Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտանիքներին հանգիստ թողնենք

Դեկտեմբեր 01,2018 10:00

Քաղաքական եւ հատկապես նախընտրական պայքարում անձնական բնույթի «կոմպրոմատներ» օգտագործելը, բնականաբար, հայկական հասարակական մտքի know how չէ: Ամբողջ աշխարհում, որտեղ ընտրողների ձայները թեկուզ չնչին նշանակություն ունեն, քաղաքական գործընթացի մասնակիցները «փորփրում» են իրենց մրցակիցների անձնական կյանքը եւ վարկաբեկիչ նյութեր են պեղում՝ այս մեկի որդին թմրամոլ է, այս մեկի թոռը համակարգչով «պոռնո» է նայում, իսկ այն մեկի կինը որպես սպասուհի անօրինական միգրանտի է աշխատեցնում եւ վճարում է նրան «սեւ նալով»:

Ճիշտն ասած, այս «համաշխարհային առաջադեմ փորձն» իմ սրտով չէ, եւ, կարծում եմ, այնպես չէ, որ այն պարտադիր պետք է կիրառվի նաեւ Հայաստանում: Գիտեմ, թե ինչ է ասվում՝ ցանկացած «դեղին» հրապարակում արդարացնելու համար. «քանի որ այսինչը հրապարակային դեմք է, հասարակությունն իրավունք  ունի իմանալու» եւ այլն: Իհարկե, իրավունք ունի: Բայց անձամբ ինձ այդ մարդկանց անձնական, ընտանեկան կյանքը չի հետաքրքրում: Հասկանում եմ, որ այս հարցում նույնպես ես փոքրամասնության մեջ եմ:

Վերջերս հրապարակում եղավ վարչապետի աղջկա իբր «ճոխ» ծննդյան օրվա մասին: Քանի որ ես ճանաչում եմ Նիկոլ Փաշինյանին եւ նրա տիկնոջը, ինձ համար միանգամայն պարզ էր, որ այդ հրապարակման մեջ հայտնած տեղեկությունները ծայրից ծայր սուտ են: Ինչ-ինչ, բայց այս ուղղությամբ «մետամորֆոզները» նրանց չեն սպառնում: Իսկ վերջերս ինքը՝ վարչապետը, նախընտրական հանրահավաքներից մեկում պատմել է, թե ինչպես են բանակում ծառայել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդիները՝ ըստ այդմ, նրանք ոչ մի օր զորամասում չեն անցկացրել:

Քոչարյանի որդիներին ես չեմ ճանաչում եւ այդ պատճառով չեմ կարող ասել, թե որքանով է այդ տեղեկությունը ճիշտ՝ չնայած տղաներից մեկը դա հերքել է: Բայց մի բանում ես վստահ եմ.  դա նախընտրական քարոզի թեմա չէ՝ ոչ միայն այն պատճառով, որ երկրորդ նախագահն ընտրություններին չի մասնակցում: Ավելի կարեւոր է այն, որ դա այն խնդիրը չէ, որ պետք է ներկայացնի երկրի առաջին դեմքը՝ առաջիկա հինգ տարիների իր ծրագրերի մասին պատմելիս:

Քաղաքական իմաստով, իհարկե, էական է, թե ինչ վատ բաներ է արել Քոչարյանը իր նախագահության տարիներին եւ ինչպիսի, մեղմ ասած, անփառունակ ավարտ է այն ունեցել 2008 թվականի մարտի 1-ին: Իսկ ինչով են զբաղվել նրա ընտանիքի անդամները՝ ինձ համար դա էական չէ. պետական, քաղաքական գործչի եւ մարդու սահմանն ինձ համար հստակ է: Կրկին արձանագրեմ, որ մեծամասնությունն ինձ նման չի մտածում:

Ճիշտ եմ համարում, որ նշված երկու դեպքերում էլ հնչել են հերքումներ: Գուցե դա ինչ-որ չափով կանխի ժողովրդական առասպելների տարածումը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Ընդհանուր առմամբ համաձայն եմ, մասնավորապես Փաշինյանի կողմից Քոչարյանի որդիների՝ բանակում ծառայության ձևական բնույթի մասին, սակայն եթե հաշվի առնենք, թե կոռուպցիա արտահանող թիվ մեկ տերություն ՛՛անլվա՛՛ Ռուսաստանը ի՜նչ ճիգեր է գործադրում Քոչարյանին լեգիտիմացնելու համար՝ ստեղծելով հերթական արհեստածին՝ հիմա էլ ՛՛Լազարեվսկի՛՛ անունը կրող ակումբը, ապա պարզ կդառնա նաև Փաշինյանի տվյալ ընդգծումը։
    Եթե քարոզարշավը տեղ-տեղ շեղվում է իր սպասվելիք բնականոն ընթացքից, ապապ միայն այն պատճառով, որ ՀՀԿ-ն որոշեց շատ սառը ջրում լողանալ, ասելով․ ՛՛Ենթադրենք, թե ջուրը տաք է․․․՛՛ 🙂

    • Հ.Շ. says:

      ՀՀԿ-ն մնաց խաղին մէջ, որովհետեւ Փաշինյանը չուզեց զայն լիովին դուրս հանել խաղէն: Եւ ան այդպէս ըրաւ, ոչ թէ այդ մթին, մաքիավելական հաշիւներով որոնք կը սփռուին յատկապէս անհեթեթ դաւադրական տեսութիւններու մէջ, այլ՝ առողջ, խելացի ու խոհեմ պատճառներով, լաւ նպատակներով: Ի շահ երկրին:

      Սակայն ՀՀԿ-ի վիճակը նկատի ունենալով, ինչպէս նաեւ միւս կուսակցութիւններու ընտրական արդիւնքներու խղճալի հեռանկարը, ընտրարշաւի արդէն կարճ ժամանակամիջոցին մէջ, Փաշինյանը նուազ ճիգեր, խանդ ու ժամանակ պէտք է որ տրամադրէր, իր ամէն ուժովը յարձակելու համար ընտրութեան մասնակից միւս կուսակցութիւններուն վրայ, եւ շատ աւելի՝ բովանդակալից ու մանրակրկիտ կերպով ներկայացնելու համար իր ծրագիրները: Մինչեւ հիմա, միայն պոռաց ու կանչեց բեմերէն, իրեն համար աւելորդ խնդիրներ ստեղծեց: Թերեւս այդտեղի որոշ ժողովուրդ մը այդ է որ կ’ուզէ, կամ այդ լեզուն է որ կը հասկնայ միայն, սակայն պէտք է նկատի առնել նաեւ մնացեալ Հայութիւնը, ինչպէս նաեւ օտար դիտորդները, ու մանաւանդ բոլոր թէական ներդրողները:

      Քոչարյանի նկատմամբ հալածանքներէն՝ օգտակար ոչ մէկ բան ալ չի գար Հայաստանի համար: Զինք խորապէս ատողը չի կրնար ըմբռնել ասիկա, հասկնալի է, բայց պէտք է այստեղ եւս ջանալ բանականութեան ձայնը լսել: Սակայն այս նիւթով եւս պէտք չէ Փաշինյանը վերածել ծաղրանկարի… Այս պարագային նուազ անհեթեթ կը հնչէ այն վարկածը թէ բուն ու գործնական նպատակը՝ ճնշումի տակ, երկրորդ նախագահին հետ ալ Պետութեան «փողեր վերադարձնելու» deal մը ձեռք բերելն է, ինչպէս որ ըստ երեւոյթին որոշ – համեստ – յաջողութեամբ մը կատարուած է ուրիշներու պարագային, ըստ՝ «նուիրատւութիւններու» մասին այն յայտարարութիւններուն, զորս նոր վարչակարգը վերջին օրերուն բարձրաձայնեց: Սակայն այդ ուղիով ամէն դէպքում շատ հեռու չի կրնար երթալ երկիրը, մինչ Քոչարյանի եւ մի քանի ուրիշներու պարագայի, այդ մարտավարութեան արտադրած վնասները բազմաթիւ են ու բազմատեսակ, ներազգային եւ արտաքին մակարդակներու վրայ. այսինքն, մի խօսքով՝ չ’արժեր:

  2. Հ.Շ. says:

    Անձնական/ընտանեկան կեանքի վերաբերող, սովորական կամ ընթացիկ տեղեկութիւնները, որպէս այդ, անշուշտ թէ դուրս պէտք է մնան քաղաքական, հանրային ոլորտէն:

    Սակայն կան նաեւ այդ նոյն բնոյթի տեղեկութիւններ, որոնք տեղին (relevant) եւ իմաստալից կապ մը ունին քաղաքական գործիչին մը յայտնած քաղաքական կեցուածքներուն հետ, արտայայտած գաղափարներուն հետ, ինքն իրեն վերագրած քաղաքական-գաղափարական հիմնական դիրքորոշումներուն հետ:

    Այդ պարագային, երբ որ այդպիսի տեղեկութիւններ ըստ էութեան ճշգրիտ են եւ ըստ ձեւի ալ պատշաճ կերպով կը բացայայտուին, խնդրոյ առարկայ գործիչի կողմէ զանոնք, անձնական/ընտանեկան կեանքի պատրուակով բանավէճէն դուրս հանելու ջանքերն է որ կը դառնան անպատշաճ, քանզի այդ պարագային այդ գործիչն է որ շահագործում է իր ընտանիքը, փախչելու համար նիւթի արդարացի քննարկումէն, քաղաքական գետնի վրայ:

    Հետեւաբար, ամէն անձ ըստ այնմ թող որոշէ եթէ կ’ուզէ մտնել – եւ իր հետ ինքնաբերաբար իր ընտանիքն ալ մտցնել – քաղաքական գազանանոց, կամ ոչ:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31