Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԿԳ նոր նախարարի՝ Պարոն Արայիկ Յարութիւնեանի այցը Բեռլին

Դեկտեմբեր 02,2018 11:50

Բեռլինի հայագիտութեան Թեմային անդրադարձել ենք անցեալում բազմիցս, այսուամենայնիւ անհրաժեշտ ենք համարում կատարել մի քանի նշումներ կրթութեան և գիտութեան նոր նախարարի, Բեռլին այցելութեան կապակցութեամբ, որը տեղի ունեցաւ այս տարուայ Հոկտեմբերին: Թէ ո՞վ էր նախարարի այցելութեան ծրագիրը կազմել, յստակ տեղեակ չեմ, բայց ենթադրելի է Բեռլինում ՀՀ դեսպանութիւնը, որը անկախ նրանից , թէ ով է եղել դեսպանը, ունեցել է անտարբեր և ժխտական դիրքորոշում՝ Բեռլինի Ազատ Համալսարանի, Հնդևրոպական և համեմատական սեմինարների, հայկական բաժնի նկատմամբ: Առ ի տեղեկութիւն նշենք, որ յայտնի հայագէտ Ժոզեֆ Մարքուարդը 1921-ին, այն ժամանակուայ Բեռլինի Համալսարանում հիմնել էր հայագիտական և իրանագիտական ամբիոն, որի մահից յետոյ վերացաւ հայագիտական ամբիոնը, սակայն հնդևրոպական և համեմատական լեզուների սեմինարներում ստեղծուեց հայկական բաժին, մինչև այդ սեմինարների փակումը:

Քանի որ Բեռլինի Ազատ Համալսարանում Հայագիտութիւնը աւանդոյթ ունէր, համալսարանը ընդառաջեց մեր խնդրանքին և առաջարկեց Հիմնել «Լեկտորատ» (միայն լեզու, Արևլահայերէն, Արևմտահայերէն և Գրաբար), ապագայում ամբիոնի հեռանկարով, տարեկան 48,000 եվրո բիւդջէով , որից 24,000 –համալսարանն էր վճարելու, իսկ միւս մասը հայկական կողմը (այս ընդունուած եղանակ է, յատկապէս էլիտար համալսարաններում, օրինակի համար Բիւզանդական ինստիտուտի ծախսերը հոգում է Յունաստանը, նոյն կարգավիճակում են Իտալիան, Հոլլանդիան, Քոռէայի Հանրապետութիւնը և այլն):

Սփիւռքի նախարարութիւնը սկզբում յայտարարեց, թէ Բեռլինի հայագիտականի ֆինանսաւորումը ապահովուած է (տես «ԱԶԳ» 23.Հոկտ. 2009, էջ 3), որը իհարկէ իրականութիւն չէր: Յատկապէս թշնամական կեցուածք ունեցաւ ԿԳ նախարար Արմէն Աշոտեանը և իր Բեռլին այցելած ժամանակ յայտարարեց, հայ և գերմանացի ներկաների առջև «ազատ, անկախ, բաց սրանք համալսարաններ չեն, հայագիտականը փակւում է, թող փակուի»: Վստահ անտեղեակ նախարարը Բեռլինի Պետական Ազատ Համալսարանը (63,000 ուսանող, աշխատակազմի հետ շուրջ 100,000: Ազատ համալսարանը ունի Գերմանիայի համալսարանների մէջ ամենաշատ նոբելեան մրցանակակիր Դասախօսներ, որտեղև 1927-ն , Քիմիական Լաբորում, առաջին անգամ աշխարհում ճեղքել են Ատոմը), շփոթել էր Երևանի բաց համալսարանի հետ:

Պարոն Լևոն Մկրչտեանի օրօք դարձեալ առիթ ստեղծուեց, բիւզանդական ինստիտուտում ունենալ հայկական բաժին, տարեկան բիւջեն էր 5,000 եվրո (հինգ հազար եվրո), այս առթիւ Պրոֆ. Թեսսա Հոֆմանը նամակով դիմեց ԿԳ նախարարին ու ընդհանրապէս պատասխան չստացաւ:

Ինչու՞ ենք գրում այս բոլորը: Ըստ երևոյթին կայ չգրուած օրէնք, մեր յարգելի  նախարարները իրենց նեղութիւն չեն տալիս աշխատեն մի բան ստեղծեն, սակայն պատրաստ են շտապ մասնակցել մի աշխատող հիմնարկի 10, 20, 30 ամեակներին, հանդերձ իրենց շքանշանների քսակով: Ինչ սիրով անում էին նախարարներ՝ Արմէն Աշոտեանը, Հրանուշ Յակոբեանը նոյնը կրկնեց Պարոն Արայիկ Յարութիւնեանը:

Բեռլինը անցեալում եղել է մեր մտաւորականութեան ուսման քաղաքներից մէկը, մեր լաւագոյն մտաւորականները կրթուել են այստեղ, և 1921-ից մինչև երեք տարի առաջ աշխատել է Ազատ Համալսարանում հայկական բաժինը: Սպասելի էր, որ նոր նախարարը հետաքրքրուէր հայագիտական թեմայով: Քննէր վերաբացման կարելիութիւնը, հանդիպէր յայտնի հայագէտ Պրոֆ. Թեսսա Հոֆմանին, որը տասնեակ գրքերի հեղինակ է, դոկտ. Քրիստոֆ Քոխին, դոկտ Մաթիաս Ֆրիցին, որոնք դեռ զբաղւում են նոյն համալսարանում հայագիտական հարցերով, վերջինս իր պատրաստակամութիւնն է յայտնել մէկ տարի անվճար աշխատել Ստեփանակերտի Պետական Արցախ Համալսարանում, որի համար խօսել եմ Ստեփանակերտում ԿԳ նախարարուհի Տիկին Նարինէ Աղաբալեանի հետ:

Ինչպէս անցեալում բազմիցս խօսել եմ այս առթիւ, Հայագիտութիւնը որևէ երկրում միայն գիտութիւն չի ներկայացնում, այլ նաև քաղաքական հանգամանք, քաղաքական ներկայութին:

Օրինակի համար, Ադրբէյջանը ունի Բեռլինլ Հումբոլդտ համալսարանում ամբիոն, փորձում է ունենալ նաև Ազատ Համալսարանում, առ այսօր ապարդիւն, սակայն Բեռլինին համարեայ կպած Փոթսդամի համալսարանում ունի պրոֆեսորադասախօսական կոլեկտիւ, որոնք յաճախ դասախօսութիւններ են կարդում ի շահ Ադրբէյջանին:

Բեռլինը Եվրոմիութեան կարևոր մայրաքաղաքներից է, մեր նախարարները պիտի աւելի ուշադրութեան առարկայ դարձնեն Բեռլինը: Սփիւրքում հայագիտական կենտրոնները խաղում են նոյն դերը, ինչ ունեն օրինակի համար «Բռիթիշ Քոնսիլը» և «Գյոթէ Ինստիտուտը» , Անգլիայի և Գերմանայի համար: Մենք պիտի գիտակցենք այս, նկատի առնելով անսահման դրամական ներդրումները Ադրբէյջանի և Թուրքիայի կողմից քարոզչական  դաշտում:

Դոկտ. Ժիրայր Քոչարեան, Բեռլին, Նոյ. 2018թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31