Լրահոս
Օրվա լրահոսը

Իտալական նախաճաշ «Ֆրիտատա»

Դեկտեմբեր 02,2018 11:00

Թեեւ սովոր ենք, որ ձվով ուտեստները նախաճաշին են հարմար, բայց իտալացիների «ֆրիտատան» ժամ-պատարագ չի հարցնում: Այն ուտում են օրվա ցանկացած ժամի, քանի որ շատ հարմար ուտեստ է՝ հեշտ է պատրաստվում, սառնարանում մնացած մթերքները սպառելու հրաշալի միջոց է, հագեցնող է, եւ ի վերջո՝ շատ համեղ է:

Ֆրիտատայի համար կոնկրետ բաղադրատոմս չկա, կա սկզբունք՝ վերցնել այդ պահին ձեռքի տակ եղած մթերքները, խառնել հարած ձվի եւ քերած պանրի հետ ու տապակել: Տապակել կարելի է թե՛ գազի վրա՝ սովորական ձվածեղի նման, թե՛ ջեռոցում՝ ավելի լավ տեսք ստանալու համար: Այնուամենայնիվ գրեմ այն մթերքները եւ չափաքանակները, որոնք օգտագործվել են կոնկրետ ա՛յս ֆրիտատայի համար:

 

Անհրաժեշտ մթերքները

Սոխ-կես գլուխ

Սխտոր- կես պճեղ

Վիչինա- 250 գրամ

Սունկ-2 հատ

Կարմիր թարմ պղպեղ- 2 հատ

Խաշած կարտոֆիլ- 1 հատ

Ձու- 7 հատ

Պանիր – 100 գրամ

Ձեթ- 4 ճաշի գդալ

Աղ, սեւ պղպեղ, չորացրած կանաչիներ-ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Բանջարեղենները մաքրեք եւ լվացեք: Ձեթի մեջ տապակեք մանր կտրատած սոխը, ավելացրեք սխտորը: Քիչ անց ավելացրեք նաեւ կտրատած վիչինան: Լավ տապակեք: Ավելացրեք կտրատած սունկն ու թարմ պղպեղը, թողեք մի քիչ էլ տապակվի: Վերջում ավելացրեք խաշած կարտոֆիլը, անջատեք գազը եւ թավան դրեք մի կողմ:

Ինչպես արդեն ասացի՝ ոչ մի կոնկրետ բաղադրիչներ ֆրիտատան չի պահանջում, վիչինան կարող եք փոխարինել որեւէ այլ երշիկով, եփած կամ տապակած հավով, տավարի մսով, կարող եք ընդհանրապես հանել բաղադրատոմսից: Բանջարեղեններն էլ կարող են լինել շատ տարբեր՝ դդմիկ, խաշած գազար, նեխուր (քարավուզ), ծնեբեկ, բրոկոլի, ծաղկակաղամբ եւ այլն: Կարող եք ավելացնել պահածոյացված ոլոռ, եգիպտացորեն, կանաչ լոբի:

Առանձին ամանում հարեք ձվերը, ավելացրեք քերած պանիրը: Կարող եք վերցնել ինչպես որեւէ դեղին, պինդ պանիր, այնպես էլ սուլուգունի, մոցարելա, փափուկ «լոռի»: Ավելացրեք նաեւ համեմունքները: Ջեռոցի տապակի կամ որեւէ հրակայուն գեղեցիկ ամանի հատակին բուսայուղ քսեք: Արդեն մի փոքր սառած տապակած բանջարեղենի վրա ավելացրեք ձվա-պանրային խառնուրդը, արագ խառնեք, որ ձուն նախապես չեփվի բանջարեղենի տաքությունից, լցրեք հրակայուն ամանի մեջ եւ դրեք 10-15 րոպե առաջ 170-180 աստիճանով տաքացված ջեռոցը:

Թողեք լավ եփվի, մոտ 30 րոպե: Հանեք եւ մատուցեք տաք-տաք: Այս ուտեստը նաեւ սառը վիճակում են մատուցում, կամ պահում են սառնարանում եւ հարկ եղած պահին կտրում մի կտոր, տաքացնում միկրոալիքային վառարանով եւ մատուցում:

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31