Դատական կատարողների միջազգային միության նախագահ Մարկ Շմիցի հրավերով ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը ս/թ նոյեմբերի 28-30-ը Փարիզում մասնակցել է Միության խորհրդի ամենամյա լիագումար նիստի աշխատանքներին:
Միջազգային միության խորհրդի լիագումար նիստում ամփոփվել է Միության տարեկան գործունեությունը՝ անդամ ու դիտորդ շուրջ 40 երկրների մասնակցությամբ: Դրա ընթացքում քննարկվել և նախանշվել են նաև Միության 2019 թվականի գործունեության հիմնական միջոցառումներն՝ իրենց ժամանակացույցով:
Նիստի շրջանակներում նոյեմբերի 30-ին Հակոբ Հակոբյանը հանդես է եկել ելույթով, որում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարման ծառայության գրանցած ձեռքբերումները վերջին մեկ տարվա ընթացքում:
Դատական կատարողների միջազգային միության նախագահի հետ հանդիպման ընթացքում վերջինս ընդգծել է Ծառայության առաջադեմ փորձը տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման ոլորտում: Կողմերը քննարկել ու վերահաստատել են նաև գործընկերային հարաբերություններն էլ ավելի ընդլայնելու պատրաստակամությունը:
Նույն օրը Փարիզում կայացել է նաև ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Հակոբ Հակոբյանի և Ֆրանսիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի հանդիպումը: Զրույցի ընթացքում Հակոբ Հակոբյանը նշել է, որ Ծառայությունը կարևորում է Դատական կատարողների միջազգային միության հետ սերտ համագործակցության ակտիվացումը: Զրուցակիցներն անդրադարձել են գործընկեր կառույցների հետ գործակցության ընդլայնման անհրաժեշտությանը՝ միջազգային առաջադեմ փորձը Հայաստանում տեղայնացնելու տեսանկյունից:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն