Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոմանք փորձում են հրահրել դավադիր պատերազմ». Փաշինյանի աղմկոտ վարկածը՝ իրեն Արցախը հանձնելու մեջ մեղադրողների մասին

Դեկտեմբեր 01,2018 20:22

«ԼՂ հարցում երբեք չի եղել ավելի թափանցիկ իշխանություն, քան ես եւ իմ քաղաքական թիմը»,-Գորիսում նախընտրական հավաքի ժամանակ այսօր հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նա ուշագրավ վարկած հրապարակեց, բայց մինչ այդ նախ նշեց. «Չի կարող Ղարաբաղի հարցի որեւէ լուծում լինել՝ առանց ՀՀ եւ ԼՂՀ ժողովրդի կամարտահայտման: Այսինքն, չի կարող լինել լուծում, որին ժողովուրդը համաձայն չէ: Ես ասել եմ, որ չեմ կարող բանակցել ԼՂՀ իշխանության անունից: ԼՂՀ իշխանության եւ զինված ուժերի ներկայացուցիչները, ըստ էության, իրենց գոհունակությունն են արտահայտել իմ դիրքորոշումների վերաբերյալ: Նաեւ ասել եմ՝ այն փաստը, որ իմ որդին կամավոր ծառայում է Արցախում, փակում է իմ դիրքորոշումների շղթան: ՀՀ-ում չի եղել Արցախի հարցում առավել հայամետ կառավարություն, քան այսօրվա կառավարությունն է»:

Փաշինյանի խոսքով՝ չնայած այս ամենին եւ նշյալ անառարկելի փաստերին, ՀՀ-ում կան քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, որոնք ամեն օր ասում են, թե հեղափոխությունը դավադրություն է Արցախի դեմ, թե ՀՀ նոր կառավարությունը դավադրություն է կազմակերպում Արցախի դեմ. «Մտածում եմ՝ ի՞նչը կարող է այդ մարդկանց դրդել անել հայտարարություններ, որոնց սուտ լինելու մասին գիտեն առաջին հերթին իրենք: Նաեւ սուտ հայտարարություններ են անում, թե ՀՀ-ն զենք չի գնում: Լավ, ինչո՞ւ են նման բաներ ասում: Տրամաբանական բացատրություն չեմ գտնում, բացի նրանից, որ որոշ քաղաքական ուժեր հասկացել են՝ այս ընտրությունները  լինելու են իրենց քաղաքական մահվան արձանագրումը»:

Փաշինյանը շարունակեց. «Չէի ուզի ասել, բայց ասում եմ. նման մարդիկ իրենց մոտալուտ քաղաքական մահն արձանագրելով՝ որոշել են քաղաքական սադրիչ հայտարարություններով դավադիր պատերազմի հրաձիգ դառնալ՝ հույս ունենալով, որ կկարողանան հրահրել դավադիր պատերազմ, եւ այդ համատեքստում լուծել իրենց նեղ՝ խմբային եւ անձնական շահերը: Սա լուրջ վարկած է: Այլ բացատրություն չեմ կարողանում գտնել: Այս ամենն արդեն դուրս է քաղաքական հարթակներից: Կարծում եմ՝ իմ ասած վարկածի ստուգմամբ եւ այդ հայտարարություններով պետք է զբաղվեն նաեւ ԱԱԾ-ն եւ ռազմական հակահետախուզությունը, որովհետեւ ոմանք շատ վստահ քայլերով շարժվում են դեպի պետական դավաճանություն, եւ ես չեմ վախենում նման հայտարարություն անել: Այսօրվա կառավարությունը եւ ժողովուրդն ունեն բավարար լծակներ, որպեսզի արմատախիլ անեն ԶՈՒ թիկունքում քայքայիչ գործողությունների փորձեր անող որոշ ուժերի»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով. «Եթե որեւէ մեկը ժողովրդական հեղափոխությունը եւ նրա կողմից ընտրված կառավարությանը փորձի կասկածել որեւէ հակապետական դավադրության մեջ, մենք մեզ իրավունք կվերապահենք նրանց կասկածել առնվազն օտարերկրյա ազդեցության գործակալներ լինելու մեջ: Ուզում եմ համոզմունք հայտնել, որ Արցախի ժողովուրդը թույլ չի տա, որ որեւէ մեկը մանիպուլյացիաներով փորձի տպավորություն թողնել, թե ՀՀ-ի եւ Արցախի միջեւ որեւէ հակասություն կա: Արցախի մի շարք ազդեցիկ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ արդեն արտահայտվել են, որ թույլ չեն տա խաթարել մեր ազգային միասնությունը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31