Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրությունները մի լավ բան ունեն. բարիները շատանում են, հավատացյալներն էլ, հայրենասերներն էլ, պետության մասին գիշեր-ցերեկ մտածողներն էլ. «Ազգ»

Դեկտեմբեր 01,2018 12:47

Ընտրությունները մի լավ բան ունեն: Բարիները շատանում են, հավատացյալներն էլ, հայրենասերներն էլ, պետության մասին գիշեր-ցերեկ մտածողներն էլ, ժողովրդի ցավը տանողներն էլ, մատից փուշ հանողներն էլ, Ղարաբաղը՝ մոր կանչ կոչողներն էլ: Չնայած ես չեմ հավատում նրանց, ովքեր Ղարաբաղն անվանում են մոր կանչ, բայց ես հավատում եմ նրանց, որոնք թողնում են իրենց մայրերին ու Ղարաբաղ են գնում՝ կռվելու:

Բայց թողնենք կռիվը, եկեք խոսենք բարության մասին: Ես օրինակ հուզմունքից արտասվել եմ, երբ առաջին անգամ տեսա, թե որքան բարի է այն մարդը, որը հիմնականում թոշակառուներին՝ այդ թվում ձյան տակ, լավաշի հերթ է կանգնեցնում: Կամ մանկատների ու անապահով ընտանիքների երեխաներին ջերմ գրկող մարդը, որը հիանում է, երբ փոքրիկները իր առջեւ՝ մինչեւ գետին խոնարհվում եւ երգեր են ձոնում՝ հրեշտակային կամ ոչ այնքան ձայներով: Պատկերացնո՞ւմ եք՝ մարդը որքան բարի սիրտ ունի, որ անշահախնդիր օգնում է երեխաներին ու նպաստում, որ մեծանան որպես Հայաստանի ազատ քաղաքացիներ: Շուտով Հայաստանում մարդիկ շենքերով ամեն օր կաղոթեն՝ իրենց տուն տված բարերարի համար եւ դա կանեն հենց այդ բարերարի սեփական եկեղեցիներից որեւէ մեկում, նրա սեփական տերտերներից մեկի առջեւ: Հրաշալի է, չէ՞, երբ գիտակցում ես, որ երկիրը, որտեղ ապրում ես, լի է բարիներով: Բոլորն ամեն ինչ անում են, որ դու մտահոգ չլինես, քայլես դեպի լուսավոր ապագա, ունենաս բարգավաճ ներկա, դասեր քաղես անցյալի ծուռ էջերից եւ Դաշնակցության չափ երկար կյանք ունենաս: Քեզ մնում է միայն ցնծալ շուրջբոլորդ բարիների առատությունից եւ թարգել ծխելը, որպեսզի առողջությանդ վնասակար մեկ գլանակ անգամ չլինի:

Դու համարյա դրախտում ես՝ Եփրատի ու Տիգրիսի արանքում՝ Մեծ Հայաստանում, որի քարտեզները պահում ես ծոցագրպանումդ, որ սրտիդ մոտ լինեն, եւ խոսում Արցախի շուրջ իբր անվտանգության գոտի հանդիսացող տարածքների զիջման հնարավորության մասին: Կողքիդ բոլորը դուխով են, խելքով են, ադեկվատ են, ժողովրդավար են, ժողովրդական են, իսկ Արարատի գագաթից հենց դիմացդ իջնում է 11 հերոս, 11 առաքյալ, 11 սուրբ, որոնցից ամեն մեկը իր ճանապարհն ունի եւ առաջարկում է քեզ հետեւել հենց իրեն՝ գոռալով, որ բոլորը խաբում են ու միայն իրենք են ճշմարիտը: Եւ սիրտդ ճմլվում է բարության ծովում, որտեղ նույնիսկ շնաձկները քո մասին են մտածում, որ չխեղդվես, չմոլորվես, եւ որ… ապրես:

Հովիկ ԱՖՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31