզում են մի բան անեն»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով, Ալավերդու գործարանը, որ օդը պղտորել է, բնապահպանական չափանիշներին չի համապատասխանել, նորություն չէ, «Գիտենք, բայց ինչ է պետք անել, մեր տեսլականը հետեւյալն է, պետք է պետությունն աջակցի տվյալ գործարանին, այնպես անի, որ չափանիշները կարճ ժամանակահատվածում համապատասխանեցվեն: Մենք չենք կարող ասել, որ եթե չափանիշներին չի համապատասխանում, ուրեմն չպետք է աշխատի, եթե թողնենք մեր մասնագետներին այստեղից արտագաղթեն, հետո երբ գործարանը վերագործարկվի, այդ մասնագետները չեն լինելու, իսկ որ մասնագետների վերապատրաստենք, հազարավոր դոլարներ են պետք լինելու»:

Նա նկատեց, որ Թեղուտի հանքավայրի հարցը բազմաշերտ, խնդրահարույց հարց է, ապա հիշեցրեց, որ ՎՏԲ բանկը բաժնետոմսերը վերցրել է, որովհետեւ այնպիսի չպաշտպանված պայմանագրեր է հանքավայրն ունեցել կնքված, որը բանկին թույլ է տվել միանգամից, առանց դատական որոշման, առգրավել, հիմա էլ բանկը փորձում է նոր ընկերության տալ, որ հանքավայրը վերագործարկվի: Պարոն Մարուքյանը հարցադրում առաջ քաշեց, թե ով է մեղավոր նման պայմանագրերի համար, հանքավայրի վնասված պոչամբարի համար, թող գտնեն, հանձնեն արդարադատությանը:

Իր խոսքն էլ պատգամավորի թեկնածուն ավարտեց կոչով` ասելով, թե գիտի, որ այստեղ վախի մթնոլորտ է, ամեն ինչ արել են, որ մարդիկ կախված լինեն 10.000 դրամից, լինեն 10.000 դրամի կարոտ ու կոչ արեց չվախենալ. ըստ նրա՝ վախի մթնոլորտ չի կարող լինել Ալավերդիում, «Երբ զանգեք, կողքներդ կանգնած ենք, ոչ մեկից չվախենաք, մերժեք ՀՀԿ-ին, պաշտպանեք Հայաստանի շահը, Հայաստանի հանրապետության քաղաքացու շահն ու արժանապատվությունը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31