ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի շրջանակներում այսօր չարենցավանցիների հետ հանդիպման ժամանակ «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության անդամ Վարուժան Ավետիսյանը կուսակցության անունից կրկին հաստատեց այն համոզվածությունը, որ գտնվելով անցումային փուլի մեջ, Հայաստանը պետք է կատարի անցումային տրամաբանությամբ քայլեր, որպեսզի դուրս գա այն լայն մայրուղին, որը կապահովի սահուն, կայուն, անվտանգ եւ զարգացող ընթացքը:
«Ի տարբերություն մյուս քաղաքական ուժերի, այս խորհրդարանի կյանքը մենք պատկերացնում ենք ընդամենը երկու տարի, որովհետեւ այն պայմանները, որոնց մեջ ձեւավորվելու է այս խորհրդարանը եւ այն ուժերի մի մասը, որ մասնակցում են այս ընտրություններին, ծնելու են մի այնպիսի խորհրդարան, որն ի վիճակի չի լինելու հինգ տարի շարունակ իրագործելու մեր ազգային նպատակները եւ ապահովել այն մարտահրավերների հաղթահարումը, որ ծառացած են մեր առջեւ: Մենք ունենք երկու տարվա փուլ եւ այդ ընթացքում իրականացնելու ենք մի շարք կարեւոր փոփոխություններ: Առաջինը պետք է անցումային արդարադատության առջեւ կանգնեցնենք նախորդ երեք ռեժիմների ժամանակ մեր հայրենիքը, ժողովրդին կեղեքած, պետականությունը քայքայած,մեզ բոլորիս թալանած ուժերին եւ նրանց պարագլուխներին: Մինչեւ արդարություն չվերահաստատվի, մինչեւ թալանը չվերադարձվի ժողովրդին եւ չներդրվի տնտեսության մեջ, իսկ մենք խոսում ենք տասնյակ միլիարդների հասնող թալանի մասին, մենք զարգացում չենք կարող ունենալ: Մենք պետք է բացահայտենք բոլոր այն անձանց, ովքեր մինչ օրս աշխատել են մեր ազգի ու պետության դեմ՝ քաղաքականության մեջ, պետական կառավարման համակարգում, իրավապահ համակարգում, հասարակության մեջ առհասարակ, տնտեսության մեջ, եւ այդ բոլոր մարդիկ պետք է, ըստ այդմ, պատասխանատվության ենթարկվեն ու բոլորը միասին զրկվեն հետագայում ցմահ պետական պաշտոններ եւ պետական ինքնակառավարման պաշտոններ զբաղեցնելու իրավունքից:
Ուստի առաջնային պետք է մերժել բոլոր հին ուժերին, մարտի 1-ի կոալիցիային թույլ չտալ սողոսկել խորհրդարան: Մենք նրանց՝ հայկական նյուրնբերգի առաջ նստելու կարիքն ունենք, այլ ոչ թե խորհրդարանում հայտնվելու»:
Վարուժան Ավետիսյանը խոսեց նաեւ կադրային քաղաքականության մասին: «Մեզ անհրաժեշտ են բարձրակարգ կադրեր: Լավագույն կադրերի մեծ մասը հեռացել են Հայաստանից կամ պետական կառավարման համակարգում չեն: Իսկ եթե են, ապա ավելի ցածր օղակներում են եւ չնչին աշխատավարձերով իրենց գոյությունը մի կերպ ապահովում են: Ոչ մի կուսակցություն, ինչքան էլ հզոր լինի, չունի այնպիսի կադրային ռեսուրս, որ կարողանա պետական կառավարման ամբողջ կարիքները բավարարել: Անհրաժեշտ է օգտագործել ազգի կադրային ռեսուրսը: Մեզ պետք է ամբողջովին նոր, ազգային ժողովրդավարական ինստիտուտներ ձեւավորելու ունակ սահմանադրություն, որը պետք է մշակվի եւ ընդունվի համաժողովրդական ձեւաչափով: Այդպիսի փորձեր կան աշխարհում եւ մենք էլ պետք է դա անենք»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ