«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի շրջանակներում հանդիպեց Աշտարակ քաղաքի բնակիչների հետ:
«Ես այստեղ եմ՝ ձեզ ներկայացնելու մեր այն ծրագրերը, որ այսօր անհրաժեշտ են մեր երկրին, մեր ժողովրդին: Մենք դրանցից տեղյակ ենք, խնդիրներին տիրապետում ենք եւ գիտենք լուծումները: Մեր երկրում քաղաքական հեղափոխություն եղել է: Հիմա անհրաժեշտ է տնտեսական հեղափոխություն, որպեսզի ժողովրդի հավատը, ժպիտը, հույսը իրականություն դառնան», – ասաց նա:
Գագիկ Ծառուկյանը անդրադարձավ տնտեսության գրեթե բոլոր ոլորտներին՝ աշխատանք, թոշակ, ներդրում, բանկային համակարգ եւ տոկոսներ, կրթություն, արտադրություն, առողջապահություն եւ նշեց, որ իրենց ծրագրում դրանք բոլորը կետ առ կետ ներկայացված են: Կուսակցության առաջնորդն ասաց, որ բոլոր խնդիրներին տեղյակ է, ոչ թե կարդալով, այլ ժողովրդի հետ անմիջական շփումների միջոցով եւ բոլորն էլ առաջնային լուծման անհրաժեշտություն ունեն: Գագիկ Ծառուկյանը կոնկրետ օրինակով հատուկ կարեւորեց առողջապահության ոլորտի բարեփոխումները. «Առողջապահությունն այսօր մեր երկրի ամենացավոտ ոլորտներից մեկն է: Պետությունը բյուջեից պետպատվերին գումար է հատկացնում, բայց տեսնում ենք, որ դա լիարժեք չի աշխատում: Մարդը պետպատվերով բուժման համար բուժհաստատություններին դիմում է խնդրողի կարգավիճակով, բայց դա ժողովրդից պահված գումարն է: Դրա համար պետք է կամ ամեն մարզում մեկ անվճար, Երեւանում՝ երկու հիվանդանոց ստեղծվի, բժիշկներին տրվի բարձր աշխատավարձ ու հիվանդանոցներն էլ սարքավորումներով հագեցվեն, որպեսզի ամաչելու պատճառով բուժման չգնացողներ չլինեն:
Ես Եղեգնաձորում հանդիպեցի ոտքը կոտրած մի տատիկի: Յոթ օր հիվանդանոցում գիպս չեն դնում՝ 120 հազար դրամ են ուզում: Դա ինչպե՞ս կարելի է: 80 տարեկան տատիկի երեխաներն այստեղ չեն: Ինչպե՞ս է կարելի, որ բժշկությունն այդքան անխիղճ լինի: Ցանկացած մարդ հացի վերջին գումարը կտար: Դրա համար եմ ասում, եթե այդ ծրագիրը չի արդարացնում, հարկավոր է ամեն մարզում անվճար հիվանդանոց սարքել ժողովրդի համար, կամ հատկացվող գումարները վաուչերի տեսքով առաջնային տան անապահով ընտանիքներին, որպեսզի Աստված չանի, մարդիկ առողջական խնդիր ունենան, հպարտ գնան, վաուչերը ներկայացնեն ու բուժում ստանան, այլ ոչ թե բուժում խնդրեն»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ