Լրահոս
Օրվա լրահոսը

Ներդրումները ոչ միայն չեն ավելանում, այլեւ բազմապատիկ կրճատվել են. «Հայոց աշխարհ»

Դեկտեմբեր 01,2018 12:20
kentronakan bank

Այս առումով Կենտրոնական բանկի եւ կառավարության կանխատեսումները շատ չեն տարբերվում։ Չնայած ԿԲ-ն չի բացառում նաեւ ավելի հոռետեսական սցենարի հավանականությունը։ Խոսքը՝ 4,6 տոկոս նվազագույն աճի մասին է, որը գրեթե համարժեք է պետական բյուջեով ծրագրված ցուցանիշին։ Ինչպես հայտնի է, ընթացիկ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթով ամրագրված է 4,5 տոկոս տնտեսական աճ։

Հիմնվելով արձանագրվող ցուցանիշների եւ ներկայացվող կանխատեսումների վրա, կարելի է ասել, որ 2018թ. տնտեսական աճի մակարդակը զգալիորեն ցածր կլինի նախորդ տարվա համեմատ։ Հիշեցնենք, որ անցած տարի Հայաստանում արձանագրվեց ՀՆԱ 7,5 տոկոս ավելացում։

Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ Կենտրոնական բանկի սպասումները լավատեսական չեն նաեւ առաջիկա տարիների համար։ ԿԲ կանխատեսումները հիմք են տալիս ասելու, որ այն չի հավատում կառավարության խոստացած տնտեսության թռիչքաձեւ աճին։ Դրա վկայություններից մեկն էլ այն է, որ նվազման ուղղությամբ են վերանայվել ոչ միայն ընթացիկ, այլեւ հաջորդ երկու տարիների տնտեսական աճի սպասումները։ Թեեւ առանց այդ էլ դրանք չէին տեղավորվում կառավարության խոստացած հեղափոխական զարգացումների մեջ։

Մասնավորապես հաջորդ տարվա տնտեսական աճը Կենտրոնական բանկը գնահատել է 4,4-5,5 տոկոս։ Նախորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում ներկայացված կանխատեսման համեմատ կտրուկ նվազեցվել է հատկապես առավելագույն աճի հավանականությունը։ Ընդամենը երեք ամիս առաջ 2019թ. համար ԿԲ-ն ակնկալում էր ՀՆԱ ընդհուպ մինչեւ 6,4 տոկոս ավելացում։ Հաջորդ տարվա համար նվազագույն աճի ակնկալիքները վերանայվել են 0,2 տոկոսով։ ԿԲ-ն լավատես չէ նաեւ 2020թ. սպասումների առումով։ Ակնկալիքները նվազման ուղղությամբ վերանայելուց հետո 3,9-5,4 տոկոսի միջակայքում են։

Ի դեպ, առաջիկա տարիներին Հայաստանի տնտեսության թռիչքային զարգացումներին չեն հավատում նաեւ միջազգային ֆինանսական կազմակերպությունները, որոնք իրենց կանխատեսումներում չափավոր աճ են ակնկալում։ Այս պահին այլ գնահատականներ անշուշտ դժվար է տալ՝ հաշվի առնելով թե՛ առկա իրողությունները, թե՛ առաջիկա սպասումները։ Զարգացումները բարվոք չեն լինի հատկապես 2019թ. սկզբին։ Կանխատեսվում է, որ տարին կմեկնարկի տնտեսական անկումով, ինչի նախանշանները երեւում են արդեն այժմ։ Ընթացիկ տարվա սկզբի բարձր ակտիվությունից հետո տարեվերջին տնտեսական զարգացումները մեծապես պասիվացել են։ Որեւէ հույս չկա, որ առաջիկա ամիսներին վիճակը կարող է էական փոփոխության ենթարկվել։ Հայաստանի տնտեսության զարգացումները մեծապես կախված են ներդրումներից։ Սակայն այդ առումով սպասումները չեն արդարանում։ Ներդրումները ոչ միայն չեն ավելանում, այլեւ բազմապատիկ կրճատվել են։

Այս պայմաններում բնական է, որ տնտեսական աճի հետ կապված լուրջ հույսեր չկան։ Որքան էլ կառավարությունը փորձում է պահպանել լավատեսական տրամադրությունները, այնուհանդերձ ակնհայտ է, որ դրանից տնտեսական վիճակը երկրում չի փոխվում։ Դրա համար անհրաժեշտ են լուրջ եւ հետեւողական քայլեր, նոր տնտեսական ծրագրեր, գործարար ակտիվություն, որոնք, սակայն, նկատելի չեն։

Հ. ՍԱՀԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31