Լրահոս
Օրվա լրահոսը

Սխալ մոտեցումներ

Դեկտեմբեր 02,2018 12:20

Տարօրինակ երևույթներ են տեղի ունենում մեր ֆուտբոլում: Հայաստանի թիվ մեկ՝ ազգային հավաքականը անսպասելիորեն տապալեց բոլորիս հիմնավոր հույսերը, անկարող լինելով հաղթահարել Եվրոպայի Ազգերի լիգայի մրցումների նախնական, ամենապարզունակ արգելքը: Նրանից ոչ պակաս խայտառակ արդյունք գրանցվեց 19 տարեկանների միջազգային մրցաշարում, որն օրերս ավարտվեց մեզ մոտ՝ Երևանում: Կարո՞ղ էիք երևակայել, որ դաշտի տերերը սկսնակների տպավորություն են թողնելու, անսովոր՝ 0-4, 1-5, 0-7 հաշիվներով ամոթալի պարտություններ են կրելու: Իհարկե, չի կարելի անտեսել, որ հյուր եկած մրցակիցները ներկայացնում էին ֆուտբոլային ճանաչված երկրներ՝ Պորտուգալիա, Հոլանդիա, Գերմանիա: Սակայն միևնույն է՝ արդարանալու տեղ չկա: Մի՞թե կարելի է սեփական հարկի տակ անցկացրած երեք հանդիպման ընթացքում բաց թողնել 16 գնդակ և դրան պատասխանել խեղճուկրակ միակ գոլով: Սա, եթե կարելի է այսպես բնորոշել, նոկաուտ հիշեցնող տհաճ մի բան էր:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այս ամենին դեռ չի տվել գնահատական, բայց հանդես է եկել մի արտասովոր նախաձեռնությամբ՝ ծրագրել է Երևանում կառուցել նոր ստադիոն, այնպիսին, որը «կհամապատասխանի ՖԻֆԱ-ի և ՈւԵֆԱ-ի ամենախիստ պահանջներին»: Միայն թե դեռ հայտնի չէ կոնկրետ որտեղ է մտադիր այն կառուցելու: Ավելին, նախագիծն էլ առայժմ գոյություն չունի: Սակայն, որքան էլ տարօրինակ է, պարզորոշ է մեկ բան՝ ստադիոնն ունենալու է ստույգ 33 հազար (նույնիսկ կլոր թիվ էլ չէ) նստատեղ:

Հասկանալի է, նախատեսվածը կյանքի կոչելու համար հարկ է լինելու ծախսել բազում միլիոնավոր դոլարներ: Երևակայությունը, ինչ խոսք, շռայլ է, սակայն մյուս կողմից հարց է ծագում՝ իսկ ի՞նչ է սպասում Հանրապետական ստադիոնին, որտեղ դեռ ոչ ոք չի արգելել անցկացնել միջազգային պաշտոնական խաղեր, և հետո՝ երկա՞ր է քնած մնալու «Հրազդանին» վերաբերող հույժ կարևոր հարցը, ստադիոն, որով ժամանակին բոլորս ենք հպարտացել: Իհարկե, «Հրազդանը» նորոգման ժամանակակից տեսքի բերելու կարիք ունի, ինչի համար ավելի նվազ ֆինանսական ծախսեր կպահանջվեն: Ինչու՞, ուրեմն, երես թեքել նրանից, «խաղից դուրս» վիճակում պահել այն: Իսկ որ վերափոխելով «Հրազդանը» կարող է հիանալի ծառայել իր նպատակին, կասկած չի կարող լինել: Մոսկվայի «Լուժնիկին» ձեզ  օրինակ:

Եվս մեկ ուղղակի զարմանալի բան, որ հրապարակվեց մամուլում՝ պարզվեց, որ Հայաստանի ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի կոչում է շնորհվել մեր ֆուտբոլի հանրահայտ վետերան Սերգեյ Բոնդարենկոյին: Այո, վաստակավոր գործիչ է ճանաչվել «Արարատ» թիմի երբեմնի առանցքային կիսապաշտպան Սերգեյ Բոնդարենկոն:

Կասկածից վեր է, որ 60-70-ական թվականներին նա զգալի դերակատարություն է ունեցել հայկական ֆուտբոլի հեղինակությունը բարձր պահելու շնորհակալ գործում: Ի դեպ, 1967-81 թվականների ԽՍՀՄ առաջնություններում Բոնդարենկոն «Արարատում» հանդես է եկել բոլորից շատ՝ 392 անգամ, այդ ընթացքում խփելով 32 գոլ: Ավելին ասեմ, չեմ հիշում թեկուզ մեկ դեպք, երբ որևէ խաղի ընթացքում մարզիչը որոշում կայացներ նրան փոխարինելու մեկ ուրիշ ֆուտբոլիստով:

Կարճ ասած, Սերգեյ Բոնդարենկոն իր հիանալի ունակություններն է դրսևորել, բնականաբար, որպես ֆուտբոլիստ: Տրամաբանական հարց է առաջ գալիս՝ ի՞նչ առնչություն ունի դրա հետ ֆիզկուլտուրայի գործիչ կոչումը: Եվ եթե նրան, այնուամենայնիվ, արժանացնում են նման պատվի, ապա ինչո՞ւ են անտեսվում մեր մյուս անվանի վետերանները, դե, ասենք, Նորայր Մեսրոպյանը (նրա 70-ամյակը նշվել է երկու տարի առաջ): և գիտե՞ք ինչու է առաջ քաշվում հենց այս հարցը. բանն այն է, որ նա և վաղամեռիկ Ալեքսանդր Կովալենկոն (այս տարի լրանալու էր նրա 75-ամյակը), սկսած 1965 թվականից անփոփոխ մասնակցել են «Արարատի» բոլոր այն հաղթարշավներին, որոնք ավարտվել են ԽՍՀՄ չեմպիոնական մեդալների և գավաթների նվաճումներով: Նման բացառիկ բան աչքաթող անել անկարելի է:

Իսկ հիմա՝ ամենագլխավորի մասին: Անմիջականորեն ու զուտ մարզական պատկառելի ասպարեզներում ակնհայտ նվաճումների հասնելու համար ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր  գործչի կոչում շնորհելը առնվազն զավեշտ է: Մեծ սպորտում գոյություն ունեն պարզ տրամաբանությանը համապատասխանող հրաշալի ավանդույթներ, որոնց անհրաժեշտ է հավատարիմ մնալ: Դիզուկ, Հայաստանի վաստակավոր մարզչի կոչում կա, ինչը շնորհվում է ծանրակշիռ նվաճումների հասնող շնորհալի մարզիկներ աճեցնող-պատրաստող փորձառու մասնագետներին: Մինչդեռ անտեսվում է Սպորտի վաստակավոր վարպետ անվանումը: Սա առավել արժանի գնահատականն է մարզիկի, որը մեծ ասպարեզներում նվաճել է բարձրագույն տիտղոսներ և որի պատվին հնչել է հանրապետության օրհներգը:

Սխալ է, եթե պրոֆեսիոնալ մարզիկին  ոչ թե այս, այլ մեկ այլ կոչում է շնորհվում: Իսկ սխալը հարկ է շտկել: Թեկուզ ուշացումով:

Միսակ ՆԱԶԱՐՅԱՆ

Մարզական լրագրողների միջազգային միության անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ara Kirakosyan says:

    Պարոն Նազարյան, համաձայն եմ, մեր ֆուտբոլում արմատական փոփոխություններ են պետք: Սակայն համաձայն չեմ «Հրազդանի» վերանորոգման ձեր առաջարկին: Իհարկե վերանորոգել այն պետք է, բայց մեզ հարկավոր է արենա` իսկական, ժամանակակից ստադիոն: «Լուժնիկին» մնացել է ստադիոն, ինչպես որ եղել է` չհաշված ծածկը:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31