Այս ընտրություններում արժի բոլոր բայղուշներին դուրս մղել քաղաքական դաշտից, որպեսզի իրենց բայղուշություններին վերջ տան։ Այս մասին այսօր նախընտրական քարոզչության ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։
Նա կարծիք հայտնեց, որ նախընտրական քարոզարշավը մի պահ բավականին լարվեց, հետո` լարվածությունը կոտրվեց. «Հիմա հռետորաբանությունը կենտրոնացած է այն մտքի վրա, որ մեր դաշինքը, միեւնույնն է, հաղթելու է։ Եթե ժողովուրդն այդպես է որոշել, մենք կհաղթենք, բայց ոմանք ուզում են ինտրիգը նվազեցնել, որպեսզի մարդիկ մտածեն, որ մենք, միեւնույնն է, հաղթած ենք, ու ընտրատեղամաս չգնան։ Բայց, հավատացեք, ձեր ընտրությունը շատ կարեւոր է։ Հավատացած եմ, որ բուք ու բորան էլ լինի, դուք կգնաք տեղամաս»։
Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ իրենք երբեք կառչած չեն լինելու իշխանությունից, ատամներով չեն պահելու այն, քանի որ իշխանությունը ժողովրդին է պատկանում։
Լուիզա ՍՈւՔԻԱՍՅԱՆ