ՕԵԿ քարոզարշավի հերթական կանգառը Արագածոտնի մարզում էր: Թալին քաղաքի կենտրոնական հրապարակում բնակչության հետ հանդիպման ժամանակ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը ողջունելով ներկաներին նշեց, որ ՕԵԿ-ի շնորհիվ բազմաթիվ լուսավոր գաղափարներ են իրականացվել.
«Մեր շնորհիվ Հայաստանում իրենց ավանդները ստացան 212 հազար մարդ, մեր շնորհիվ ծնվող երեխան պետությունից ստանում է գումար, ՕԵԿ ջանքերով մեր երկրում 250 օրենքներ են ընդունվել: Մենք աջակցելով հեղափոխությանը, կողմնակից ենք, որ մարդկանց կյանքում լինի հեղափոխություն, որ մարդը կարողանա իր աշխատանքով ապահովել իր արժանապատիվ գոյությունը: Մենք համոզված ենք, որ Հայաստանը հնարավոր է զարգացնել փորձառու, կրթված, գրագետ մարդկանցով»:
Մարզային խնդիրների վերաբերյալ ՕԵԿ-ն ունի իր մոտեցումները: Արթուր Բաղդասարյանի դիտարկմամբ իրենք մեծ ուշադրություն են դարձնում հատկապես գյուղական համայնքների հիմնախնդիրներին: ՕԵԿ նախագահը առաջարկում է Հայաստանում ներդնել գյուղատնտեսության ապահովագրության քաղաքակիրթ համակարգ.
«Գյուղացին պետք է զգա պետության հոգածությունը: Սեփականության իրավունքով հողատարածք ունեցող անձանց աշխատանքը պետք է համարվի աշխատանքային ստաժ: Սա է մեր մոտեցումը: Այս գաղափարը թույլ կտա նաև յուրաքանչյուր տարի ինդեքսավորել և բարձրացնել մարդկանց կենսաթոշակը»:
Օրինաց երկիր կուսակցության մամուլի հաղորդագրություն