Առաջին հայացքից երիտասարդ ստեղծագործողի անուն-ազգանունը գուցե առանձնահատուկ ոչինչ չասի ձեզ, բայց կզարմացնի շատերիդ, երբ ֆեյսբուք սոցիալական ցանցում փնտրեք նրան: Էրիկ Դավթյանը այն քիչ տաղանդներից է,ովքեր ապրում,ստեղծագործում են չտառապելով հայտնի դառնալու մոլուցքով: Գուցե սա պատճառը, որ երիտասարդ գեղանկարչի մասին դեռ չեն խոսել կամ խոսել են, բայց քիչ…
Երբ հիացմունքով ուսումնասիրում էի վերջինիս վրձնին պատկանող արվեստի գլուխգործոցները, չէի էլ կարող պատկերացնել, որ նկարչական կրթություն չունեցող կապանցի Էրիկը՝ ինքնուս կարող է նման հանճարեղ գործեր ստեղծել,որոնք ժամանակակից գեղանկարչության փայլուն օրինակներ են: Ինչպես Ինքը՝ նկարիչն է ասում, ծնված օրվանից սիրել է նկարչությունը, իսկ վերջին երեք տարին ընդամենը՝ խորացել…
-Աշխարհը լիքն է տաղանդավոր մարդկանցով: Աստվածային բնատուր շնորհը ձեռքբերել հնարավոր չէ: Անհատը կամ տաղանդավոր է կամ ոչ: Ինձ հանդիպած բոլոր տաղանդները ապրում են իրենց իսկ ստեղծած մոլորակում: Ինքնաբավությամբ, նույնիսկ իրենց ստեղծած գլուխգործոցի գինն անգամ չեն էլ գիտակցում: Եվ ապրում են ըստ արժանվույն չգնահատված, երբեմն էլ անտեսված ու մոռացված: Հարգելի Էրիկ Դավթյան, ձեր ռեալիստական գեղանկարների, ստեղծագործական ուղու և ձեր մասին հանրությունը գրեթե տեղեկացված չէ: Խնդրում եմ հակիրճ ներկայացրեք ձեզ:
– Ես սյունեցի եմ: Կապանն իմ հայրենիքն է, իմ տունը: Սյունիք աշխարհի բնաշխարհն ու բնությունը իմ ներսում են՝ մտքումս, սրտումս…
Մանկուց սիրել եմ նկարել: Մեր տոհմում նկարիչներ չկան: Ես ինքնուս նկարիչ եմ: Բայց ցանկացած պարագայում կարևոր է, թե ովքեր են ծնողներդ: Մտավորականների ընտանիքում եմ մեծացել: Ծնողներս մանկավարժներ են: Արվեստի նկատմամբ սերս կարծում եմ՝ ժառանգել եմ հենց իրենցից: Հպարտանում եմ, որ հենց իմ ընտանիքում եմ ծնվել: Սկզբում սիրողական նկարներ էի անում, հետո ավելի լրջությամբ սկսեցի ուսունասիրել և նկարել: Պրոֆեսիոնալ գեղանկարչության մեջ վերջերս եմ խորացել:
-Ձեր նկարները առաջին հայացքից շատ կատարյալ են, անթերի: Դժվա՞ր չէ կատարելության ճանապարհը:
-Ռեալիստական ոճն իմն է: Շրջակա միջավայրը նույնությամբ պատկերել և ներկայացնել դեռ չի նշանակում կատարելության ճանապարհով գնալ: Իմ նկարները կատարելություն չեն, այլ իրական պատկերներ,աշխարհ,որտեղ մենք ապրում ենք:
-Գեղանկարիչ Էրիկ Դավթյանը ի՞նչ է փորձում մարդկանց ասել իր կտավներով, ո՞րն է ձեր մեսիջը:
-Ինձ համար գեղանկարչությունը Աստծուց տրված շնորհ է: Նախ ասեմ,որ նկարիչը իր նկարներով առաջին հերթին ինքն իրեն է դաստիարակում, հետո մյուսներին: Իմ նկարները փոխում են մարդկանց ներաշխարհը: Արդարամիտ, լավատես, ազնիվ ճանապարհով հաջողել կարել է միայն գեղեցիկն արարելով: Իսկ գեղեցիկ ստեղծող մարդը չի կարող ազնիվ ու լավը չլինել…
Իմ նկարներում կա սեր, բարություն, կյանք, հայրենասիրություն: Ես ցանկանում եմ, որ իմ ստեղծագործությունները ծառայեն միայն բարի ու ազնիվ գործերին:
-Ի՞նչ հոգեվիճակում է լինում նկարիչ Էրիկ Դավթյանը, երբ սկսում է ստեղծագործել:
-Իդեալական պատկեր կամ ինչպես դուք նշեցիք կատարելություն ստեղծելու, ստանալու ժամանակ՝ ներքին ներդաշնակություն, ինքդ քո հետ խաղաղ ու ազնիվ պետք է լինես: Եթե սկսես խաբել քեզ՝ չես հաջողի,անկատար կլինի գործդ: Դա արարման պրոցեսն է: Պետք է կտավին տաս ուժդ, տաղանդդ, սերդ, ժամանակդ…
-Ձեր նկարներում գերակշռում են բնապատկերները,որոնք զուգորդված են հայրենիքի տեսարժան վայրերով: Մենք տեսնում ենք ծաղկային կոմպոզիցիաներ, դաշտային ծաղկատեսակների շարքեր, որոնք նկարագրում են նաև ձեր ներքին աշխարհը, ձեր նախասիրություններն ու բնավորության գծերը: Ինչու՞ հատկապես բնություն:
– Ինչպես նշեցի, հայրենի բնությունն իմ էությունն է: Եվ գեղեցիկի նկատմամբ իմ վերաբերմունքն այո,նկատելի են կտավներում: Դուք շատ ճիշտ զգացել եք,որ դաշտային ծաղիկների շարքը գերակշռում է: Ես կարծում եմ,որ բնական պատկեր ստանալու համար պետք է չհեռանալ հայրենի բնությունից: Եվ կա մի ճշմարտություն՝ իմ նկարները և աշխարհի բոլոր նկարիչների կտավները խոսում են ստեղծագործողի տեսակի, ներքին գույների և ինչու ոչ՝ բնավորության մասին:
-Խնդրում եմ ներկայացնեք, թե հայ հասարակությունը որտե՞ղ կարող է գտնել ձեր կտավները: Կարծում եմ արդար չէ, որ նման գեղեցկությունը մնա միայն սոցիալական հարթակի պատին:
-Առժամանակ միակ հնարավորությունը սոցցանցերն են: Բայց խոստանում եմ՝ իմ արվեստը գնահատողներին և սիրողներին շատ չսպասեցնել և առաջիկայում կազմակերպել հանդիպում նրանց և նկարներիս հետ: Դեռ շարունակում եմ ինքս ինձ համար բացահայտումներ անել: Հետևում եմ արդի գեղանկարիչների աշխատանքներին ինչպես համաշխարհային, այնպես էլ հայ նկարիչների գործերին: Եվ փորձում եմ ավելի կատարելագործվել:
-Հարգելի Էրիկ խնդրում եմ վերջում երկու խոսքով պատմեք նաև առաջիկա պլանների մասին:
-Սովորաբար պլաններիս մասին նախապես չեմ սիրում խոսել, բայց ինձ անընդհատ գրում են, ուզում են իմանալ, թե ինչ սպասեն: Ընդամենը շատ կարճ կասեմ, որ պլանավորում եմ Երևանում հիմնել Արտ ստուդիա: Թե ինչ գործառույթներ կիրականացնի իմ ստուդիան հանրությունը կիմանա ավելի ուշ: Իմ սիրելի հետևորդներին և բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են իմ արվեստով, ասեմ, որ ձեզ երկար սպասեցնել չեմ:
Հայկ ՄԱԳՈՅԱՆ