Իրավիճակի ու խնդրի ամբողջ նրբերանգն այն է, սակայն, որ «Իմ քայլին» ձայն տվող հայրենակիցները քվեարկելու են Նիկոլ Փաշինյանի օգտին կամ նրան վարչապետ տեսնելու համար, բայց Ազգային ժողովում (խորհրդարանում) հայտնվելու են «եւ մնացածը»: Ու հենց այդ ենթադրելի մեծամասնությունն էլ, իբր, պետք է վերահսկի պետության ղեկավարի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ու նրա կազմելիք կառավարության գործունեությունը, օրենքներ ընդունի, մի խոսքով՝ պատգամավորություն անի: Ընտրության մյուս մասնակիցների, այլ ուժերի մեծ մասի դեպքում, ի դեպ, ամենեւին էլ նույնական պատկեր չէ: Այո, այդ մրցակից ուժերն էլ, ինչ խոսք, ունեն առաջնորդներ, բայց ընտրողների դատին ներկայացված համամասնական ցուցակների գոնե վերնամասերը հնարավորինս համաչափ են՝ առաջադրված նկատելի դեմքերի ներգրավվածության իմաստով:
Սա, իր հերթին: Մյուսը, որ առավել ցայտուն նկատվում է, «Իմ քայլի» ներկայացուցիչների, անձամբ Նիկոլ Փաշինյանի հետեւողական հակաքարոզչությունն է ընտրության մասնակից ուժերի, հիմնականում՝ ՀՀԿ-ի դեմ: Հարկավ, ընտրարշավ է, եւ քարոզչությունը ենթադրում է նաեւ հակաքարոզչություն: Այդ հնարքից բոլորն էլ օգտվում են: Օրինակ, նույն ՀՀԿ-ի նախընտրական հոլովակներում էլ Նիկոլ Փաշինյանի հակաքարոզչությանն ուղղված հստակ շեշտադրումներ կան նրա նախկին ու վարչապետ պաշտոնավարելու ընթացքում արած հայտարարությունների հակասությունների ընդգծմամբ, ինչպես այդ հոլովակներով է նշվում՝ ստերի բացահայտմամբ:
Բնականաբար ցանկալի կլիներ, որ բոլոր ուժերը իրենց արժանիքները գովեին ու քարոզեին, բայց դիմացինների, մրցակիցների պակասությունները ցույց տալն էլ ընտրապայքար ասվածի «կանոնների սահմաններում է»: Ձեւականորեն հակաքարոզչություն է եւ այն, երբ մեկնումեկը կոչ է անում ոչ թե իրեն ընտրել, այլ այսինչ կամ այնինչ ուժին (թեկնածուին) չընտրել: Սակայն երբ պետության ղեկավարի պաշտոնակատարը, փաստացի իշխանությունն է շարունակաբար նման կոչեր անում ու բացառապես մեկ ուժի վերաբերյալ, ավելին՝ այս ընթացքում իրեն հետեւողականորեն ու անխնա քննադատող միակ ուժի վերաբերյալ, ապա դա ավելին է, քան պարզապես հակաքարոզչությունը:
Է՛լ ավելին, երբ գործադիր իշխանության փաստացի ղեկավարը, կոնկրետ՝ Նիկոլ Փաշինյանը, այն էլ՝ խիստ նյարդային տոնայնությամբ, քաղաքացիներին ուղղակիորեն ասում է, թե սրան ընտրեք, նրան մի՛ ընտրեք, ապա դա հակաքարոզչություն համարես-չհամարես, միեւնույն է, խիստ բացասական նստվածք է թողնում: Եվ այնպիսի նստվածք, որ հետո էլ դեռ իր մասին հիշեցնելու է։ Ի դեպ, դա արդեն զգացվում է, քանզի այս օրերին ինձ հանդիպած ամենատարբեր, ըստ որում՝ ամենասովորական աշխատավոր հայրենակիցներ, ասել-խոսելու ընթացքում անկեղծորեն նշում են, որ Փաշինյանի նման պահվածքը իրենց վրա վանող տպավորություն է թողել եւ որոշել են քվեարկել որեւէ այլ ուժի օգտին, ինչը, իհարկե իրենց իրավունքն է։
Ու «շան գլուխը» հենց այդտեղ է, կներեք, թաղված: Կա մի սահման, որից անցնելու դեպքում դու արդեն սկսում ես բռնանալ դիմացինի ազատ կամքի, ազատ կամարտահայտության, ընտրության ու որոշման ազատության վրա: Խելամիտ գործիչներն ու քարոզիչները երբեք իրենց դա թույլ չեն տալիս՝ հասկանալով, որ ազդեցությունը հարուցում է համարժեք հակազդեցություն (ֆիզիկայի օրենք է, ի դեպ):
Հետեւաբար, երբ ոմանք սկսում են կարծել, թե իրենք արդեն այնպիսի մի դրության մեջ են, որ կարող են իրենց ձայնալարերով մարդկանց «ականջներից բռնած» կարգադրել, թե՝ ո՛ւմ ձայն տան, ում՝ ոչ, դա անխուսափելիորեն հարուցում է հակազդեցություն: Սկզբում, հնարավոր է, քչերի մոտ, հետո՝ անխուսափելիորեն շատերի, մանավանդ եթե այդ շատերը թոթափել են «հեղափոխական խանդավառությունը»:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում