Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի բուսաբանական այգու զարգացման ծրագիր կա. Հայկ Սանոսյան

Դեկտեմբեր 01,2018 22:12

Առաջիկայում Հայաստան կժամանեն արաբ ներդրողներ, որոնք կառավարության պատկան ներկայացուցիչներին կներկայացնեն Երեւանի բուսաբանական այգու զարգացման իրենց ծրագիրը: Այդ մասին, Aravot.am-ի հետ զրույցում ասաց Քրիստոնեաժողովրդավարական վերածնունդ կուսակցության համամասնական ցուցակի 7-րդ հորիզոնականը զբաղեցնող, ՔԺՎ-ի կողմից վարկանիշային ընտրակարգով թիվ 1 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու, նախկին պատգամավոր Հայկ Սանոսյանը:

Պոտենցյալ ներդրողները նախկին պատգամավորի գործընկերներն են:  Մեր զրուցակցի համոզմամբ, Երեւանի բուսաբանական այգին կարող է մեկտեղել հայկական բնաշխարհի հարստությունը`դառնալով զբոսաշրջիկների հետաքրքրության վայր եւ հաճելի զբոսավայր երեւանցիների համար: Հաջորդ խորհրդարանում լինելու Հայկ Սանոսյանի մոտիվացիան առավելապես տնտեսական է: Նա ունի գյուղատնտեսության, տուրիզմի զարգացման, Հայաստանում հանքարդյունաբերությանը վերաբերվող ծրագրեր, որոնք օրենսդրական հիմք են պահանջում:

Հայկ Սանոսյանը կարծում է, որ Հայաստանում բավարար ներուժ կա տուրիզմի զարգացման, բայց պետությունը բավարար հոգածություն չի դրսեւորում դրա համար: Առաջին խնդիրն, ըստ նրա, մատչելի հյուրանոցային համալիրների պակասն է. «Մենք ունենք միայն բարձրակարգ հյուրանոցներ, որոնք հաճախ զբոսաշրջիկներին հասանելի չեն: Ես կարծում եմ, այս դեպքում ճիշտ կլինի այսպիսի ծրագիր իրականացնել`մեր քաղաքացիներին ցածր տոկոսադրույքով վարկեր տրամադրել, դրանց մի մասը պետք է սուբսիդավորվի պետության կողմից, այդ դեպքում քաղաքացիները կկարողանան իրենց բնակարանները վերանորոգել, կահավորել եւ հարմար գներով տալ վարձով: Այս քայլը եւ տուրիզմի զարգացմանը խթան կլինի եւ կլուծի մեր քաղաքացիների զբաղվածության, ապահովվածության հարցը»:

Մեր զրուցակիցը նկատում է, որ նման ծրագրեր հարեւան Վրաստանում իրականացվել են եւ դա բավական դրական արդյունք է տվել: «Եթե տարեկան մինչեւ 7 միլիոն տուրիստ է գնում, ինչո՞ւ Հայաստան չպետք է գան, մանավանդ, որ Հայաստանը քրիստոնեությունն առաջինն ընդունած երկիրն է, մանավանդ, որ Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ»,- Aravot.am-ի հետ զրույցում իր դիտարկումները ներկայացրեց պատգամավորի թեկնածուն:

Հետաքրքրվեցինք`իր պատկերացումները միայն Երեւանի փոքր կենտրոնին եւ մայրաքաղաքի արվարձանների՞ն են վերաբերվում, Հայկ Սանոսյանը պատասխանեց, որ մարզերում տուրիզմի զարգացումն էլ իր ծրագրի երկրորդ փուլն է. «Ամբողջ աշխարհում մեծ թափով զարգանում է գյուղական տուրիզմը: Հայաստանում ունենալով հարուստ կենդանական եւ բուսական աշխարհ, էթնիկ մշակույթ, պետք է կարողանանք պատշաճ ներկայացնել դրանք»: Ենթակառուցվածքների զարգացման մասով էլ, մեր զրուցակիցն ասում է, քանի որ նախոր մի քանի կառավարությունները մեծ գումարներ ստացան ենթակառուցվածքների զարգացման համար եւ դրանք փոշիացրեցին, այժմ ճիշտ կլինի գնալ աշխարհում ընդունված ճանապարհով եւ ճանապարհները տալ մասնավոր ընկերություններին`կոնկրետ պարտավորությունների դիմաց: Վճարովի ավտոճանապարհներն, իհարկե, Հայաստանի ներկայիս սոցիալ-տնտեսական պայմաններում, մեր զրուցակիցը համարում է այլընտրանքային տարբերակ, մինչեւ երկիրն իր մեջքը կուղղի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31