«Մարզերում իմ հանդիպումները ոչ թե քաղաքական նպատակներ են հետապնդում, այլ նպատակ ունեն ընտրություններից առաջ հանրությանը՝ ընտրական գործընթացներում ներգրավված անձանց, օրենքի պահանջները հիշեցնել: Իսկ ոստիկանության ծառայողների հետ իմ հանդիպումները նպատակ ունեն ստուգել, թե որքանով են նրանք կազմ-պատրաստ առաջիկա ընտրություններին»,-ոստիկանապետին կից հասարակական խորհրդի նիստում այսօր հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:
Նա նշեց, որ ըստ որոշ քաղաքական ուժերի՝ ոստիկանապետն իբր քաղաքական գործունեությամբ է զբաղվում, մինդեռ ոստիկանությունը հեռու է այդ երեւույթից. «Մարզերում իմ հանդիպումների ժամանակ ես խոսք անգամ չեմ ասել քաղաքականության մասին: Ոստիկանությունն անկողմնակալ է, եւ այս ընտրությունները լավագույնը պետք է լինեն»:
Օսիպյանը վստահեցրեց, որ արտոնյալ քաղաքական ուժեր չկան. ոստիկանության համար բոլորը հավասար են. «Անգամ եթե «Իմ քայլը» դաշինքից որեւէ մեկն ընտրախախտում անի, առաջինը նրան կպատժենք: Վարչապետի պաշտոնակատարն ինքն է մեր առաջ խնդիր դրել՝ ապահովել քաղաքական ուժերի հավասարությունն օրենքի առաջ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ