Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական մրցանակի արժանացած «Նեշընլ Ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր և նախագահ Ջեյմս Թրուշարդին:
Նախագահ Սարգսյանը շնորհավորելով Ջեյմս Թրուշարդին՝ ասել է, որ Հայաստանը մեծ տեղ է հատկացնում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը և կարող է լինել արդյունավետ գործընկեր:
«Հայաստանը հանդիսանում է աշխարհի առաջատար երկրներից մեկը, որտեղ մենք կարող ենք զարգացնել նոր գաղափարներ, նոր տեխնոլոգիաներ և լինել 21-րդ դարի գլոբալ զարգացման մասը»,-նշել է հանրապետության նախագահը: Նա ասել է, որ այսօր նույնիսկ մեծ ընկերությունները գնում են դեպի նոր ստրատափեր, որտեղ ազատություն է տրվում երիտասարդների նորարարական ներուժին, թարմ ու համարձակ գաղափարներին՝ օգտագործելով զարգացման նոր մոդել և նրանց տալով հորիզոնական գործելու, նորարարություններ կատարելու հնարավորություն:
Ջեյմս Թրուշարդը շնորհակալություն է հայտնել մրցանակի և Հայաստանի կողմից նման գնահատանքի արժանանալու համար: Նա նշել է, որ Հայաստանն ունի մեծ ներուժ բարձրտեխնոլոգիաների բնագավառում, որտեղ կարող են լինել արտահանման իրական հնարավորություններ:
***
2009 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով հիմնվեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրումների համար ամենամյա միջազգային մրցանակ, որը 2018 թվականից վերանվանվել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրումների համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ:
Ջեյմս Թրուշարդը այս մրցանակի իններորդ դափնեկիրն է:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն